Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփի թիմն ու ղարաբաղյան հարցը

Հուլիս 12,2019 12:00

Պաշտոնական Բաքուն արձանագրում է, որ պահպանվում են բավական լուրջ տարաձայնություններ

Անցյալ ամիս Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կայացավ շփման գծում լարվածության որոշակի աճի ֆոնին: Խոսվում էր այն մասին, թե Վաշինգտոնում պետքարտուղար Մայքլ Փոմփեոն իր անձնական ջանքերն է գործադրելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում «ճեղքում» գրանցելու համար:

Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո կայացավ Վաշինգտոնում 20-ին։ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հստակեցրել են իրենց դիրքորոշումները եւ ակնկալիքները՝ կապված հումանիտար եւ անվտանգության միջոցառումների հետ, որոնք առաջարկել էին ղարաբաղյան միջնորդները տարածաշրջան կատարած իրենց վերջին այցելության ժամանակ։ ԵԱՀԿ ՄԽ-ն վաշինգտոնյան հանդիպումից հետո տարածած հաղորդագրությունում նշեց, որ միջնորդները կողմերին կոչ են արել վերականգնել խաղաղությանը նպաստող մթնոլորտը։ «Ցավով նկատելով, որ վերջերս զոհեր են եղել, համանախագահները կոչ են արել կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել խաղաղությանը նպաստող եւ առարկայական բանակցություններ անցկացնելու մթնոլորտը վերականգնելու ուղղությամբ։ Նրանք կողմերին կոչ են արել վերահաստատել իրենց հանձնառությունը՝ խստորեն պահպանել հրադադարը եւ զերծ մնալ ցանկացած սադրիչ գործողությունից՝ այդ թվում դիպուկահարներից եւ շփման գծում, եւ միջազգային սահմանին տարվող ինժեներական աշխատանքներից»,- ասվում էր համանախագահների համատեղ հայտարարությունում։
ԱԳ նախարարները նաեւ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին են ծանոթացրել հակամարտության կարգավորման բանակցություններին եւ տեղում իրավիճակին։ «Այս քննարկումների ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել տեղում տիրող իրավիճակի եւ հակամարտության կարգավորման հիմնական խնդիրների շուրջ»,- նշված էր հայտարարությունում։ Համանախագահների հետ իրենց զրույցներում ԱԳ նախարարները ընդունել են գործող ուղիղ հաղորդակցության հնարավորությունները ամբողջ ծավալով օգտագործելու կարեւորությունը, որպեսզի լարվածության ռիսկի դեպքում արագ արձագանքեն։ Արտգործնախարարները համաձայնել են մոտ ապագայում կրկին հանդիպել՝ համանախագահների հովանու ներքո։

Ավելի վաղ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները առանձին հանդիպումներ էին ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։ Հիշեցնենք, որ ամերիկացի պաշտոնյան այս հանդիպումներից առաջ «Թվիթերում» գրել էր, թե ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը եւ Մամեդյարովի ու Մնացականյանի հետ հանդիպելու նպատակը նրանց միջեւ շարունակական երկխոսությանը նպաստելն է։

Վաշինգտոնյան հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը արձանագրեց, թե երկու կողմերի միջեւ պահպանվում են բավականին լուրջ տարաձայնություններ։ Նրա խոսքով՝ բանակցային սեղանին նույն առաջարկություններն են։

«15 տարի շարունակ մենք տեսնում ենք նույն գաղափարները, խաղաղության նույն պլանը», – ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։ Մամեդյարովի խոսքով՝ կայացել են բավականին խորը բանակցություններ եւ բանակցություններն ավելի բովանդակային դարձնելու համար համանախագահները հավելյալ փաստաթղթեր են ներկայացրել։ «Տարաձայնությունները դետալներում են», – հավելել է Մամեդյարովը՝ միեւնույն ժամանակ նկատելով՝ ամենակարեւորը հենց այդ դետալներն են։ Նա հավելել է, թե անհրաժեշտ է դրսեւորել էլ ավելի մեծ քաղաքական կամք։

Ակնկալել, որ վաշինգտոնյան այցից հետո կողմերը ինչ-որ տեղաշարժերի մասին կարձանագրեին, միամտություն կլիներ։ Հետաքրքրականն այն է, որ պաշտոնական Բաքուն արդեն յուրաքանչյուր առիթ, կարծես, բաց չի թողնում արձանագրելու, որ բանակցային գործընթացը մոտ է փակուղայինին։

Ըստ երեւույթին, համանախագահների կողմից հավելյալ փաստաթղթեր ներկայացնելու մասին ակնարկելով, պաշտոնական Բաքուն ցույց է տալիս, որ դրանցում պաշտոնական Բաքվի համար ընդունելի «նոր դետալներ» կան:

Արդյոք Միացյալ Նահանգները վաշինգտոնյան բանակցություններ կազմակերպելով ազդակ ուղարկեց կողմերին, որ լրջորեն է մոտենում առաջիկայում ղարաբաղյան բանակցություններին։ Թերեւս, այո։ Հայաստանում անցյալ տարի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ԵԱՀԿ Մինսկի խումբը հնարավորինս ձգտում է կառավարել բանակցային գործընթացը, իրավիճակը վերահսկելի պահելով։ Որքան դա նրանց կհաջողվի, ոչ ոք չի կարող պնդել, բայց որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններից յուրաքանչյուրը ձգտելու է նպաստել բանակցային գործընթացի շարունակականությանը՝ կասկածել չարժե։

Վաշինգտոնյան բանակցություններից հետո BBC-ի ռուսական ծառայությունն անդրադարձել էր Մնացականյան-Մամեդյարով բանակցություններին։ Ծավալուն հոդվածում, ըստ «Ազատության»՝ նախ արձանագրվել էր, որ շուրջ երեք ժամ տեւած բանակցություններն արդյունքներ չեն տվել։ Անդրադարձ է եղել նաեւ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ թե՛ առանձին հանդիպումներին Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ, թե՛ անցյալ տարվա այցին Հարավային Կովկաս։

Քարնեգի կենտրոնի գիտաշխատող Փոլ Ստրոնսկիի կարծիքով՝ Բոլթոնը կենտրոնացած է Իրանի վրա։ Նրա համոզմամբ, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերով խորհրդականն Իրանի հարցն է քննարկելու, մասնավորապես այդ երկրների տնտեսական կապերն Իրանի հետ։ «Այս հացի շուրջ ավելի կոշտ կլինի քննարկումը Հայաստանի հետ», – ասել է Ստրոնսկին՝ հավելելով, թե բացի այդ, Միացյալ Նահանգների նախագահը Ռուսաստանի հետ համագործակցելու ճանապարհներ է փնտրում։ «Լեռնային Ղարաբաղն այն հարցն է, որի շուրջ Վաշինգտոնն ու Մոսկվան ավանդաբար արդյունավետ համագործակցում էին։ Թրամփն ուզում է մի լավ բան անել միջազգային ասպարեզում։ Ես ուրախ եմ, որ Թրամփի թիմը սկսել է լուրջ զբաղվել ղարաբաղյան հարցով։ Այս խնդրի շուրջ շատ չեն խոսում, բայց այն կարող է շոշափելի արդյունքներ տալ», – ասել է Քարնեգի կենտրոնի գիտաշխատողը։

Հատկանշական է, որ վաշինգտոնյան բանակցություններից հետո պաշտոնական Երեւանը Ստեփանակերտի գործոնը կարեւորելու հարցում հատուկ ընդգծված քայլ իրականացրեց։ Անցյալ շաբաթ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով Արցախ մեկնեց, որտեղ իշխանությունների հետ հանդիպումներից հետո ներկայացվեցին հայկական կողմերի դիրքորոշումները։

Ամփոփումը՝ վաղվա համարում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031