Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ուժգին փոթորիկը Հունաստանում յոթ հոգու կյանք է խլել, հսկայական ավերածություններ գործել

Հուլիս 11,2019 22:59

Երեկ, չորեքշաբթի՝ հուլիսի 10-ին, երեկոյան 22:25-ի մոտ շատ անսպասելիորեն ուժգին փոթորիկ սկսվեց Հունաստանի Հալկիդիկի թերակղզում:

Զբոսաշրջիկներից մեկը նկարել է 3 րոպե տեւողությամբ կայծակն ու որոտը

Տառացիորեն 15-20 րոպե տեւած որոտի, կայծակի, անասելի ուժեղ քամու եւ հեղեղի նմանվող անձրեւի արդյունքում Հալկիդիկիի երկու՝ Կասանդրա եւ Սիթոնիա թերակղզիներում ահագին ավերածություններ են եղել, սակայն ամենասարսափելին յոթ զոհերի առկայությունն է: Եվս 100 մարդ վիրավորվել է, 20-ից ավելին հիվանդանոցներում են:

Նկարում երեւում է, թե որտեղ է փոթորիկն իր գործը տեսել

Զոհերը Կասանդրա թերակղզում են եղել, որտեղ փոթորիկն անհամեմատ ավելի մեծ վնասներ է տվել, քան Սիթոնիայում: Յոթ զոհերից 6-ը զբոսաշրջիկներ են եղել՝ ամուսնական զույգ Չեխիայից, մայր ու դուստր՝ Ռումինիայից, հայր ու որդի՝ Ռուսաստանից: Չեխերը զոհվել են, քանի որ նրանց անիվների վրա գտնվող տնակը քամին քշել է եւ կոտրել, ռումինացիների վրա է ընկել ռեստորանի տանիքը, իսկ ռուսների վրա ծառ է շրջվել: Զոհվել է նաեւ հույն ձկնորս:

Զոհված չեխ տուրիստների անվավոր տնակը՝ ավիրվածությունից հետո: Լուսանկարը՝ BBC-ի:

Տանտերը, ում բնակարանը վարձակալում ենք Սիթոնիա թերակղզում, ասաց, որ այստեղ իր բնակվելու 25 տարիների ընթացքում երբեք նման փոթորիկ չի տեսել: Ուղիղ 23 ժամ ողջ Հալկիդիկին զրկված էր հոսանքից, իսկ քանի որ ջուրը հիմնականում պոմպով է մղվում, մեծ մասամբ նաեւ՝ ջրից:

Քամին այնքան ուժեղ էր, որ մեր պատշգամբում դրված փայտե սեղան-աթոռները, մեծ հովանոցները եւ լվացքի չորանոցը քշել էր եւ շուռ տվել: Երկու րոպեի ընթացքում մինչ պատշգամբից ներս կբերեի որոշ իրեր, մեր սենյակի հատակն ամբողջությամբ ջրով լցվեց, հավաքեցինք ուղիղ 2 դույլ ջուր:

Եթե նախորդ օրերին ջերմաստիճանը 37 աստիճան էր հասնում, այսօր առավոտյան այնքան ցուրտ էր, որ մարդիկ ժակետներով, գուլպաներով եւ տաք կոշիկներով էին ման գալիս:

Առավոտյան, երբ դուրս եկանք, ծովափին նկատելի էին ավերածությունների հետեւանքները՝ կոտրված ծառեր, քշված պառկելաթոռներ եւ աթոռներ, մեքենաների եւ խանութիկների կոտրված ապակիներ… Ցավոք, չկարողացա շատ լուսանկարներ անել, քանի որ հեռախոսիս լիցքավորումը թույլ չտվեց:

Մինչեւ ժամը 10-ը մոտակա խանութում վերջացավ խմելու ջրի ողջ պաշարը, մարդիկ ջուր էին կրում ոչ միայն խմելու, այլեւ մյուս բոլոր կարիքների համար: Սակայն ժամը 13-ից հետո իրավիճակը քիչ թե շատ նորմալացավ, իսկ 17-ի կողմերը, չնայած այն բանին, որ ոչ միայն լույս, ջուր եւ ո՜վ սարսափ՝ ինտերնետ չկար, այլեւ բջջային կապն էր շատ վատ գործում, մարդիկ արդեն լծվել էին իրենց առօրյային՝ լողում էին ծովում, խաղում ծովափին, ռեստորանները բացվել էին, բայց մատուցում էին միայն կրակի վրա պատրաստվող ուտելիքներ:

Նկատենք, որ գրեթե բոլոր հյուրանոցներն ու ռեստորաններն ունեին իրենց սեփական գեներատորները, որոնք բավականացնում էին գոնե ջրի պոմպերը միացնելուն:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հունաստան, Հալկիդիկի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031