ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը «կողմ» է քվեարկել ԵԱՀԿ ԽՎ Հռչակագրին:
Aravot.am-ի հետ զրույցում ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանը տեղեկացրեց. «Հայաստանի պատվիրակությունն ունի երեք քվե և երեքով էլ կողմ է քվեարկել»։
Մեր այն հիշեցմանը՝ իրենց ընդդիմախոսները, մասնավորապես Արմեն Աշոտյանը պնդում է, որ այդ Հռչակագրում կա «զարհուրելի ձևակերպում», Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նույնացվում է հետխորհրդային տարածքի այլ հակամարտությունների հետ և հարցին՝ համամի՞տ եք այդ պնդումների հետ ու արդյոք այս պարագայում կողմ քվեարկելով մտավախություն չունե՞ք, որ մեր պատվիրակությունը կդառնա խոցելի, Մարիա Կարապետյանը պատասխանեց. «Պատվիրակությունը կողմ է քվեարկել Լյուքսեմբուրգի Հռչակագրին հենց այն պատճառով, որ հասել է իր առջև դրված նպատակներին.
ա) Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ներկայացված է առանձին՝ երկու նոր պարբերությամբ՝ մյուս հակամարտություններից զատ։
Կարդացեք նաև
Բ) այս երկու պարբերությունն էլ հղում են կատարում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությանը, որը շատ կարևոր է խաղաղ գործընթացին աջակցության համար։ Նախկինում տեքստի մեջ նման հղում չկար։
Գ) երկու պարբերությունն էլ ճիշտ են տալիս հակամարտության անվանումը, այն է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտություն։ Սկզբնական տարբերակի մեջ անվանումը խեղված էր։
Դ) պարբերություններից մեկը վկայակոչում է անցած ամիսների հարաբերականորեն հանդարտ մթնոլորտը, իսկ մյուսը տեքստի մեջ է մտցրել հակամարտության սկզբունքներից ժողովուրդների ինքնորոշումը և ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառումը։ Բացի այս ամենից Լյուքսեբուրգի Հռչակագրի մեկ այլ բաժին կոչ է անում տարբեր երկրների խորհրդարաններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:
Մեր այն հստակեցմանը՝ քննադատվում է Հռչակագրի 22-րդ կետը, որում հակամարտությունները մեկ հարթության վրա են դնում և որտեղ կոչ է արվում հակամարտության կողմերին բանակցել երկարաժամկետ խաղաղության համար՝ հարգելով Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, այս կապակցությամբ Մարիա Կարապետյանն առաջարկեց համեմատական անցկացնել տեքստերի միջև, որոնք կարելի է գտնել այս հղումով:
Նա մասնավորապես հիշեցրեց 2017 թվականի Մինսկի Հռչակագիրը և մի քանի այլ Հռչակագրեր, որոնք ընդունվել են, երբ ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀԿ-ական Արտաշես Գեղամյանը և մանրամասնեց. «2017 տարվա Մինսկի Հռչակագրում հղում է կատարվում «Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքներին» մյուս հակամարտությունների հետ նույն պարբերության մեջ։ 2015 թ. Հելսինկիի Հռչակագրում գրված է «Վրաստանում (Հարավային Օսեթիա և Աբխազիա), Մոլդովայի Հանրապետություն (Մերձդնեստր) և Ադրբեջանում (Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ) հակամատրությունների» մասին կրկին նույն պարբերության մեջ: 2013 թ. Ստամբուլի Հռչակագրում հղում է կատարվում «Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությանը»։ Այս տարի նման ձևակերպումները դուրս մղվեցին Հռչակագրից։ Եվ առհասարակ առնվազն վերջին տասը տարում առաջին անգամ այս տարվա Լյուքսեմբուրգյան Հռչակագրում է, որ հենց Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար հղում է կատարվում ժողովուրդների ինքնորոշման իրավունքին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ Մարիա Կարապետյանի ֆեյսբուքյան էջից: