Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Ֆարմանյան․ «Առավել քան վստահ եմ, որ դատարանը կբավարարի իմ հայցը». (Տեսանյութ)

Հուլիս 11,2019 21:12

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հովհաննես Ղազարյանի նախագահությամբ, նորից լսվում է Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի՝ աշխատանքում վերականգնվելու ու հարկադիր պարապուրդի դիմաց վճարվելու պահանջը։ Հիշեցնենք, որ նա զբաղեցնում էր գիտական քաղաքականության և արտաքին համագործակցության կառավարման կենտրոնի տնօրեն–պրոռեկտորի պաշտոնը, նրան 04․05․2018 թվականի հրամանով պաշտոնազրկեց նախկին ռեկտոր, Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավար Սահակ Մինասյանը՝ պատճառաբանելով կառուցվածքային փոփոխությունները։

Անահիտ Ֆարմանյանը Սահակ Մինասյանի որոշումն անվավեր ճանաչելու, իր իրավունքները վերականգնելու պահանջով, բնականաբար, դիմել էր դատարան․ գործը մեկ անգամ ևս քննվել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, հասել էր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, որն էլ այն ամբողջ ծավալով նորից քննության է ուղարկել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան։

Անահիտ Ֆարմանյանը դատարանում մեկ անգամ ևս հայտարարեց, որ իրեն պաշտոնազրկելն անձնական վրեժխնդրություն էր Սահակ Մինասյանի կողմից, և որ իրենից բացի, բուհի վարչական մասում չկա որևէ այլ աշխատակից, որն ազատված լինի աշխատանքից։

Նա նշեց նաև, որ թեև իր զբաղեցրած հաստիքի անվանումը փոխվել է, սակայն այն առկա է ներկա պահին և այն գործառույթները, որոնք ժամանակին կատարել է ինքը՝ լինելով գիտական քաղաքականության և արտաքին համագործակցության կառավարման կենտրոնի տնօրեն -պրոռեկտոր, նույնությամբ պահպանված է բուհի ներկայիս արտաքին համագործակցության ու հասարակայնության հետ կապերի կենտրոնի տնօրենի հաստիքում։

Պատասխանող կողմի փաստաբան Սուսաննա Մխիթարյանը ներկայացրեց իր դիրքորոշումը՝ դատարանին խնդրելով մերժել Անահիտ Ֆարմանյանի հայցն՝ անհիմն լինելու հիմքով։ Փաստաբանը նշեց, որ գիտական քաղաքականության և արտաքին համագործակցության կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտորի հաստիքը վերացվել է հենց կառուցվածքային փոփոխությունների արդյունքում։ Գործող կառուցվածքային փոփոխության մեջ բացակայում է այդ հաստիքը, ինչը նշանակում է հաստիքը կրճատվել է։ Ըստ Սուսաննա Մխիթարյանի, բովանդակային նշանակությամբ ևս չկա այդ հաստիքն այլևս։ Նա նշեց, որ կառուցվածքային փոփոխությունները չեն կարող լինել շինծու, ինչպես որ համարում է հայցվոր Ֆարմանյանը, քանի որ դրանք նախատեսված են եղել դեռևս 2016 թվականին , երբ բուհի ռեկտորը Վարդևան Գրիգորյանն էր։

Սուսաննա Մխիթարյանն իր դիրքորոշումը հայտնելիս՝ մասնավորապես ասաց․ «Հայցվորի նախին հաստիքի որոշ գործունեություն գործառույթների փոփոխությամբ մասնակի ներառվել է նոր հաստիքներում, բայց դա չի նշանակում հաստիքի պահպանում, չի կարող հաստիքը նույնը համարվել, եթե նոր հաստիքներում առկա է աշխատանքային պայմանների էական փոփոխություններ։ Դատարանին ներկայացնեմ շրջանառվող չորս հաստիքների վերաբերյալ տեղեկանք, ինչպես նաև աշխատանքի ընդունման հրամանների պատճենները, որից ակնհայտ է, որ աշխատանքի գործառույթներն ու պայմաններն այլ են՝ հայցվորի նախկին հաստիքի հետ համեմատությամբ։

Այսպես, ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի հաստիքն ակնհայտորեն ո՛չ անվամբ, ոչ գործառույթով չի համապատասխանում հայցվորի նախկին հաստիքին, հայցվորն այդ գործառույթով չի զբաղվել։ Չնայած պրոռեկտորի հաստիք է՝ 500 հազար դրամ աշխատավարձով, ընդհանրապես իր աշխատանքի հետ կապ չի ունեցել։ Ինչքան հասկացա, հայցվորը նույնպես հայտնել է՝ սա չէ, որ իր նախկին աշխատատեղն է համարվում։

Երկրորդ՝ գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրենի հաստիքով գործառույթը գիտական քաղաքականության մասով մասնակի ներառում է հայցվորի նախկին գործառույթը՝ ժամանակի գիտական փոփոխություններով՝ պայմանավորված աշխատանքային ծավալի և գործառույթի փոփոխությամբ։ Այս պաշտոնում հայցվորի զբաղեցրած նախկին պաշտոնից աշխատանքի էական պայմանների տարբերություն կա։ Որակի ապահովման և կառավարման մասով հայցվորը գործառույթ չի իրականացրել իր նախկին աշխատանքում։ Հայցվորն ունեցել է պրոռեկտորի պաշտոն իր նախկին աշխատանքում, ներկա գիտական քաղաքականության և որակի ապահովման և կառավարման կենտրոնը պրոռեկտորի պաշտոն չունի, հարգելի դատարան։ Հայցվորի աշխատավարձի չափը նախկին աշխատանքում եղել է 500 հազար, ներկա գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոնի տնօրենի աշխատավարձի չափը կազմում է 350 հազար դրամ։ Կարծում եմ այս էական տարբերությունը բավարար է փաստարկված համարելու, որ սա չի կարող հանդիսանալ այն աշխատատեղը, հաստիքը, որը համապատասխանում է հայցվորի նախկին աշխատանքին։

Մյուսը՝ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի տնօրենի հաստիքով գործառույթը, որին քիչ առաջ որպես իր հաստիքին համապատասխանող հայտարարեց հայցվորը, արտաքին համագործակցության մասով մասնակի ներառում է հայցվորի նախկին գործառույթը»։

Սակայն, ըստ փաստաբանի, այս պաշտոնում ևս աշխատանքի պայմանների էական տարբերություն է առկա, որը թույլ չի տալիս ասելու, թե նույն աշխատանքն է, հայցվորի նախկին աշխատատեղն է։ Ըստ փաստաբանի, հայցվորը, հասարակայնության հետ կապերի մասով, գործառույթ չի իրականացրել, այն աշխատակազմի ղեկավար-պրոռեկտորի գործառույթների մեջ է մտել։ Սուսաննա Մխիթարյանի ասելով, որքան էլ հայցվորը հայտարարի, որ ինքն է զբաղվել հասարակայնության հետ կապերի գործառույթով, հիմնավոր չէ։

Փաստաբանը նշեց նաև, որ կառուցվածքային փոփոխություններով ստեղծված հաստիքները չեն համապատասխանում հայցվորի մասնագիտական պատրաստվածությանն ու որակավորմանը։ Նրա այս խոսքերը հարկադրեցին տիկին Ֆարմանյանին դատարանում հիշեցնելու իր անցած ուղին, կատարած աշխատանքները։

Անահիտ Ֆարմանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց․ « Բուհի յուրաքանչյուր աշխատակից գիտակցում է, որ սա 2-3 օրվա ընթացքում կատարված կառուցվածքային փոփոխություն է եղել՝ խախտելով բուհի կանոնադրության բազմաթիվ կետեր և իբր հաստատվել է նոր կառուցվածքը»։

Նա մեկ անգամ ևս պնդեց, որ այն գործառույթները, որոնք ինքն իրականացրել է՝ զբաղեցնելով բուհի գիտական քաղաքականության և արտաքին համագործակցության կառավարման կենտրոնի տնօրեն –պրոռեկտորի պաշտոնը, ամբողջությամբ պահպանված են։

«Շատ լավ գիտենք, որ այսօր էլ բուհում իրականացվում են գործառույթներ, որոնք նախկինում ես ինքս եմ իրականացրել, նույն աշխատակիցներն են, նույն գործառույթները, որևիցե մի կետի ավելացում անգամ գոյություն չունի։ Սա մի կողմից, իսկ մյուս կողմից, եթե մենք դիտարկենք այն խնդիրը, որ նորից դատարանում վիճարկվեց՝ արդյո՞ք իմ կարողություն-հմտություններին համապատասխան այլ պաշտոններ կան, թե՞ ոչ,ասեմ՝ եթե ինքս այսօր համապատասխանում եմ անգամ ռեկտորի պաշտոն զբաղեցնելու չափանիշներին,կասկածի տակ դնել, թե այդ կենտրոններում բացի տնօրեններից, ես կարո՞ղ էի այլ հաստիք զբաղեցնել՝ առաջատար կամ գլխավոր մասնագետի, իրավաչափ չէ»,- ասաց Անահիտ Ֆարմանյանը։

Նա ասաց, որ 2011-2016 թվականներին բուհի գիտխորհուրդը որակի ապահովման, հավատարմագրման գործառույթը, պատասխանատվությունը դրել է իր ուսերին, ինքը պատվով կատարել է՝ գիտխորհրդի որոշմամբ պարգևատրվելով երախտագիտության մեդալով։

Անահիտ Ֆարմանյանը նաև ասաց, որ բուհն ունեցել է 3 պրոռեկտոր, սակայն ռեկտորի բացակայության ժամանակ պատասխանատվությունը դրվել է իր ուսերին, այդպես է եղել թե՛ Վարդևան Գրիգորյանի, և թե՛ Սահակ Մինասյանի օրոք։ Եվ այդքանից հետո կասկածի տակ դնել, որ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում բուհում ստեղծված կենտրոններում ցածրակարգ պաշտոն անգամ չի կարող զբաղեցնել, իրականությանը մոտ չէ։

Անահիտ Ֆարմանյանն ավելի քան վստահ է, որ դատարանը կբավարարի իր հայցը։ Նրա շահերը պաշտպանող «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակի փաստաբան Տիգրան Ղազարյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը հստակ ընդգծել է, թե նոր քննության ժամանակ ինչի հանգամանքների պետք է ուշադրություն դարձնի ընդհանուր իրավասության դատարանը, մասնավորապես այն, որ պարզապես անուններով չպիտի առաջնորդվի, այլ բովանդակային, գործառութային առումով քննարկման առարկա պիտի դարձնի յուրաքանչյուր հաստիք։

«Այսօրվա դատական նիստին ևս մեր կողմից բարձրացվել է այդ հարցը, որպեսզի ներկայացվի համապատասխան պաշտոնների անձնագրերը, հաստիքների անձնագրերը, ինչպես նաև կանոնադրությունը համապատասխան, որով կհաստատվի, թե ինչ գործառույթներ ունի այս կամ այն հաստիքը զբաղեցնող անձը, ինչ պահանջներ ներկայացնի նրանց, սակայն այսօրվա դրությամբ որևէ պաշտոնի անձնագիր չի ներկայացվել»,- ասաց փաստաբանը։

Դատական հաջորդ նիստը օգոստոսի 6-ին է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031