Լրահոս
Օրվա լրահոսը

«Տաշիր» ընկերության շնորհիվ ՀԱՊՀ-ի 7 լավագույն շրջանավարտ բուհ-ն ավարտելուն պես աշխատանքի անցան ՀԷՑ-ում

Հուլիս 11,2019 20:20

Երեկ՝ հուլիսի 10-ին, Հայաստանի ազգային-պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) լավագույն յոթ շրջանավարտներ, հանդիսավոր պայմաններում, տեղեկացան, որ այս տարվա հուլիսի 15-ից աշխատանքի են անցնելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում՝ որպես ճարտարագետ: Միջոցառմանը ներկա էին ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը, «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Կարեն Դարբինյանը, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը եւ այլք։

Բուհի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի խոսքով. «Տաշիր» ընկերությունների կողմից ստեղծված կենտրոնները կարող են ոչ միայն գիտության եւ տեխնոլոգիաների մեծ առաջխաղացում ապահովել, այլեւ հիմքեր ստեղծել գիտա-տեխնիկական արդյունաբերական արտադրության համար. «Ուրախալի է նաեւ, որ մեր ուսանողները, որոնք նաեւ վերապատրաստվել են կենտրոններում, հնարավորություն են ստացել աշխատանքի անցնել մեր երկրի ամենամեծ ու ամենաարդյունավետ կազմակերպություններից մեկում»:

Բուհի ռեկտորի խոսքով, ծրագրի շրջանակում 2017 թ.-ից «Տաշիր» բարեգործական ընկերությունը կրթաթոշակներ է տրամադրում Էներգետիկայի եւ էլեկտրատեխնիկայի եւ մեխանիկամեքենաշինական, տրանսպորտային համակարգերի եւ դիզայնի ինստիտուտի լավագույն առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին՝ յուրաքանչյուրին տարեկան մինչեւ 6000 դոլարին համարժեք դրամի չափով:

Նշենք, որ մինչ օրս կրթաթոշակ է ստացել 136 ուսանող։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր տնօրեն Կարեն Հարությանը ողջունեց բուհի լավագույն շրջանավարտների մուտքը ՀԷՑ-ի կոլեկտիվ: Պարոն Հարությունյանը, կարեւորում է բուհ-աշխատաշուկա կապը,որն ընդհատվել է խորհրդային տարիներից հետո. «Երբ ես 1991 թ.-ին ավարտեցի բուհ-ը, առաջին տարին էր, երբ շրջանավարտներին որեւէ աշխատանք չառաջարկվեց: Այդ ավանդույթը դադարեց, թե՜ լավ սովորող թե՜ վատ սովորող ուսանողները կյանք մտան առանց աշխատանքի առաջարկի: Ես շատ ուրախ եմ, որ այսօր այդ գեղեցիկ ավանդույթը վերականգնվել է, եւ մեր լավագույն ուսանողներն ընդունվում են աշխատանքի»:

Բուհ-ի տեխնիկական վերազինման՝ մասնագիտական լսարանների, գերազանցության կենտրոնների, լաբորատորիաների հիմնման, կահավորման, կապիտալ վերանորոգման եւ այլ ներդրումների համար բուհ-ի խորհրդի որոշմամբ ոսկե հուշամեդալով պարգեւատրվեց «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Կարեն Դարբինյանը:

Վերը նշված լաբորատորիաների ստեղծման արդյունքում տասնյակ ուսանողներ ու երիտասարդ գիտնականներ այսօր հնարավորություն ունեն հմտություններ զարգացնել ու ծանոթանալ էներգետիկայի ու ավտոմատացման ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաներին։ Բարձր տեխնոլոգիական ժամանակակից սարքավորումներով հագեցած կենտրոնները նախատեսված են ոչ միայն ապագա մասնագետների, այլ նաեւ ոլորտի արդեն կայացած աշխատակիցների համար:

Պարոն Դարբինյանի խոսքով, ՀԷՑ-ում աշխատող մասնագետների միջին տարիքը 50 տարեկանից բարձր է, ուստի ուսանողներին շահագրգռելու եւ իրենց ընկերությունում աշխատանքի ընդունելու նպատակներից մեկն էլ սերնդափոխություն ապահովելն է:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն, ՀԱՊՀ-ի խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանի խոսքով, այսօր պատմական պահ է՝ ոչ միայն Ճարտարագիտական համալսարանի, Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության ու գիտակրթական հանրության համար,այլեւ, մեր երկրի զարգացման առումով. «Եթե մենք ուզում ենք կառուցել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության երկիր, ապա, բուհ եւ մասնավոր հատվածի համագործակցությունից կարեւոր բան գոյություն չունի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարեն Միքայելյանը յոթ շրջանավարտներից մեկն է, որը բուհ-ն ավարտելուն պես աշխատանքի է անցել ՀԷՑ-ում: Նա ավարտել է ՀԱՊՀ-ի Էլեկտրաէներգետիկայի ֆակուլտետը: Կարեն Միքայելյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց բուհ-ի ղեկավարությանը, «Տաշիր» բարեգործական ընկերությանը՝ ուսանողներին ոգեշնչելու համար եւ մաղթեց, որ գործատու-համալսարան համագործակցությունը միշտ լինի առաջնային:

Մանրամասները՝ շուտով:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031