«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի զրույցն Aravot.am-ի հետ շատ անկեղծ էր: Երազանքից իրականություն «քամած» մեր զրուցակիցը նշեց, որ դեպի հաջողություն տանող ճանապարհի սկզբում խորդուբորդեր են եղել, սակայն ինքը չի ընկրկել: Աշխատել է բավականին երիտասարդ տարիքից: Մանկության շրջանն էլ բաժանում է 2 մասի՝ արեւոտ եւ մռայլ: Առաջին հատվածը գունեղ է՝ բակային խաղեր՝ ֆուտբոլ, հալամոլա, հոլ, երկրորդ մասում՝ իր խոսքերով՝ սեւ ու սպիտակ, մութ ու ցուրտ տարիներ, հացի հերթեր, վառելիք հայթայթում եւ աշխատանք, որով փորձել է օգնել ընտանիքին: Առաջին աշխատած գումարն էլ տուն է տարել, թեեւ ծնողները դժվարությամբ են ընդունել այն:
Դավիթ Երեմյանը հատիկ առ հատիկ հիշում է ծնողներից լսած բոլոր խորհուրդները, ասում է՝ դրանց մի մասն իր հաջողությունների, կառավարչական գործի հիմքում է «ներդրված»: Այժմ էլ թիմն իրեն անգնահատելի նվեր է մատուցել, որ տեղադրված է աշխատասենյակում՝ տարիների ընթացքում աշխատանքի մեջ իր օգտագործած ասույթ- ձեւակերպումներն են ու մայրիկի խորհուրդներից մեկը:
«Պիտանի լինել հասարակությանը, սիրել հայրենիքը, լինել լավ մարդ՝ այդ սերն է բերել ինձ այդ հաջողության: Այն միտքը, որ դրել եմ այս գործի մեջ, եղել է սեր դեպի Երեւանը, առաջին բրենդը, որ ստեղծել ենք 2006-ին, դա «Պանդոկ Երեւանն» էր: Այդ շրջանում ոմանք մի տեսակ վատաբանում էին Երեւանը, ասում էին, որ իբր այս քաղաքում գործ անել չի լինում: Դա վիրավորում էր ինձ, իմ մեջ կոնֆլիկտ էր առաջացնում, մտածում էի՝ գուցե մարդիկ չայցելեն իմ ստեղծած ռեստորանը, բայց սերը քաղաքի նկատմամբ մղեց, որ այդ քայլին դիմեմ: Ըստ էության իմ հաջողության գրավականը իմ՝ քաղաքի սերն է: Ու քաղաքն է ինձ ուժ տվել: Ես երազեցի ունենալ հնչեղ անուն իմ սիրելի քաղաքում, ու երազանքը գործ դարձավ»,-պատմում է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրենը:
Կարդացեք նաև
Հարցրինք՝ «Երեմյան Փրոջեքթսի» հաստատություններից որեւէ մեկի ճաշացանկում կա՞ այնպիսի բաղադրատոմս, որ մայրիկից կամ տատիկից է փոխանցվել: «Շատ կա»,-ասաց Դավիթ Երեմյանը: Ու մանրամասնեց. «Շատ են խոսում, որ իբր հայկական խոհանոց չկա, այն աղքատիկ է: Նման խոսակցություններն ինձ համար անձնական վիրավորանքի նամակն են՝ ուղղված մեր անցյալին, տատիկ-պապիկների հասցեին: Ես հիշում եմ, որ մեր տանը միշտ բազմազան ու հետաքրքիր ուտեստներ են պատրաստվել. տատիկիս, մայրիկիս, հորս շնորհիվ ուտեստների հակադրություններ եմ տեսել: Հայրս արցախցի է, մայրս՝ սասունցի, ամեն մեկն իր տարածքային ուտեստներն են շեշտադրում…Այնպես որ, ինձ համար ընկալելի չէ, երբ մարդիկ ասում են հայկական խոհանոց չկա, եղածն էլ վիճարկելի է»:
Հարցրինք՝ ինչի՞ց կարող է ոգեւորվել եւ ինչի՞ց հիասթափվել:
«Ոգեւորվել ու ոգեւորում եմ իմ կատարած աշխատանքից, որը գնահատվում է, որի արդյունքները տեսնում եմ: Ինչ վերաբերում է հիասթափությանը, առանձնապես հիասթափվող մարդ չեմ, քանի որ միշտ փորձել եմ պայքարել, հաղթահարել դժվարությունները: Երբեմն, իհարկե, կարելի է հիասթափվել ստից, մարդկանցից, որոնք չեն գնահատում մեր երկիրը»,-ասում է մեր զրուցակիցը:
Աշխատանքի ընթացքում նաեւ հետաքրքիր դիպվածներ են եղել: Պարոն Երեմյանը ներկայացրեց դրանցից մեկը, որ Լեհաստանի նախագահի հետ է կապված. «Կարծեմ 2011 թվականն էր, երբ հյուրընկալեցինք Լեհաստանի նախագահին: Դրանից մեկ օր առաջ եկան, բացատրեցին, թե ինչպես պետք է ընդունենք նրան, 15 րոպեն մեկ ուտեստները փոխենք, ինչպիսին պետք է լինի ճաշացանկը: Քանի որ մեր տոլման հայտնի է սուր համեմունքներով, ունի թեթեւ աղիություն եւ կծվություն, ես խնդրեցի մեր շեֆ խոհարարին, որ համերը մի քիչ թուլացնի, քանի որ Եվրոպայում այդքան ընդունված չեն սուր համեմունքները: Նա չհամաձայնեց, ասաց, որ եթե մեր տոլման այդպիսին է, ինչո՞ւ պետք է դիպչի համերին, չէ՞ որ Իսպանիա կամ Մեքսիկա գնալիս չենք պահանջում կծվությունը թուլացնել: Նրա պատասխանն ինձ չգոհացրեց: Մի քիչ անհանգստություն կար, որ նախագահ ենք ընդունելու, ու մենք միշտ հետեւյալ մտքով ենք առաջնորդվում՝ մեր ռեստորանից հյուրը դժգոհ է գնում, դա նշանակում է, որ դժգոհ է գնում մեր քաղաքից, մեր երկրից: Իսկ դա ինձ համար նամուս, թասիբի հարց է:
Շունչս պահած սպասում էի, երբ 15 րոպե անցավ, ու մատուցողը ցանկացավ վերցնել տոլման, Լեհաստանի նախագահը խնդրեց, որ այն մնա սեղանին: Փաստորեն, մեր շեֆ խոհարարը հաղթեց ինձ, ինչը նշանակում է՝ հասկացա, որ ճիշտ թիմի հետ եմ աշխատում»:
Զրույցի ընթացքում կրկին անդրադառնալով նվերներին, նա նշեց, որ նյութականն իր համար երկրորդ-երրորդական տեղում է, օրինակ, թիմի նվիրած նվերը շատ թանկ է համարում, իսկ ընդհանրապես միտքն է արժեւորում, կանանց մեջ էլ գնահատում է կանացիությունը, ասում է՝գեղեցկությունը ներսից է բխում: Նաեւ ափսոսում է, որ այսօր գենդերային հավասարություն ասվածը այլ կերպ է մեկնաբանվում:
Հարցրինք, թե իբրեւ զբոսաշրջիկ որեւէ երկիր այցելելիս ուշադրություն դարձնո՞ւմ է սպասարկման ոլորտի հաստատություններին, ճաշացանկերին, մատուցման կերպին:
«Ընտանիքս արդեն սովորել է, որ որեւէ երկիր գնալիս ես ավելի շատ աշխատում եմ, քան ճամփորդում: Մեր ռեստորաններում կհանդիպեք ուտեստներ, մատուցման շփման ձեւեր, որոնք դրսից են ներմուծված»,-ասում է նա: Իսկ երեխաների մասին խոսելիս ընդգծում է, որ նրանց դաստիարակում է նույն սկզբունքով, ինչպես իրեն են դաստիարակել՝ կարեւորելով լավ մարդ լինելը, հայրենասիրությունը, նպատակասլացությունը, ստեղծագործ լինելը, ունեցածը գնահատելը:
«Մեզ այսօր պետք է շատ ճիշտ ստեղծագործել ու շենացնել մեր երկիրն ու քաղաքը: Մենք փորձել ենք ստեղծել արժեք, մեր ռեստորանների անվանումների մեջ սեր կա ու երազանք, օրինակ «Պանդոկ Երեւանը» ստեղծվել է, որ մեր հին հայկական ուտեստները վեր հանենք ու նորովի մատուցենք, «Լավաշը» ստեղծվել է գյուղից-սեղան գաղափարի շուրջ, «Շերեփում» խոհարարներին բերել ենք առաջին գիծ, որ այցելուները տեսնեն, թե ինչ ջանք ու եռանդ է դրվում ամեն ուտեստի մեջ, «Պանդոկ Երեւան գետափին» ռեստորանը ստեղծվել է հյուրերին լավ երաժշտություն հասցնելու համար, խոհարարական ակադեմիան բացել ենք, որ մեր խոհարարներն ավելի վարպետանան, խոհարարությունը որպես արվեստ վեր հանենք, բարձրացնենք: Այժմ ունենք սթեյք հաուզ` «Սմոքինգ շեֆը», ունենք շատ այլ երազանքներ, որոնք դեռ նոր գույներ են բերելու մեր քաղաքին ու երկրին», -գործելու իրենց բանաձեւն է բացահայտում մեր զրուցակիցը:
Իրեն էլ համարում է հաջողակ մարդ: Պատճառն էլ, Դավիթ Երեմյանի ասելով, հետեւյալն է. «Կարողանում ենք իրականացնել մեր երազանքները, համախմբել այն մարդկանց, որոնք այդ երազանքներով վառվում են ու գնում են առաջ: Ինձ համար աշխատանքս եւ հոբի է, եւ աշխատանք, եւ հանգստի վայր, որովհետեւ այլ կերպ տասնվեց ժամ աշխատելը դժվար կլիներ»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ Դավիթ Երեմյանի անձնական արխիվից:
https://www.youtube.com/watch?v=P6enzUx2H-I&fbclid=IwAR3Gn_hxW-vPDIAmTmUJMXfWxeVT_k_Jc_ukmkgZmHUPHWgAnrxbzLH3xvw
https://www.youtube.com/watch?v=iF7mOb4E4kQ&fbclid=IwAR2ZzExEYHxldS5-qDvTbz7_LOuGkehwv4I0qifVJlFCaqpRU187RdIjC20