Լրահոս
Օրվա լրահոսը

2019 թ. առաջին 6 ամսվա տվյալով Հայաստան ժամանած զբոսաշրջիկները 120 մլն ԱՄՆ դոլար ավելի են ծախսել, քան նախորդ տարի      

Հուլիս 11,2019 17:56

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետն անդրադարձել է կառավարության՝ երեկ տեղի ունեցած արտահերթ նիստում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվող միջոցառումներին, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդրին և երեկ էներգետիկ համակարգի խափանման պատճառներին:

Անցնելով օրակարգի քննարկմանը՝ կառավարությունը  որոշում է ընդունել 2019 թ. մայիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու և օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով Ազգային ժողով ներկայացնելու մասին: Համաձայնագրի վավերացմամբ ակնկալվում է կողմերի միջև առևտրային, գործարար, զբոսաշրջային փոխանակումների առավել ակտիվացում: Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության վավեր սովորական անձնագրեր կրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վավեր սովորական անձնագրեր կրող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության քաղաքացիները մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածք մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթևեկելիս ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից իրենց մուտք գործելու օրվանից մինչև 90 օր ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում: Արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը նշել է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունն արդեն սկսել է համաձայնագրի վավերացման գործընթացը և նախատեսում է մոտ 1 ամսվա ընթացքում ավարտել: Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի կողմերի միջև դրա մասին տեղեկացնելու՝ վերջին նոտայի փոխանակման օրվանից հետո:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է որոշման ընդունումը զբոսաշրջային կապերի զարգացման համատեքստում՝ նշելով. «Երեկ դռնփակ նիստում նաև այս թեման ենք քննարկել՝ ոչ թե Չինաստանի հետ կապված, այլ ընդհանրապես տուրիզմի ոլորտում: Կարող ենք արձանագրել, որ այս տարի, մեր տեղեկություններով և վերլուծություններով, զբոսաշրջության ոլորտում շատ դրական տեղաշարժեր ունենք: Կարող եմ մի վիճակագրություն բերել, որ այս տարվա առաջին 6 ամսվա տվյալով Հայաստանի Հանրապետություն ժամանած զբոսաշրջիկները 120 մլն դոլար ավելի են ծախսել, քան նախորդ տարի: Ընդ որում, հիմա նաև համատեղ աշխատանքի և Կենտրոնական բանկի հետազոտություններով գիտենք, որ կոնկրետ արտասահմանում թողարկված բանկային քարտերով կատարված վճարումներով՝ ռեստորաններում, հյուրանոցներում և տարբեր վայրերում, այսպիսի ցուցանիշ է արձանագրվել, ինչը բավական ուրախալի է: Մենք պետք է այս ուղղությունը զարգացնելու վերաբերյալ մեր քաղաքականությունը շարունակենք: Պարոն Օսիպյան և պարոն Վանեցյան, իրավակարգը նույնպես շատ կարևոր է երկրում զբոսաշրջիկների ինքնազգացողության համար: ՀՀ-ում, ինչպես քաղաքացիները, այնպես էլ զբոսաշրջիկները պետք է անվտանգ զգան իրենց, և սա շատ կարևոր նախապայման է զբոսաշրջության հետագա զարգացման համար»:

Վարչապետի առաջարկով Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը որոշ մանրամասներ է  ներկայացրել արտասահմանյան քարտերով իրականացված գործարքների վերաբերյալ. 2019 թ. հունվար-հունիս ամիսներին 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ արտասահմանյան քարտերով իրականացված գործարքների գումարի  աճը  սննդի կետերում կազմել է 75 տոկոս, հյուրանոցներում՝ 32 տոկոս, կանխիկացման գործարքները՝ 22 տոկոս, զբոսաշրջային գործակալություններում՝ 36 տոկոս: 12.3 տոկոսով՝ 85 հազարով, աճել է զբոսաշրջիկների թիվը: ԿԲ նախագահի խոսքով՝ սա ոչ թե թաքցված տուրիզմ է, այլ մեթոդաբանության փոփոխության արդյունք, որի շուրջ համատեղ աշխատանքը գործընկեր կառույցների հետ շարունակվում է: Ա. Ջավադյանը նշել է, որ այդ մեթոդների կիրառմամբ 2019 թ. առաջին կիսամյակում ծախսվել է 115-120 մլն դոլար ավելի, ինչով էլ նաև բացատրվում է ակտիվությունն ու առաջարկը արտարժույթի շուկայում:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարության երեկ կայացած դռնփակ նիստում մեթոդաբանության հարցը ևս քննարկվել է, և Զբոսաշրջության կոմիտեի կողմից վարվող վիճակագրության մեթոդաբանությունը թարմացման կարիք ունի՝ ավելի ճշգրիտ տեղեկատվություն և ցուցանիշներ ունենալու համար:

 

Կառավարությունը ֆինանսական միջոցներ է հատկացրել գիտական և մշակութային ենթակառուցվածքների արդիականացման ու զարգացման համար

Կառավարությունը որոշել է փոփոխություններ կատարել «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և 448,000.0 հազար դրամ հատկացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեին: Որոշմամբ նախատեսվում է պետական բյուջեի եկամուտների ավելացման հաշվին 420000.0 հազ. դրամի չափով իրականացնել ֆիզիկայի, մոլեկուլային ֆիզիկայի, քիմիայի, ռադիոէլեկտրոնիկայի, հայագիտության ոլորտների համար 7 սարքի և սարքավորման ձեռքբերման ներդրումային ծրագրեր և  28000.0 հազ. դրամի չափով Միջգիտակարգային տվյալների կենտրոնի ստեղծում: Համակարգային ծրագրերի իրականացումը հնարավորություն կընձեռի արդիականացնել և ստեղծել գիտության ոլորտի նոր գիտանորարարական ենթակառուցվածքներ, բարձրացնել գիտական սարքավորումների օգտագործման արդյունավետությունը, օպտիմալացնել գիտական սարքավորումների պահպանմանը հատկացվող ֆինանսական ծախսերը:

Վարչապետ Փաշինյանը, կարևորելով որոշման ընդունումը, նշել է. «Ես ուզում եմ մի նորության մասին էլ խոսենք: Երբ մեր պատվիրակությունը պաշտոնական այցով  գտնվում էր Սինգապուրում, Հայաստանից շատ կարևոր նորություն ստացանք, որին մի պահ ես նույնիսկ դժվար էի ուզում հավատալ, որովհետև այդ հարցն այնքան քննարկվել էր, 10 և ավելի տարվա վաղեմություն ունի, որ ինձ թվում էր, թե սա անլուծելի հարց է: Խոսքը այն մասին է, որ հունիսի 12-ից սկսել է աշխատել Ֆիզիկայի ինստիտուտի տարածքում գտնվող ցիկլոտրոնը, և երկու շաբաթ առաջ ստացվել է 18 F բժշկական իզոտոպը, որն օգտագործվում է ախտորոշման համար: Սա իսկապես շատ լավ նորություն է, բայց այստեղ նաև խնդիր ունենք շարունակելու աշխատանքը, որպեսզի ցիկլոտրոնի ինստիտուցիոնալ առումով ենթակայության հարցը ճիշտ լուծենք, որպեսզի այն կարողանա ոչ միայն բժշկական հարցերով զբաղվել, այլև գիտական»:

Հարցի վերաբերյալ ծավալվել է քննարկում տարբեր գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ վերջին մեկ տարվա քաղաքականության ամբողջ իմաստն այն է եղել, որ պետք է համատեղել գիտությունն ու հետազոտությունը, և մինչև հիմա հիմնական խնդիրներից մեկն էլ այն է եղել, որ գիտությունը և պրակտիկան տարբեր ուղղություններով են գնացել: «Սա շատ լավ շանս է՝ մեր քաղաքական դիրքորոշումն իրագործելու համար: Պետք է կոմպլեքս լուծում գտնենք, որ և՛ գիտությունը, և՛ առողջապահությունը շահեն  դրանից, և, ի վերջո, պետք է նաև կոմերցիոն տրամաբանություն փորձենք աշխատեցնել, որպեսզի առնվազն իր եկամուտների մի էական մասը գեներացնի: Կարծում եմ, որ այս ցիկլոտրոնի նորմալ աշխատանքը կարևոր է թե՛ կրթության, թե՛ գիտության, թե՛ առողջապահության, և թե՛ տեխնոլոգիաների զարգացման ոլորտի համար», – ասել է Նիկոլ Փաշինյանը:

Մեկ այլ որոշմամբ գործադիրը փոփոխություններ է կատարել «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում կատարել և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ՀՀ 2019 թ. պետական բյուջեի հարկային եկամուտներից հատկացնել 690,688.3 հազար դրամ: Գումարը նախատեսվում է ուղղել 6 մշակութային կազմակեր­պությունների՝ «Վա­նա­ձորի Հ. Աբել­յա­նի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ, «Գորիսի Վ. Վա­ղարշյա­նի անվան դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ի, «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի, «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի, «Հայաս­տա­նի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ Ա. Սարգսյան և Հ. Կոջոյան տուն-թանգարանի, «Հ. Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ-ի շենքային պայմանների բարելավմանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում «Բաղնիք» և «Խճանկար» հուշարձանների նորոգմանը և ամրակայմանը, ինչպես նաև հուշարձանախմբերի կամ առանձին զբոսաշրջային գրավչության տարածքնե­րում QR կոդերով բազմալեզու ցուցանակների տեղադրմանը: Որոշման նպատակը 6 մշակութային կազմակերպությունների՝ թան­գարանների և թատրոնների  բնականոն գործունեության ապահովումն է, ինչպես նաև հանրապետության հուշարձանների  պահպանման, օգտագործման, հանրահռչակման և զբոսաշրջային գրավչության բարձրացումը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուրախալի է համարել որոշման ընդունումը և միաժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ուշադրությունը հրավիրել այն հարցի վրա, որ մշակութային հաստատությունները նույնպես պետք է ակտիվ գործունեություն ծավալեն: «Մենք հիմա խոսում ենք զբոսաշրջության աճի մասին, մենք  ծրագրեր ենք իրականացրել, որով ապահովում ենք երեխաների, դպրոցականների այցելությունները թատրոններ, թանգարաններ, համերգասրահներ, և մենք այսպիսի կապիտալ ծախսեր ենք իրականացնում մշակութային օջախներում, թանգարաններում, թատրոններում և այլն: Բայց մենք պետք է նաև այդ մշակութային օջախների առաջ խնդիր դնենք, որ նրանք ապրեն ավելի ակտիվ կյանքով: Պետք է ունենան ծրագիր՝ այցելությունների թիվը, տոմսերի վաճառքների թիվը, սեփական եկամուտներն ավելացնելու: Անցած տարի, երբ ես ուզեցի թանգարանների այցելությունների վիճակագրությունը, տեսա, որ մեր երկրում կան թանգարաններ, որ, կարելի է ասել, գործնականում մարդ չի այցելում, և այդտեղից հարց է ծագում՝ ինչո՞ւ ենք մենք պետական բյուջեից միջոցներ վատնում թանգարան պահելու համար, որտեղ մարդ չի այցելում: Այսինքն՝ եթե թանգարան է, կանխավարկածն այն է, որ այդտեղ պահվում են ցուցանմուշներ, որոնք կարևոր են և ունեն հետաքրքրություն: Մենք այստեղ պետք է շատ ուշադիր լինենք, թանգարանային ոլորտում, իմ կարծիքով, պետք է շատ լուրջ, շատ խիստ քաղաքականություն վարենք՝ նաև հետագայի առումով, որովհետև իսկապես պետք է այդ օջախները գործեն, ապրեն և գեներացնեն եկամուտներ: Պետք է լինեն կրեատիվ մարդիկ, ովքեր կարողանան թանգարանները և մշակութային օջախներն իսկապես դարձնել մշակութային կյանքի կենտրոններ», – նշել է կառավարության ղեկավարը:  Վարչապետը նաև հավելել է, որ պետք է նաև հակառակն էլ արձանագրել, որ Հայաստանում կան մի քանի թանգարաններ, որոնք մարդկանց մշտական հոսքեր են ապահովում, և մարդկանց այցելությունները դեպի այդ թանգարաններ գնալով շատանում են: Պետք է այդ փորձն ուսումնասիրել, ինստիտուցիոնալ դարձնել և տարածել այլ թանգարանների և մշակութային օջախների վրա:

 

Ճանապարհահատվածների հիմնանորոգման առումով ծրագրերի համընկնում պետք է չլինի. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունն ընդունել է «ՀՀ  2019 թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ  կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ քանի որ ՀՀ պետական բյուջեով իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում առկա են ևս 3 ճանապարհահատվածների նախագծանախահաշվային փաստաթղթերը, անհրաժեշտություն է առաջացել կատարել վերաբաշխում ԲՍԿ-ների մասով` 861,335.8 հազար դրամի չափով, որից 860,435.8 հազար դրամը շինարարական, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների համար, իսկ 900.0 հազար դրամը` նախագծային աշխատանքների պատվիրման համար: Ընդհանուր առմամբ կհիմնանորոգվի 22.7 կմ ավտոճանապարհ: Հաշվի առնելով ժամանակի սղությունը և շինարարական աշխատանքների սեզոնային բնույթը՝ առաջարկվում է 841,069.0 հազար դրամի շինարարական աշխատանքների համար գնման ձև սահմանել հրատապ բաց մրցույթը, 8,100.0 հազար դրամի տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ հրատապ բաց մրցույթը, 4,158.8 հազար դրամ հեղինակային հսկողության ծառայությունների համար՝ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը, 900.0 հազար դրամի նախագծային աշխատանքների համար գնման ձև սահմանել գնանշման հարցման ընթացակարգը, իսկ 7,081.0 հազար դրամի շինարարական աշխատանքների և 27.0 հազար դրամի տեխնիկական հսկողության ծառայության համար գնման ձև սահմանել մեկ անձից գնում կատարելու ընթացակարգը:

Վարչապետը պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ ճանապարհահատվածների հիմնանորոգման առումով ծրագրերի համընկնում պետք է չլինի, և մասնավորապես, խոսքը վերաբերում է Հյուսիս-հարավ ծրագրին: «Իմ մտավախությունը հետևյալն է՝ մենք համոզված ենք, որ Հյուսիս-հարավի համատեքստում անարդյունավետ ծախս չենք անում: Եթե մենք հիմա նորոգենք այդ ճանապարհը, վստահ լինենք, որ մինչև շահագործման ժամկետը լիարժեք կօգտագործվի, մինչև որոշում կայացնենք ՝ այդտեղ ինչ ենք անում և ոչ թե կեսից կքանդենք, նորը կսարքենք: Սա կարևոր է արձանագրել: Կարծում եմ՝ արժե բարձրաձայնել, թե այս որոշումն ինչին է վերաբերում՝ Երևան-Գյումրի-Վրաստանի սահման, Եղվարդի տրանսպորտային հանգույց, Գյումրի-Կապս-Ամասիա հատված, Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր համայնքի 1.3 կմ երկարությամբ ճանապարհ, Սևանի թերակղզի տանող ճանապարհ, Աղբյուրակ ավտոճանապարհի առանձին հատվածների հողային պաստառի և ջրահեռացման համակարգի վերականգնում և այլն», – նշել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը նաև հետաքրքրվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարից, թե որ փուլում են Սիս գյուղի ճանապարհի վերանորոգման աշխատանքները: Սուրեն Պապիկյանը զեկուցել է, որ մրցույթն ավարտված է, և աշխատանքների մեկնարկը շուտով կտրվի:

 

ՀՀ զինված ուժերը կհամալրվեն մասնագիտական պատշաճ գիտելիքներ ունեցող սպաներով

Գործադիրը որոշել է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության 2018 թ. ապրիլի 12-ի «Նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները սահմանելու մասին» N 430-Ն որոշման մեջ: Մասնավորապես, տարկետման իրավունք է սահմանվում նաև միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար և փոփոխվում են «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակում ուսումնառություն անցած անձանց հետ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրերի կնքման ժամկետները՝ դասակի հրամանատարների պատրաստման ուղղությամբ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը նվազեցվում է և սահմանվում է 2 տարի 3 ամիս ժամկետով, որում առաջին 3 ամիսը՝ պարտադիր զինծառայողի կարգավիճակով պատրաստություն անցնելու և 2 տարին՝ կրտսեր սպայական կազմի պայմանագրային զինծառայություն անցնելու ժամկետներն են: Նախատեսվում է այս դրույթների գործողությունը տարածել նաև նախկինում կնքված պայմանագրերի վրա: «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակում թեստավորման արդյունքներով հաղթող ճանաչվելու համար հիմք կընդունվի նաև սովորողի (դիմորդի) առաջադիմությունը՝ միջին որակական գնահատականը:

Ակնկալվում է, որ որոշման ընդունման արդյունքում կապահովվի միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող քաղաքացիների համար օրենքով սահմանված տարկետման իրավունքի իրացումը, ինչպես նաև կկարգավորվեն «Պատիվ ունեմ» ծրագրին մասնակցելու դիմում ներկայացրած քաղաքացիների ընտրության պատշաճ կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները, դրա արդյունքում ուսումը շարունակելու և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու հնարավորություն կստանան իրապես բարձր առաջադիմություն ունեցող քաղաքացիները:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ 2019-2020 ուստարվա շրջանակում միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորող 479 քաղաքացի կօգտվի տարկետումից: «Պատիվ ունեմ» ծրագրով ՊՆ պատվերը կազմում է 350 տեղ, որից 320-ը՝ դասակի հրամանատարի պատրաստության ծրագրով, 30-ը՝ բժշկական մասնագիտություններով: 320 տեղի համար դիմողների քանակը եղել է 324, որոնց թեստավորման արդյունքներով 281 քաղաքացի ստացել է դրական գնահատական՝ 11.75-15 միավորի շրջակայքում: 30 տեղի համար դիմել է 82 քաղաքացի, անցողիկ է համարվում 15.75 միավորը:

 

Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը շարունակվում են

Գործադիրը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության տարածք Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի ներմուծումը կանոնակարգելու մասին: Նախագծի  մշակումը պայմանավորված է «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների միջև՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, ազատ առևտրի մասին» 2015 թ. մայիսի 29-ի համաձայնագրի 2-րդ գլխի և  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2018 թ. սեպտեմբերի 25-ի N155 որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը հատկացված ներմուծման թույլատրելի ծավալի սպառման ապահովման անհրաժեշտությամբ:

Մեկ այլ որոշմամբ կառավարությունը բավարարել է «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ կողմից ներկայացված հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը: Հիմնավորման համաձայն՝ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման, նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031