Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չգիտեմ, թե ո՞ւմ հետ ի՞նչ կապեր ունի». Նախշուն Տավարացյանը` Արփինե Հովհաննիսյանին

Հուլիս 11,2019 17:46

Ընդհանուր դատական ժողովի օրակարգի երրորդ հարցը Նախշուն Տավարացյանի երդման հարցն է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց տիկին Տավարացյանը`հավելելով, որ ժամանակին ինքը դիմել է ԲԴԽ եւ ԲԴԽ-ից պատասխան է ստացել, որ կարող է պաշտոնը ստանձնել միայն Ընդհանուր դատական ժողովի ժամանակ երդվելով: Մինչ այս մեկ ժողով եղել է, նա արձակուրդում է եղել, չի մասնակցել, այժմ պատրաստվում է իր օրինական իրավունքից օգտվել եւ երդվել:

Նախշուն Տավարացյանն ասաց, որ իր գործընկերներից միայն Սիմիզար Հովսեփյանը չի ցանկանում, որ ինքը երդում տա: Ցավում է, բայց գործընկերոջ դիրքորոշման մեջ հիմնավորումը չի գտնում. «Պարզապես մարդը չի ցանկանում, որ Նախշուն Տավարացյանը երդվի: Նա հղում է անում որոշ իրավաբանների մեկնաբանությունների, բայց դրանք ես չեմ գնահատում իբրեւ օրենքի մեկնաբանություն, այլ նպատակ ունի»:

Հարցով իրավական վեճ Նախշուն Տավարացյանը չի տեսնում: Համարում է, որ ինքը օրենքի ուժով ընտրված անդամ է եւ ոչ ոք չի կարող դատական օրենսգրքին կամայական մեկնաբանություն տալ. «Ես, իբրեւ օրենքի ուժով ընտրված անդամ իմ իրավունքից օգտվել եմ եւ այսօր պատրաստ եմ երդում տալ»:

Թե այս ընթացքում ովքեր եւ ինչ գնահատականներ են տվել, ասում է`իրենց խնդիրն է, որ իրենք «ժամանակի մեջ կարող են իրենց կարծիքների մեջ փոփոխվել»:

Այս կապակցությամբ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը կարծիք էր հայտնել, որ եթե Նախշուն Տավարացյանը ՝ իր հրաժարականի գրավոր դիմումից 9 ամիս հետո երդվեց, սա նշանակում է, որ Վճռաբեկ դատարանի նախագահը և առհասարակ դատական համակարգն ու բոլոր նրանք, ովքեր կհանդուրժեն այդ աղաղակող ապօրինությունը, առաջինը պետք է վեթինգի ենթարկվեն, և լավ կլինի՝ հրաժարվեն իրենց իրավաբանի կոչումից։

«Ես, իհարկե, ցավում եմ, որ տիկին Հովհաննիսյանն է նման հայտարարությամբ հանդես եկել, որովհետեւ ես նրան, որպես իրավաբանի, միշտ բարձր եմ գնահատել, այսօր էլ եմ բարձր գնահատում: Այսօրվա նրա հայտարարությունը պայմանավորված է ինչ-ինչ մարդկանց, ինչ-ինչ անձնական նպատակներ բարելավվելով: Ես չգիտեմ, թե ո՞ւմ հետ ի՞նչ կապեր ունի, դատավորներից ո՞ւմ հետ ի՞նչ կապեր ունի, չեմ կարող ասել, չափազանց զարմացրել է նա հայտարարությունը»,- ասաց Նախշուն Տավարացյանը:

Վեթինգի որոշ գործիքակազմեր ԲԴԽ-ին են վերապահվելու` ավելի էական դարձնելով ԲԴԽ-ի դերը`լրագրողներից մեկի դիտարկմանը, Նախշուն Տավարացյանը պատասխանեց. «ԲԴԽ-ի դերն այո, բարձրանալու է, բայց ԲԴԽ-ի գործունեությունը պետք է լինի օբյեկտիվ`միայն օրենքի գործընթացում»:

Նախշուն Տավարացյանը նաեւ հայտարարեց, որ երկրում սահմանադրական ճգնաժամ չկա: «Ես ո՞նց կարող եմ Վահե Գրիգորյանի կարծիքի հետ համամիտ լինել, եթե ՍԴ-ի անդամները լեգիտիմ անդամներ են»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031