Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Սմբատյան. Չպետք է լինեն հաղթողներ և պարտվողներ, պետք է խոսել Լեռնային Ղարաբաղի հետ և ոչ թե մասին

Հուլիս 11,2019 17:50

Գերմանական «Behörden Spiegel» ամսագրի 2019թ. հուլիսյան համարում լույս է տեսել ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի լայնածավալ հարցազրույցը: Ամսական ավելի քան 110.000 օրինակով լույս տեսնող ամսագիրը ԳԴՀ բոլոր պետական կառույցների պաշտոնաթերթն է:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցի հակիրճ թարգմանությունը: Ամսագրի հուլիսյան համարի էլեկտրոնային ամբողջական տարբերակը հասանելի է հետևյալ հղումով (հարցազրույցը՝ էջ 8):

 

Պետք է հետևի տնտեսական հեղափոխությունը.

Հարցազրույց Բեռլինում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի հետ

«2017թ. Հայաստանը ստորագրել է ԵՄ-ի հետ Համընդհանուր և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը Գերմանիայի Բունդեսթագը վավերացրել է այս տարվա ապրիլի 4-ին: Այս պահին արդեն ԵՄ 11 երկրներ են վավերացրել այն: Սա մեզ համար շատ կարևոր փաստաթուղթ է, քանի որ երկրում բարեփոխումների իրականացման գործընթացում ակնկալվում է ԵՄ-ի հետ խորացված և ընդլայնված համագործակցություն»,- նշել է դեսպանը:

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ է և սերտ կապեր ունի Ռուսաստանի Դաշնության հետ: Մենք ցանկանում ենք պահպանել ռազմավարական այս հատուկ գործընկերությունը Ռուսաստանի հետ: Այս առումով Հայաստանը կարող է որպես կամուրջ հանդես գալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև:

Միևնույն ժամանակ, Հայաստանի անկախությունից ի վեր սերտանում են վերջինիս հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, որտեղ բազմաթիվ հայեր են բնակվում: Մենք նաև լավ հարաբերություններ ունենք Չինաստանի հետ: Մեր քաղաքականությունը հենվում է ոչ թե «կամ, կամ», այլ «և՛, և՛» սկզբունքի վրա: Սա մեր արտաքին քաղաքականության հիմնարար սկզբունքներից մեկն է: Հայաստանը միակ երկիրն է, որ հանդիսանում է ՀԱՊԿ անդամ՝ միաժամանակ համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ», հավելել է դիվանագետը:

Գերմանիան առաջին երկրներից էր, որ դեռ 1991թ. դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Հայաստանի հետ: «Երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում և ընդլայնվում են: Հագեցած քաղաքական օրակարգ, մի շարք բարձրաստիճան երկկողմ այցեր, որոնք նպաստել են քաղաքական երկխոսության զարգացմանը: Մի կողմից, մշակույթի, կրթության և գիտության, մյուս կողմից, խորհրդարանական, քաղաքական և քաղաքացիական հասարակության ոլորտներում համագործակցությունը դինամիկ կերպով զարգանում է, և ես հպարտ եմ դրանով»,- ընդգծել է Սմբատյանը: Գերմանիան հանդիսանում է ԵՄ-ում Հայաստանի ամենախոշոր տնտեսական գործընկերներից մեկը, և նրա երրորդ ուժեղագույն առևտրային գործընկերն է ամբողջ աշխարհում: Դեսպանը մեծ ներուժ է տեսնում տնտեսական համագործակցության հետագա ընդլայնման մեջ. «Կարծում եմ, որ սա երկարաժամկետ առումով օգտակար է երկու երկրների համար»:

 

2018թ. տարվա երկիր

Հոդվածագիրը նշել է. Անցյալ տարվա դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած դաշինքը ստացավ ձայների ավելի քան 70%-ը: Վարչապետը նշեց, որ քաղաքական հեղափոխությանը պետք է հետևի տնտեսականը:

«Դա դյուրին չէ իրականացնել»,- նշել է Սմբատյանը՝ հավելելով,- «այդ իսկ պատճառով կառավարությունը պայքար է մղում օլիգարխիայի և կոռուպցիայի դեմ, ինչպես նաև՝ քայլեր իրականացնում լիարժեք իրավական պետության ձևավորման ուղղությամբ: Խորհրդարանում իշխող ուժը իրականացնում է բարեփոխումներ, որոնք երբեմն կարող են նաև ցավոտ լինել»:

Նախորդ տարի «The Economist»-ը Հայաստանը ճանաչել է 2018թ. տարվա երկիր: Սրա պատճառը մեծ առաջընթացն էր դեպի ժողովրդավարություն և օրենքի գերակայություն: «Ես կարող եմ այս պահին Ձեզ հավաստիացնել, որ մենք կշարունակենք այն ճանապարհով, որը մենք ընտրել ենք, նույնիսկ եթե դա ոչ միշտ հեշտ լինի: Դրան հասնելու համար մենք կարիքն ունենք և կարևորում ենք ԵՄ կառույցների հետ համագործակցությունը»:

 

Եվրոպայի վերջին փակ սահմանը

Անդրադառնալով Հայաստան – Թուրքիա հարաբերություններին Աշոտ Սմբատյանը նշել է. «Հայաստանն ավելի քան տասը տարի առաջ փորձեց Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել, որի արդյունքում ստորագրվեցին այսպես կոչված «Ցյուրիխյան արձանագրությունները», որոնք այդպես էլ Թուրքիայի կողմից չեն վավերացվել: Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել: Ցավոք, մեր պատրաստակամությունը, կարծես թե, բավարար չէ, որպեսզի Թուրքիայի կառավարությունը բացի Եվրոպայի վերջին փակ սահմանը: Թուրքիայի ներկայիս կառավարությունը թելադրում է դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման անընդունելի նախապայմաններ և պահում Հայաստանը շրջափակման մեջ, ինչը հակասում է իրավահավասար ինքնիշխան պետությունների միջև հարաբերությունների բոլոր կանոններին»:

Եվ ինչպիսի՞ն են Ադրբեջանի հետ կենսունակ փոխզիջման հնարավորությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կոնտեքստում:

Գտնել բոլորի համար ընդունելի լուծում

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է միայն խաղաղ ճանապարհով կարգավորվի: ԼՂ բնակչության անվտանգությունը և Արցախի կարգավիճակը առանցքային առաջնահերթություն են ներկայացնոււմ: Այստեղ խոսքը 150․000 մարդկանց մասին է»:

«Այդ պատճառով է նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ ինչպես Հայաստանի և Ադրբեջանի, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է նստեն բանակցային սեղանի շուրջ: Կարևոր է գտնել այնպիսի լուծում, որն ընդունելի կլինի Լեռնային Ղարաբաղի բնակչության, Ադրբեջանի և Հայաստանի համար: Չպետք է լինեն հաղթողներ և պարտվողներ: Պետք է խոսել Լեռնային Ղարաբաղի հետ և ոչ թե Լեռնային Ղարաբաղի մասին»,– նշել է ՀՀ դեսպանը:

Արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031