Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե բնապահպանական տեսչության նախկին պետ Արթուր Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր սիգի պահածոներին՝ նշելով, որ սիգի որսն արգելված է, բայց սիգի պահածոյի արտահանում ունենք, ասաց, որ դիմել են ՊԵԿ-ին, որպեսզի կոմիտեն տրամադրի հիմքերի ու ծավալների առնչությամբ ունեցած տեղեկատվությունը. «Ամբողջ տեղեկատվությունը սիգի ծավալների վերաբերյալ մեզ տրամադրվել է, նաեւ առանձին հանդիպում ենք ունեցել՝ հասկանալու իրավական հիմքերը, որովհետեւ, եթե որսն արգելված է, ապա վաճառքի հետ կապված որոշակի սահմանափակումներ պետք է լինեն: Սակայն ՊԵԿ-ի մեր գործընկերները նշեցին, որ իրավական որոշակի խնդիրներ կան. Շուկայից ձեռքբերում, ձեւակերպում եւ այլն: Եվ նաեւ տեսչական մարմնի կողմից մենք ստացել ենք առաջարկ, որպեսզի որսի հետ մեկտեղ օրենսդրական փոփոխություններ կատարվեն վաճառքը նույնպես արգելելու հետ կապված»:
Ըստ նախարարի, ոչ հստակ ձեւակերպումներ են ստացվում, քանի որ մի կողմից՝ որսն արգելված է, մյուս կողմից՝ շուկայից ձեռք բերվող շրջանառու հարկ վճարող շատ տնտեսվարողներ սողանքներ ունեն:
Կարդացեք նաև
Բնապահպանական տեսչության նախկին պետը նաեւ նշել էր, որ տեսչությունը պլանավորել էր այս տարվա երկրորդ եռամսյակում «Սեւան» ազգային պարկում իրականացնել համալիր ստուգումներ, բայց մինչ օրս այդ ստուգումները տեղի չեն ունեցել: Մեր հարցին՝ ինչո՞ւ այդ ստուգումները տեղի չեն ունեցել, Էրիկ Գրիգորյանը պատասխանեց. «2018 թվականի հունվարից սկսած, կրկին ստուգումներ են եղել «Սեւան» ազգային պարկում եւ ստուգումների վերջնական փաթեթը նաեւ ներկայացվել է տեսչության նախկին պետ Արթուր Գրիգորյանին՝ զեկուցագրով»:
Նախարարի խոսքով, վերջին տարիներին «Սեւան» ազգային պարկում մոտ 50 քրեական գործեր են հարուցվել՝ տարբեր գործողությունների հետ կապված. «Հենց հիմա էլ կան քննչական գործողություններ մաքրման աշխատանքների հետ կապված, ձեռբերումների եւ այլն: Բոլոր տեղեկատվությունն ինչը որ մենք ունենք եւ, դա իրավապահ մարմինների փոխանցման ենթակա է, դա փոխանցված է»:
Էրիկ Գրիգորյանի խոսքով՝ Արփա-Սեւան թունելի շինարարության հետ կապված կա քրեական գործ հարուցված, երկու դրվագով էլ դատախազությունում է գործ հարուցված Սեւանի մաքրումների առնչությամբ:
«Դուք նշեցիք տեսչության նախկին ղեկավարի բերած որոշակի հիմնավորումներ ապօրինությունների մասին, ես կարծում եմ՝ դրա ուղիղ ճանապարհը դատախազությունն ու իրավապահ մարմիններն են, հաղորդում թող տան հանցագործությունների մասին»,- ասաց նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ