2019թ․ հուլիսի 6-ին ոստիկաններն արգելել են Երևանում դրամահավաք իրականացնել Ամուլսարի պաշտպանության նպատակով և դրամահավաքի կազմակերպիչ Աննա Շահնազարյանին, Ոստիկանության հաղորդագրության համաձայն, խարդախության կասկածանքով ներկայացրել են ոստիկանություն։
2019 թ․ հուլիսի 8-ին էլ Երևանի քաղաքապետարանի դիմաց քաղաքում աղբահանության անմխիթար վիճակի դեմ բողոքի ակցիա իրականացնող անձանց նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով (խուլիգանություն)։
Ակցիայի մասնակիցները աղբի տոպրակներ էին նետել քաղաքապետարանի դիմաց, որից հետո ոստիկանները նրանցից մի քանիսին բերման են ենթարկել, ապա նրանց նկատմամբ հարուցվել էր քրեական գործ։
Արձանագրում ենք, որ երկու դեպքում էլ ոստիկանների գործողություններով խախտվել են մարդու խաղաղ հավաքների, բողոքի ցույցերի և միավորումների ազատության իրավունքները, ոստիկանների գործողությունները համաչափ չեն եղել և նրանք չեն գործել ժողովրդավարական պետությունում հասարակական կարգի պահպանման պահանջների տրամաբանության շրջանակներում։
Կարդացեք նաև
Ամուլսարի պաշտպանության նպատակով խաղաղ ցուցարարների աջակցության համար դրամահավաք իրականացնող Աննա Շահնազարյանի գործողությունները խարդախություն չեն կարող որակվել։ ՀՀ քրեական օրենսգիրքը խարդախություն է որակում խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը։
Տվյալ դեպքում «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը նախապես հայտարարել է դրամահավաքի և դրա նպատակների մասին, դրամահավաքը հիմնված է եղել կամավոր նվիրաբերության սկզբունքի վրա, և խաբեության կամ վստահությունը չարաշահելու մասին խոսք անգամ չէր կարող լինել, ինչը պարտադիր է արարքը խարդախություն որակելու համար։ Ակցիայի կազմակերպիչների գործողություններում անձանց մոլորության մեջ գցելու և դրա միջոցով նրանց գույքը հափշտակելու դիտավորություն չի եղել, խարդախության մասին խոսք լինել չի կարող, քանի որ Աննա Շահնազարյանը որևէ անձի գույքը հափշտակելու մտադրություն անգամ չի ունեցել և չէր էլ կարող ունենալ:
Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա իրականացրած անձանց նկատմամբ խուլիգանության հիմքով քրեական գործ հարուցելուն, ապա պետք է նշել, որ ՀՀ քրեական օրենսգիրքը խուլիգանություն է որակում դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով։
Քաղաքացիները բողոքի ակցիան իրականացրել են՝ հրապարակավ իրենց անհանդուրժողությունը հայտնելու Երևան քաղաքում աղբահավաքման վատ կազմակերպման հետևանքով սանիտարահիգիենիկ անթույլատրելի վիճակի առնչությամբ: Քաղաքացիների բողոքի ակցիան անմիջականորեն և ուղղակի կապված է եղել Երևանի քաղաքապետարանի կողմից իր պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հետ, նպատակն ամբողջությամբ իրավաչափ է եղել, իսկ ընտրված միջոցը՝ համաչափ։
Հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքը տվյալ դեպքում առկա է ՏԻՄ մարմինների գործողություններում, քանի որ աղբահանության խնդրի չլուծման հետևանքով խախտվել է առողջ միջավայրում ապրելու մարդու իրավունքը, որի դեմ բողոքի ակցիայի մասնակիցներն իրացրել են իրենց սահմանադրական իրավունքները։ Քաղաքապետարանի անգործության կամ պարտավորությունների ոչ պատշաճ կատարման դեմ բողոքի ակցիայի շրջանակում քաղաքապետարանի դիմաց աղբ նետելը եղել է միջոց, որը չի կարող որակվել դիտավորություն կամ խուլիգանություն, քանի որ քաղաքացիները շատ լավ գիտեն աղբանոցների տեղերը, և նման ակցիայի միջոցով քաղաքապետարանի ուշադրությունն են ցանկացել հրավիրել այդ աղբանոցներում տիրող վիճակի մասին:
Բողոքի ակցիան հետապնդել է լիովին իրավաչափ նպատակ և բխում է ժողովրդավարական պետությունում մարդու արտահայտման իրավունքի իրականցման անհրաժեշտությունից, երբ շարունակաբար խախտված է եղել նրանց առողջ միջավայրում ապրելու, գործելու իրավունքը:
Ոստիկանների գործողությունները նշված երկու դեպքերում իրավաչափ չեն եղել, հանգեցրել են մարդու իրավունքների կոպիտ խախտումներին, և իրենց իրավունքների պաշտպանության համար գործողություններ իրականացրած անձանց նկատմամբ ճնշման փաստեր են:
Նշված փաստերը վկայում են նաև ոստիկանությունում ժողովրդավարական պետության պահանջներին համապատասխան փոփոխությունների կատարման հրատապության և անհրաժեշտության մասին:
Պահանջում ենք ՀՀ ոստիկանությունից իրենց գործողություններում ղեկավարվել մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի տրամաբանությամբ՝ հրապարակային ակցիաների, բողոքի ցույցերի, միավորումների ազատության իրավունքի ապահովմանն ուղղված գործողության մասնակիցների հանդեպ:
Միաժամանակ գտնում ենք, որ հարուցված քրեական գործերը մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ ճնշման փորձեր են, որոնք որևէ կերպ չեն համապատասխանում ժողովրդավարական և իրավական պետության սկզբունքներին և անհրաժեշտ չեն՝ ժողովրդավարական պետության որևէ շահից ելնելով:
Քննչական մարմիններից պահանջում ենք կարճել հարուցված քրեական գործերը։
11 հուլիսի 2019թ․
Վանաձոր
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ