Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանի նամակը`երկրում սահմանադրական ճգնաժամի առկայության մասին, ստացել է, բայց կարծիք դրա մասին չի ձեւավորել: Քննարկումները շատ են եղել եւ շատերի հետ, բայց իրականում, ըստ նրա, շատ բարդ խնդիր է արծարծված, որին միանգամից հնարավոր չի պատասխանել:
Այդ մասին Մխիթար Պապոյանն ասաց այսօր` Դատավորների ընդհանուր ժողովից առաջ, լրագրողների հետ զրույցում:
Դատավորը չի առաջադրվել ԲԴԽ անդամի համար, քանի որ իր աշխատանքի 10 տարին դեռեւս չի լրացել, դա օրենքի պահանջ է: Նաեւ՝ «Վերաքննիչ դատարանների հաստիքը ազատված չէ»:
Պատասխանելով ՍԴ անդամ եւ ՍԴ դատավոր եզրույթների շուրջ վերջերս ձեւավորված վեճերի մասին լրագրողների հարցերին, Մխիթար Պապոյանն ասաց, որ այսօր Հայաստանի բոլոր իրավաբաններն այդ հարցն են քննարկում, դեռեւս վերջնական որոշում կայացված չէ. «Որքանով ես տեղյակ եմ՝ այսօր ընդհանուր ժողովում նաեւ այդ նամակն ենք քննարկելու»:
Կարդացեք նաև
ՍԴ-ի երեկ ընդունած աշխատակարգային որոշման մասին էլ ասաց. «Շատ բարդ իրավաբանական խնդիր է, որին պատրաստ չեմ պատասխանել: Այսօր առավոտյան մտածում էի այդ ուղղությամբ, դեռեւս պատրաստ չեմ»: Հիշեցնենք, երեկ ՍԴ-ն որոշեց քննության առնել Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը՝ սահմանադրական կարգը տապալելու հոդվածի սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ։
Ի դեպ, նրա կարծիքով, Ռոբերտ Քոչարյանի կալանքի տակ պահելն ու ՍԴ-ի վարույթ ընդունված գործն իրար հետ կապ չունեն:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ