ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել են ֆինանսական միջոցներ՝ գիտական սարքավորումների ձեռքբերման, Միջգիտակարգային տվյալների կենտրոնի (Interdisciplinary Data Center) ստեղծման և մշակույթի ոլորտում կապիտալ ներդրումների համար:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ներկայացնելով որոշումների նախագծերը, տեղեկացրել է, որ անցած նիստի ընթացքում ընդունված որոշումն առ այն, որ գումար է հատկացվել շուրջ 70 հաստատությունների՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման և շինարարական աշխատանքներ իրականացնելու համար, լայն արձագանք է գտել.
«Մասնագետները ևս մատնանշում են, որ նման ծավալի աշխատանքներ, հատկապես կապիտալ նեդրումների առումով, նման ժամկետներում չեն իրականացվել: Նման հատկացումներ կկատարվեն նաև գիտության և մշակույթի ոլորտում. առաջարկվում է 448 մլն դրամ այս տարի հատկացնել Գիտության կոմիտեին: Այս տարի տրամադրվող գումարները, իրոք, աննախադեպ են, քանի որ գիտական սարքավորումներ ձեռք բերելու համար այս ծավալի գումար նախորդ տարիներին չի հատկացվել, և սա գիտության ոլորտում ևս դրական արձագանք է գտել»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ վերջին տարիների գիտական սարքավորումներ գնելու համար հատկացվել է տարեկան 90 մլն դրամ, մինչդեռ այս տարի հատկացվել է 320 մլն և 420 մլն դրամ, որը, ըստ Արայիկ Հարությունյանի, խթան կհանդիսանա գիտության զարգացման համար:
Կից ներկայացնում ենք մանրամասն տեղեկատվություն՝ հատկացումների վերաբերյալ:
Կարդացեք նաև
ՏԵՂԵԿԱՆՔ
Այսօրվա Կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է պետական բյուջեի եկամուտների ավելացման հաշվին 420000.0 հազ. դրամի չափով իրականացնել թվով 7 սարքերի և սարքավորումների՝ ձեռքբերման ներդրումային ծրագրեր:
- ֆիզիկա` XRF (ռենտգենյան ճառագայթների ֆլուորեսցենցիա) սպեկտրոմետրի ձեռքբերման նպատակով,
- մոլեկուլային ֆիզիկա` դիֆերենցիալ սկանավորող միկրոկալորիմետր ձեռք բերելու նպատակով` ԴՆԹ-ի հետ տարբեր հակաուռուցքային պրեպարատների (ցիսպլատին, տրանսպլատին, պորֆիրիններ և այլն) հետ փոխազդեցության մոլեկուլային մեխանիզմները պարզաբանելու ուղղությամբ իրականացվող հետազոտությունների համար,
- գիտություններ կյանքի մասին` Ատոմական ուժային մանրադիտակ ձեռքբերելու նպատակով, որը կարող է աշխատել բազմապրոֆիլ և’ կենսաբանական, և’ ֆիզիկական, և’ քիմիական, և’ նյութաբանական ոլորտում, ինչպես նաև լայն կիրառվում է դեղորայքի սքրինինգի ժամանակ,
- քիմիա` մասս-սպեկտրոմետրի հետ համակցված հեղուկ քրոմատոգրաֆ ձեռքբերելու նպատակով,
- ռադիոէլեկտրոնիկա/երկակի` ռադիոլոկացիայի, հատուկ նշանակության կապի, արբանյակային համակարգերի և երկակի նշանակության մի շարք այլ հետազոտություններ և մշակումներ կատարելու համար գերբարձր հաճախականության տիրույթի ունիվերսալ շղթաների վեկտորական անալիզատոր ձեռքբերելու նպատակով,
- ռադիոէլեկտրոնիկա/երկակի` գերբարձր հաճախականության տիրույթում ճառագայթիչ և գրանցիչ ձեռքբերելու նպատակով,
- հայագիտություն` լայնաֆորմատ սքանավորման բարձր տեխնոլոգիական համակարգի ձեռքբերման նպատակով:
Նույն որոշման համաձայն՝ նախատեսվում է պետական բյուջեի եկամուտների ավելացման հաշվին հատկացնել 28000.0 հազ. դրամ՝ Միջգիտակարգային տվյալների կենտրոնի (Interdisciplinary Data Center) ստեղծման համար: Կենտրոնի նպատակը պետք է լինի գիտական և գիտատեխնիկական գործունեության որոշակի ուղղություններում գիտական հետազոտությունների և տնտեսության համապատասխան բնագավառի տվյալների բազաների ստեղծում, վարում, վերլուծություն և (վերա) վերլուծություն, հետազոտական գործիքակազմի տրամադրում օգտատերերին, տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործում տվյալների վերլուծության մեջ և այլն:
ՀՀ կառավարության մեկ այլ որոշման համաձայն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2019 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտներից 2019 թվականին կհատկացվի 690,688.3 հազար դրամ, մասնավորապես.
- 0 հազար դրամը հատկացնել «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ին՝ կաթսայատան վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար,
- 24,680.0 հազար դրամը հատկացնել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին, որից՝
ա. 4,000.0 հազար դրամը՝ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում «Բաղնիք» և «Խճանկար» հուշարձանների նորոգման և ամրակայման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար,
բ. 20,680.0 հազար դրամը՝ հուշարձանախմբերի կամ առանձին զբոսաշրջային գրավչության տարածքներում QR կոդերով բազմալեզու ցուցանակների տեղադրման աշխատանքների համար,
- 613,743.3 հազար դրամը հատկացնել «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ին, որից՝
ա. 9,777.4 հազար դրամը՝ կազմակերպության մասնաճյուղ
Ա. Սարգսյան և Հ. Կոջոյան տուն-թանգարանի շենք-շինության վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար,
բ. 603,965.9 հազար դրամը՝ կազմակերպությանն ամրացված շենք-շինության օդափոխության համակարգի անցկացման համար,
- 13,620.0 հազար դրամը հատկացնել «Հ. Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ-ին՝ կազմակերպությանն ամրացված շենք-շինության վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար,
- 13,611.0 հազար դրամը հատկացնել «Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ին՝ կազմակերպությանն ամրացված շենք-շինության վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար,
- 24,384.0 հազար դրամը հատկացնել «Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ-ին՝ կազմակերպությանն ամրացված շենք-շինության վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն