Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքային նախկին իշխանությունը 90 միլիոն դրամ է փոշիացրել տրանսպորտում վերելակներ տեղադրելու գործընթացում

Հուլիս 11,2019 15:15

Քաղաքային նախկին իշխանությունը 90 միլիոն դրամ փոշիացրել է տրանսպորտում վերելակներ տեղադրելու գործընթացում:

Այսօր այս մասին «Հոդված 3» ակուբում ասաց «Հայկական ճամբար» ՀԿ ծրագրերի համակարգող, «Մատչելի տրանսպորտ» ծրագրի ղեկավար Վարդուհի Արամյանը:

Ծրագրի շրջանակներում, ինչպես Արամյանն ասաց, ուսումնասիրել են Երեւան քաղաքի թվով 25 ավտոբուսները վերելակներով համալրման 2015-2016 թվականների բյուջետային ծախսերը: Ներկայացնելով մշտադիտարկման արդյունքներն, Արամյանն ասաց. «Իրականացվել է մոտ 90 միլիոն դրամի անարդյունավետ ծախս, այդ գումարները փոշիացվել են: 25 տրանսպորտային միջոցներից, որոնցում 2-3 տարի առաջ տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց համար վերելակներ են տեղադրվել, միայն մեկն է անխափան աշխատում: Մյուսները խափանված են, չեն աշխատում»:

A press conference dedicated to the results of the monitoring of budget expenditures on replenishing 25 buses in Yerevan took place in ‘Article 3’ press club

Ասուլիսի մասնակից ՀԿ-ի նախագահ եւ նույն ծրագրի փորձագետ Սամվել Ռոստոմյանն էլ նշեց, որ վերելակների առաջին խմբաքանակը ձեռք բերելու համար 2015 թվականին մրցույթ է հայտարարել քաղաքային իշխանությունը, մրցույթին մասնակցել է մեկ կազմակերպություն, ձեռք են բերել մոտ 10 վերելակներ ու դրանք տեղադրել, ու այդպես երեք անգամ տեղադրել են, ծախսելով 90 մլն դրամ. «Հետո մեր քաղաքի պայմաններում դրանք չեն աշխատել, որոշել են վերանորոգել, եւս մոտ 12 մլն դրամ են ծախսել»:

Վարդուհի Արամյանի տեղեկացմամբ՝ այդ վերելակները տեղադրվել են 4 երթուղիներում՝ 14, 20, 22 եւ 28, դրանք Չինաստանից նվեր ստացած ավտոբուսներն են. «Բայց վերելակները հաճախակի խափանվել են: Այդ ավտոբուսները նախատեսված չեն եղել վերելակների համար: Չինաստանից հարցմանն ի պատասխան ասել են՝ միանշանակ, չի կարելի նման բան անել: Որովհետեւ ստիպված են եղել ավտոբուսների վրա փոփոխություններ անել, նաեւ մայթերը, փողոցները հարմար չեն այդպիսի շահագործման համար»:

Արամյանի ներկայացմամբ՝ քաղաքային նախկին իշխանությունները հարցին՝ ինչո՞ւ եք նման բան արել, եթե չէր կարելի, պատճառաբանել են՝ հանրային պահանջը գերադասվեց անվտանգությանը. «Ես կարծում եմ՝ նման բան չպիտի թույլ տրվեր, դա անվտանգ չէր որեւէ մեկի համար, ուղղակի եղել է վերեւից որոշում»:

Արամյանն ասաց, որ նման վերելակները տեղադրելու որոշումից առաջ քաղաքապետարանը մի քանի ՀԿ-ների հետ է աշխատել, բայց իրականում կարիքի գնահատում չի կատարվել, հաշմանդամություն ունեցող անձինք մասնակցություն չեն ունեցել:

20 16 թվականի այս վերելակների գնումների գործընթացն ուսումնասիրելով, հկ-ն պարզել է՝ գրված էր՝ նախորդ տարիներին դրանք տեղադրվել են, գերազանց շահագործվել է, լավ արդյունքներ են ցույց տրվել, ուստի 2016 թվին էլ են արել. «Բայց իրականության մեջ մենք պարզել ենք, որ շատ քիչ են օգտվել դրանցից, անհարմար է եղել»:

Ասուլիսին մասնակից հաշմանդամություն ունեցող Արեւ Մելքոնյանն էլ ասաց, որ այն անձինք, որոնց համար տեղադրվել էին այդ վերելակները, իրենք նույնպես, չգիտեին, թե որ ժամին կգար հարմարեցված ավտոբուսը. «Դիսպետչերին էինք հարցնում, ասում էր՝ չգիտենք, սպասեք կգան: Եվ հետո, իմ տանից պիտի տաքսիով գնայի այն կանգառ, որտեղով անցնում է տվյալ ավտոբուսը, որ նստեի ու գնայի իմ ուզած վայրը, բայց գերադասելի է միանգամից տաքսիով գնալ այնտեղ, որտեղ պիտի ավտոբուսով գնայի: Ավտոբուսի ներսում սայլակն ամրացնելու հնարավորություն չկա, արգելակման ժամանակ շարժվում է: Կան բարեհամբյուր վարորդներ, կան այնպիսիները, որոնք ասում են՝ ձեր փոխարեն 8 հոգի ավել մարդ կվերցնեի: Ուղեւորներից դժգոհություններ չեն եղել»:

ՀԿ-ի ներկայացուցիչներն ասացին, որ այժմ ակտիվ աշխատում են Երեւանի ավագանու անդամների եւ քաղաքային իշխանության հետ, որպես տրանսպորտային նոր ցանցը հարմարեցված լինի բոլոր տեսակի հաշմանդամություն ունեցող անձանց, պահանջում են տրանսպորտի բացարձակ մատչելիություն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031