Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդ քիմիկոս Սոֆիյա Այդինյանը դարձել է Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ «Oganesson» (Օգանեսոն) տարրի մրցանակակիր

Հուլիս 11,2019 15:20

ՀՀ ԳԱԱ Արամ Նալբանդյանի անվան Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, քիմիական գիտությունների թեկնածու Սոֆիյա Այդինյանը դարձել է Մենդելեևի պարբերական աղյուսակի 118-րդ «Oganesson» (Օգանեսոն) տարրի մրցանակակիր: Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ սույն թվականի հուլիսի 8-ին՝ Փարիզում, Մաքուր և կիրառական քիմիայի միջազգային միության (IUPAC) Գլխավոր ասամբլեայի 50-րդ և IUPAC-ի՝ 47-րդ Համաշխարհային Քիմիական կոնգրեսի նիստում:

Այս տարի աշխարհը նշում է Մենդելեևի պարբերական աղյուսակի 150-ամյակը: Այս կապակցությամբ IUPAC-ը և Երիտասարդ քիմիկոսների միջազգային ցանցը (IYCN) անցկացրեցին մրցույթ ամբողջ աշխարհի երիտասարդ քիմիկոսների շրջանում: Հաղթող ճանաչված 118 երիտասարդ քիմիկոսները, ում աշխատանքները ներառում է IUPAC- ի առաքելությունն ու հիմնական արժեքները, դարձան Մենդելեևի պարբերական աղյուսակի 118 տարրերի ներկայացուցիչ: Այսպիսով, ստեղծվել է Երիտասարդ քիմիկոսների պարբերական աղյուսակը:

Մենդելեևի աղյուսակի 118-րդ տարրը ստացել է «օգանեսոն» (Og) անունը՝ ի պատիվ տարրը հայտնաբերողի՝ ՌԴ Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի Ֆլյորովի անվան միջուկային ռեակտորների լաբորատորիայի գիտական ղեկավար, ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ Յուրի Օգանեսյանի:

Սոֆիյա Այդինյանի հետազոտությունները ներառում են նյութաբանության ոլորտը, մասնավորապես, կեղծ համաձուլվածքների, կենսահամատեղելի միացությունների, դժվարահալ անօրգանական միացությունների և այլ նանոկառուցվածքի նյութերի ստացումը բարձրջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզի` (ԲԻՍ) կամ այրման սինթեզի եղանակով: Գիտական հետազոտություններից են կենսավերարտադրողական համակարգերի մոդելավորումը և ստացումը ԲԻՍ եղանակով ադիտիվային տեխնոլոգիաների համար, ինչպես նաև կենսագազից ջրածնի ստացման ելքը մեծացնելու համար կայուն, արդյունավետ և մատչելի կատալիզատորների ստացումը լուծույթների այրմամբ սինթեզի եղանակով: Ներկայումս նա նաև զբաղվում է ադիտիվային տեխնոլոգիաների համար անհրաժեշտ կառուցվածքով բարձրջերմաստիճանային նյութերի սինթեզով: Սոֆիյա Այդինյանն առաջարկել է այրման ռեժիմում գերամուր և թեթև, նանոկառուցվածքով կերամիկական նյութերի ստացման նոր եղանակ 3D տպագրության համար, որոնք հեռանկարային են համարվում տիրեզերաշինության համար:

 

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

11.07.2019թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031