Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԵՄ-ը կաջակցի Վրաստանին, քանի դեռ վերջինս հավատարիմ է իր ռազմավարական-քաղաքական նպատակներին. Տուսկ

Հուլիս 11,2019 14:58

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Վրաստանին այնքան, քանի դեռ այդ երկիրը հարգում է իր ընդհանուր ռազմավարական քաղաքական նպատակները: Այս մասին հայտարարել է ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպումից հետո:

«Իմ բրյուսելյան փորձը ցույց է տալիս, որ դուք կարող եք հույս դնել եվրոպական զորակցության վրա, քանի դեռ շարունակվում է վրացական զորակցությունը, և քանի դեռ դուք հարգում եք ձեր ընդհանուր ռազմավարական քաղաքական-նպատակները: Ժողովրդավարությունը հաստատուն բանավեճ է, ոչ թե քաղաքացիական պատերազմ: Հետևաբար, ամեն ինչ ձեր ձեռքերում է»,- ասել է Տուսկը:

Խոսելով ԵՄ-Վրաստան հարաբերությունների մասին՝ Տուսկը նշել է, որ առևտուրն ընդլայնվում է, բայց «շատ ավելին կարող է արվել և կարվի՝ օգտագործելու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ողջ ներուժը»: Նրա խոսքով՝ ասոցացման համաձայնագրի շրջանակում գործակցությունն ընդլայնվում է բազմաթիվ ոլորտներում՝ սկսած կրթությունից մինչև գյուղատնտեսություն, տնտեսական զարգացումից մինչև շրջակա միջավայր:

«Այն հանգամանքը, որ վրացիներն առանց վիզայի կարող են ճամփորդել Եվրոպա, իսկ ԵՄ քաղաքացիները՝ Վրաստան, մեզ ավելի է մերձեցնում: Ձեր բացառիկ մշակութային ժառանգությունը, այդ թվում լիրիկական երաժշտությունն ու խոհանոցը, գրավում է մեզնից շատերի սրտերը: Վիզայի ազատականացման համատեքստում մենք համաձայն ենք, որ անհրաժեշտ է ավելացնել համատեղ ջանքերը՝ ներկայի մարտահրավերների դեմ արդյունավետ պայքարելու համար»,- ասել է Տուսկը:

ԵՄ խորհրդի նախագահը նաև «անարդարացի և ոչ տեղին» է համարել Ռուսաստանի վերջին որոշումը՝ արգելել չվերթները Վրաստան: «Բայց Ձեր երկիրը նախկինում դիմակայել է արտաքին ճնշումներին և այս անգամ էլ կդիմակայի: ԵՄ-ը կանգնած է Վրաստանի կողքին՝ լիարժեքորեն պաշտպանելով ձեր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասել է Տուսկը:

Նա նշել է, որ ԵՄ-Վրաստան հարաբերությունները կառուցված են ընդհանուր արժեքների վրա, իսկ Վրաստանի գլխավոր արժեքներից է հավատարմությունը ժողովրդավարական բարեփոխումների և օրենքի գերակայության նկատմամբ: «Այս գործընթացը պետք է շարունակվի շարունակական վճռականությամբ: Ինչպես գիտեք, վստահելի, անկախ և թափանցիկ դատական համակարգը առանցքային է հանրային վստահության, տնտեսության և սոցիալական զարգացման, ինչպես նաև օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար»:

Խոսելով ընտրությունների մասին՝ Տուսկը ողջունել է նախորդ ընտրությունների ժամանակ եղած թերությունները վերացնելու գործընթացը, ինչպես նաև կառավարությանը որոշումը՝ 2020թ. ընտրություններն անցկացնել համամասնական համակարգով: «Այս նախաձեռնությունը ես գնահատում եմ որպես իրական հնարավորություն՝ ամրապնդելու Վրաստանի ժողովրդավարական լանդշաֆտի բազմակարծությունը: Ես խրախուսում եմ բոլոր շահագրգիռ կողմերին օգտագործել այս հնարավորությունը՝ բարեխղճորեն աշխատելու համար»,- ասել է նա:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031