Քիչ առաջ մեկնարկել է Դատավորների ընդհանուր ժողովը: Հիշեցնենք, ժողովը հրավիրվել էր ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի որոշմամբ: Որոշումը կայացվել էր հունիսի 21-ին: Ժողովն ընտրելու է Բարձրագույն դատական խորհրդի դատավորներին:
Առաջադրվել են 11 դատավորի թեկնածուներ: 66 դատավոր դիմել էր, որպեսզի իրենց անունները չներառվեն ցանկում: ԲԴԽ անդամի առաջադրված թեկնածուներն են` Վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Մեսրոպ Մակյանը, Դավիթ Բալայանը, Սիմիզար Հովսեփյանը, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Խալաթյանը, Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Քոչարյանը, Արագածոտնի մարզի դատարանի դատավոր Սուրեն Մնոյանը, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանը, Շիրակի մարզի դատարանի դատավոր Գագիկ Հովհաննիսյանը և Սյունիքի մարզի դատարանի դատավոր Անահիտ Թումանյանը։
Դատավորների ընդհանուր ժողովը տեղի է ունենում Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, դռնփակ:
Հայաստանում գործող 234 դատավորներից ժողովին մասնակցում են 190–ը։
Կարդացեք նաև
Դատավորների ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է դատավորների ընդհանուր թվի կեսից ավելին:
Սահմանադրության 174-րդ հոդվածի համաձայն՝ ԲԴԽ-ի 10 անդամներից 5-ին՝ գիտնական-անդամներին, ընտրում է Ազգային ժողովը, իսկ 5 դատավորին՝ Դատավորների ընդհանուր ժողովը։ Այս պահի դրությամբ ԲԴԽ-ն ունի 4 գիտնական անդամ և 2 դատավոր անդամ։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ