Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է նաև վերջերս տեղի ունեցած ողբերգական ավտովթարներին: Նա, մասնավորապես ասել է.
«Հաջորդ թեման, որին կուզեի անդրադառնալ, վերջերս տեղի ունեցած ողբերգական իրադարձություններն են՝ բոլորիս հայտնի ավտովթար, ավտովթարները, որոնց արդյունքում մենք մեծ թվով զոհեր ունեցանք:
Բոլորդ գիտեք, որ ոստիկանությունում օրենքի նոր նախագիծ է մշակվել, որի հիմնական նպատակը կարգազանց վարորդներին ընդհանրապես երթևեկությունից հեռացնելն է:
Այսինքն՝ այն վարորդները, ովքեր պարբերաբար և չարամիտ խախտումներ են թույլ տալիս, պետք է երթևեկությունից ընդհանրապես հեռացվեն:
Կարդացեք նաև
Նախագիծն Ազգային ժողովում է, և կարծում եմ՝ մենք ԱԺ հետ պետք է քննարկենք, թե ինչ ժամկետներում կարող ենք հնարավորինս շուտ այդ նախագիծն ընդունել:
Այս հարցով, կարծում եմ, կառավարությունը և նաև ոստիկանությունը պետք է սերտորեն համագործակցեն հասարակական կազմակերպությունների հետ:
Հիշում եք, այդ թեմայով մեկ անգամ խոսակցություն ունեցել ենք իմ ֆեյսբուքյան եթերներից մեկի ժամանակ, երբ հնարավորություն պետք է ընձեռեինք համապատասխան ծրագրային ապահովումով, որպեսզի քաղաքացիները նույնպես երթևեկության կոպիտ խախտումներն արձանագրելու և դա ոստիկանություն ուղարկելու հնարավորություն ունենան:
Ես տեղյակ եմ, որ Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության ներկայացուցիչները հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ արդեն սկսել են այդ աշխատանքը, և ոստիկանությունն էլ տեղյակ է այդ աշխատանքից:
Պետք է հստակ արձանագրենք, որ քաղաքական կամքը և որոշումը կա, խնդիրն այս որոշման տեխնիկական մասն ապահովելն է, համապատասխան ծրագրային ապահովում լինի, որպեսզի այդ գործողություններն ինչ-որ ընթացակարգով մտնեն սովորական առօրյայի մեջ:
Բայց, պարոն Օսիպյան, մենք այս թեմաներով մի քանի անգամ խոսել ենք:
Կարծում եմ, որ պետք է արձանագրենք, որ հիմա հատկապես պետք է ճանապարհային երթևեկության նկատմամբ լինի կրկնակի և եռակի ավելի վերահսկողություն: Իհարկե, հասկանալի է, որ այսօր և հատկապես 2018-2019 թթ. Հայաստանի Հանրապետությունում ավտոմեքենաների քանակի աննախադեպ աճ է արձանագրվել:
Այսօր աներևակայելի թվով ավտոմեքենա կա Հայաստանի Հանրապետությունում, մեծ ծավալով ներկրումները շարունակվում են, և դա իր հերթին բերում է մարտահրավերներ, և այդ մարտահրավերներին արձագանքը պետք է լինի հետևյալը, որ ոստիկանությունն ամենակոշտ միջոցները պետք է ձեռնարկի կարգազանց վարորդների նկատմամբ:
Եվ էլի եմ ասում, պետք է հաշվի առնենք, որ վերջին դեպքերը ցույց տվեցին, որ այդտեղ որևէ հանդուրժողականություն չի կարելի ցուցաբերել, որովհետև խոսքը մարդկանց, մեր երեխաների, մեր հայրենակիցների կյանքի, անվտանգության և առողջության մասին է:
Պարոն Օսիպյան, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկել և ի՞նչ միջոցներ եք պատրաստվում ձեռնարկել այս հարցում շոշափելի փոփոխություն ունենալու համար, մինչև օրենքի նախագիծը կընդունվի, ուժի մեջ կմտնի և արդեն գործնականում կկիրառվի»:
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն