Լրահոս
Օրվա լրահոսը

Ձախողում՝ Լեհաստանում, Բաբաջանյանի խոսքով՝ «Ռուբեն Ռուբինյանի փոխարեն կարծես նստած էր Արմեն Աշոտյանը»

Հուլիս 11,2019 14:15

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները ասուլիս էին հրավիրել՝ խոսելու Լեհաստան կատարած այցի մասին:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանն ասաց. «Լեհաստանի արտաքին գործերի նախարարը Բաքվում հայտարարություն է արել, որտեղ սատարում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ չնշելով ազգերի ինքնորոշման մասին: Մենք դրա վերաբերյալ բավականին հետաքրքիր եւ անկեղծ քննարկում ունեցանք: Դրա արդյունքը եղավ այն, որ արտգործնախարարը մեզ հավատացրեց, որ այսուհետ Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը կլինի շատ ավելի ուշադիր եւ բալանսավորված այդ հարցերում»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն ասաց, որ պիտի հիասթափություն հայտնի իրենց վարած խորհրդարանական դիվանագիտության մասին առհասարակ. «Կարծում եմ, առավելապես ԵՄ-ն եւ ԵՄ առանձին երկրների հետ աշխատանքը պատշաճ մակարդակով չի կատարվում ԱԺ-ի եւ արտաքին գերատեսչության մակարդակում ու Լեհաստանը փայլուն օրինակ է՝ պատշաճորեն չկատարված աշխատանքի: Մեզ համար շատ կարեւոր է Լեհաստանը, գուցե կհիշեն, թե ինչպես էր Լեհաստանը փորձում 2008-ից հետո ՀՀ ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման գործում դերակատարություն ստանձնել, այդ ջանքերը չենք կարող անտարբերության մատնել: Նաեւ այն ջանքերը, այն աշխատանքը, որ իրականացնում էին ԵՄ համաձայնագրի՝ ՀՀ-ի ասոցացման գործընթացի շրջանակներում»:

Բաբաջանյանի խոսքով՝ Լեհաստանում համատեղ նիստից այնպիսի տպավորություն է եղել, որ լեհերը նույնիսկ տեղյակ չեն, որ Հայաստանում իշխանություն է փոխվել, հեղափոխություն է եղել. «Նրանք բոլորը շարունակում էին ի դեմս մեզ տեսնել մարդկանց, ովքեր ուղիղ կապ ունեն նախկին իշխանության հետ, ասենք, Ռուբեն Ռուբինյանի փոխարեն կարծես նստած էր Արմեն Աշոտյանը, եւ հռետորաբանության ու տեքստերի փոփոխություն ես առնվազն չէի նշմարում, թեեւ մեզ մոտ կային այդպիսի սպասումներ»:

Նա ասաց, որ լեհերի մոտ մինչեւ վերջ էլ չի գտել ընկալում առ այն, որ նրանք պատկերացնում են մեր երկրում տեղի ունեցած փոփոխությունների ծավալները. «Դա նրանց մեղքը չէ, մեր մեղքն է, մեր խորհրդարանականների՝ ոչ պատշաճ մակարդակի կատարած աշխատանքն է: Խոսվեց արտգործնախարարությունում մեր հանդիպման մասին, դա ուղղակի ձախողում է: 2019-ի ապրիլին Լեհաստանի նախագահը պիտի տարածաշրջանային այցով լիներ Հարավային Կովկասում, ստացվեց այնպես, որ նա այցելեց միայն Ադրբեջան, ՀՀ չեկավ: Մենք դեռեւս սպասում ենք, որ դա տեղի կունենա, իսկ դա տեղի չի ունենա, որովհետեւ Լեհաստանում սպասվում են նախագահական ընտրություններ, իսկ դրանից առաջ կարծես թե ժամանակացույցում մենք տեղ չունենք: Միեւնույն ժամանակ այն հայտարարությունը, որ հնչել է Ադրբեջանում Լեհաստանի արտգործնախարարի շուրթերից, մեզ անհանգստացնում է: Պետք էր պատշաճ աշխատանք տարվեր առնվազն մեր դեսպանի մակարդակով, Լեհաստանի հետ հարաբերությունները դա թույլ են տալիս: Պետք էր թույլ չտրվեր այդպիսի ձեւակերպում Բաքվում: Այստեղ եւս պետք է դեսպանների հարցը կրկին օրակարգ բերենք: Ես չտեսա նաեւ խանդավառություն մեր դիվանագիտական ներկայացուցչության շրջանում ՀՀ-ում տեղի ունեցածի եւ տեղի ունեցածի համատեքստում իրենց աշխատանքը վերակազմակերպելու ցանկություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Այս յօդուածի մեխը վերջին երկու նախադասութիւնն էին՝
    «… Այստեղ եւս պէտք է դեսպանների հարցը կրկին օրակարգ բերենք: Ես չտեսայ նաեւ խանդավառութիւն մեր դիւանագիտական ներկայացուցչութեան շրջանում ՀՀ-ում տեղի ունեցածի եւ տեղի ունեցածի համատեքստում իրենց աշխատանքը վերակազմակերպելու ցանկութիւն»:

    ՀՀ ԱԳՆ-ն եւ յատկապէս դեսպանները մնացել են «հին Հայաստանում»: Այս գերատեսչութիւնում որակական առաջընթաց գրեթէ չկայ: Ես սա մի քանի անգամ շեշտել եմ «Առաւօտում» տպագրուած իմ յօդուածներում:
    Փաշինեանը պարզապէս չի նկատում, որ ԱԳՆ-ի եւ դեսպանների մի ստուար զանգուած երեսին ժպտում են, բայց հոգու խորքում «տանել չեն կարողանում» Փաշինեանին եւ փափագում են «հին ժամանակների» մասին:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031