Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասկանալի է, որ Հայաստանը սկսելու է վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան մոտ ապագայում». Հակաբեղմնավորիչների թեմայով քննարկում՝ ԱԺ-ում

Հուլիս 11,2019 14:08

Այսօր ԱԺ-ում «Հակաբեղմնավորիչների եվրոպական ատլասի ներկայացում» թեմայով քննարկում էր կազմակերպվել` ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախաձեռնությամբ: Քննարկման ժամանակ «Վերարտադրողական եւ սեռական իրավունքի եվրոպական պառլամենտական ֆորումի» գլխավոր քարտուղար Նեիլ Դաթթան անդրադարձավ Ստամբուլյան կոնվենցիային: Նրա խոսքով՝ 1994 թվականին միջազգային հանրությունը հասկացավ, որ մարդու իրավունքները, հատկապես կանանց իրավունքները մարդկային զարգացման մեջ առանցքային նշանակություն ունեն:

Այդ ժամանակից միջազգային հանրությունը ընտանիքի պլանավորման վերաբերյալ մոտեցումը փոխեց. «Եթե գիտեք պատմությունը, ապա կհիշեք, որ ակտիվ ծրագրեր կային, որ ստիպողաբար ընտանիքի պլանավորում էին իրականացնում, հատկապես՝ Հնդկաստանում: 94-ին միջազգային հանրությունն ասաց, որ ոչ, դա մարդու իրավունքների խախտում է: Այսօր նորից տեսնում ենք փորձեր՝ սահմանափակելու կանանց իրավունքները: Ժողովրդագրական արդյունք ստանալու համար ինչ-որ ավելի շատ երեխա ունենալու ճնշում ենք տեսնում: Նույնիսկ ԱՄՆ-ում սահմանափակում են կնոջ աբորտի իրավունքը 6 շաբաթով, այսինքն, հղիության սկզբի 6 շաբաթում կարող է աբորտ անել, Հունգարիայի կառավարությունը նույնպես միջոցներ է ձեռնարկում՝ կանանց իրավունքները սահմանափակելու: Թուրքիան, ՌԴ-ն, իրենք էլ են այդ ուղղությամբ ընթանում:

Մեր շարժման մասին ընդգծելով՝ նշեմ բացթողումը: Հաճախ մարդիկ կարծում են, որ երբ այսպիսի շարժում է  ի հայտ գալիս, ես լսել եմ, որ արդեն Հայաստանում էլ այդպիսի շարժում կա, մարդիկ կարծում են, որ ազգային խնդիր է դա ու ամաչում են, չգիտեն ինչպես այս հարցերին արձագանքել: Մենք ֆիլմ կցուցադրենք այստեղ եւ ցույց կտանք, որ սա բնավ էլ ազգային խնդիր չէ, անդրազգային է»:

Այնուհետեւ Նեիլ Դաթթան ասաց. «Հասկանալի է, որ Հայաստանը սկսելու է վավերացնել ստամբուլյան կոնվենցիան մոտ ապագայում, սա կարեւոր միջազգային փաստաթուղթ է, սա առաջադիմական միջազգային համաձայնագիրն է Եվրոպայում, երաշխավորում է կանանց իրավունքը՝ պաշտպանված լինելու բռնությունից: Սա պիտի որ վավերացնեն խորհրդարաններում: Սակայն մի շարք երկրներում հակագենդերային քարոզարշավներ են սկիզբ առել: Որոշ երկրներ բավականաչափ պատրաստված չեն եղել եւ չեն կարողացել ստամբուլյան կոնվենցիան վավերացնել, օրինակ, Բուլղարիան: Ձեր խորհրդարանը մոտակա 18 ամիսներին քննարկելու է դա, օգտակար կլիներ, որ գոնե ուրիշ երկրների օրինակներին ծանոթ լինեիք: Եթե նման հակագենդերային քարոզչություն ՀՀ-ում տեղի ունենա, կարող եք միանգամից, որպես քաղաքական գործիչներ, կառավարության ներկայացուցիչներ, հասկանալ ու միանգամից արձագանքել դրան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031