Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովը սկսում է ակտիվ աշխատանքային փուլը. արդեն որոշել ու հաստատել են ներկա ու նախկին պաշտոնյաների բավականին մեծ անվանացանկ, որոնց անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրման ընթացքում հրավիրելու են հանձնաժողովի նիստերին։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
Զրուցակցի պնդմամբ՝ որպեսզի ուսումնասիրությունը լինի էֆեկտիվ, բացի հիմնական կազմից՝ տարվելիք աշխատանքներում ներգրավված են նաեւ հանձնաժողովի փորձագետները, անհրաժեշտության դեպքում հրավիրելու են նաեւ լրացուցիչ այլ փորձագետների, այդ թվում՝ գուցե հենց պաշտպանության նախարարությունից։
Հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ ՊՆ-ում այս տարիների ընթացքում կարող էին որոշ փաստաթղթեր ոչնչացնել, ինչպես, օրինակ, վարչապետը հայտարարել էր, որ ԱԱԾ-ում ինչ-որ
փաստաթղթեր արդեն ոչնչացվել են, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Մենք գիտենք, թե ինչ փաստաթղթեր պետք է ուսումնասիրենք, դրա համար ՊՆ-ի հետ համագործակցելու ենք ու պահանջելու ենք անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Ես մի բան գիտեմ իմ փորձից, որ եթե ոչնչացնում են, դրանց հետքերը չեն կարող ոչնչացնել, դա արդեն քրեական հետապնդման հիմք կարող է հանդիսանալ։ Պետք է հասկանալ, որ ինչպես մարտի մեկին փորձում էին կոծկել փաստաթղթերը, կեղծել եւ այլն, չէին մտածում, որ գալու է մի օր, երբ պետք է պատասխան տան։ Նույն Վահագն Հարությունյանը կեղծիքների համար փախել է, չէ՞, նախաքննական մարմնից,
Կարդացեք նաև
Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ապօրինի որոշումների համար փախած է, դա էլ հենց այսօրվա իրողությունն է, որ մնացած բոլորի համար պետք է դաս լինի, որ պետական ինստիտուտները պետք է ծառայեն իրենց նպատակներին, եւ որեւէ խոչընդոտ պետք է չլինի»,– ասաց զրուցակիցը՝ ընդգծելով, որ այս հանձնաժողովներն աշխատում են ի նպաստ համապատասխան կառույցների եւ ոչ թե մահակի դեր են ստանձնում, այլ առողջացման դեր են կատարելու, ինչին պետք է օգնի նաեւ նախարարությունը։
ՀԱՅԱՐՓԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում