Վերաքննիչ քրեական դատարանն այսօրվա որոշմամբ մերժել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հանդեպ հետախուզում հայտարարելու որոշման դեմ նրա պաշտպան Միհրան Պողոսյանի (լուսանկարում) ներկայացրած վերաքննիչ բողոքը։
Միհրան Պողոսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Վերաքննիչ դատարանի որոշման եզրափակիչ մասում ասվում է, որ բողոքը մերժվել է Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների, այլ ոչ թե առաջին ատյանի դատարանի դիրքորոշման հիմքով. «Սրանից ակնհայտ է, որ առաջին ատյանի դատարանի պատճառաբանությունները փոխվել են»:
Հիշեցնենք, որ այս բողոքով Հարությունյանի պաշտպանը պահանջում էր բեկանել առաջին ատյանի դատարանի՝ ավելի վաղ կայացրած այն որոշումը, որով Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ քննիչի որոշումն օրինական էր համարվել:
Միհրան Պողոսյանը տեղեկացրեց՝ երբ ստանան Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշումը, պարզ կլինեն հետագա քայլերը. «Հավանաբար, կբողոքարկենք Վճռաբեկ դատարանում՝ սպառելով ՀՀ բոլոր ներպետական ատյանները, ապա կքննարկենք միջազգային ատյաններին դիմելու հիմքերը»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Վահագն Հարությունյանը 2018թ.-ից հետախուզման մեջ է: Նա Մարտի 1-ի քրեական գործով մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, նաեւ՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով:
Նա մեղադրանքը շինծու է որակում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ