«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել ԱԱԾ-ի դեմ՝ Սահմանադրական դատարանի 2012թ.-ի համապատասխան որոշումը կատարելու պահանջով: Պատասխանող կողմը ոչ թե ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանն է, այլ ԱԱԾ-ն: Այս մասին Aravot.am-ին հայտնեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Ներկայացնելով, թե ինչն է դրված հայցի հիմքում, նա նախ նշեց, որ բոլոր գերատեսչություններն ունեն գաղտնագրված տեղեկությունների գերատեսչական ցանկ: «Դա գերատեսչության այն ցանկն է, որը սահմանում է, թե որ տեղեկություններն են գաղտնի: Սահմանադրական դատարանի նշյալ որոշմամբ՝ այդ ցանկը չի կարող գաղտնի լինել, այն պետք է հրապարակային լինի: Առաջինն այդ որոշմանը ենթարկվել է եւ գաղտնի տեղեկությունների ցանկը հրապարակել է Պաշտպանության նախարարությունը, նաեւ՝ ոստիկանությունը՝ բանակցություններից հետո: Որոշ մարմիններ դա արել են հ/կ-ների ճնշման ներքո: Մենք նախորդ տարիներին դատական հայցեր էինք ներկայացրել ԱԳՆ-ի եւ Էներգետիկայի նախարարության դեմ: Դատարանում նրանց ստիպեցինք հրապարակել այդ ցանկերը, եւ, ի վերջո, մենք հաղթած դուրս եկանք՝ ցանկերը հրապարակվեցին: Հիմա հերթը հասել է ԱԱԾ-ին: Բոլոր այն մարմինները, որոնք չեն կատարում ՍԴ-ի որոշումը, Վարչական դատարանով պարտադրվում են կատարել: Սկզբից փորձում ենք բացատրել, եթե չի ստացվում, դիմում ենք դատարան, որպեսզի հարգեն ՍԴ որոշումը»,-ասաց Դանիել Իոաննիսյանը:
Նա շեշտեց՝ այս գործընթացը կապ չունի իր եւ ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի հարաբերությունների հետ, ինչպես ոմանք են ենթադրում. «Այս հայցը լինելու էր, անգամ եթե Արթուր Վանեցյանը լիներ իմ հարազատ եղբայրը»:
Դանիել Իոաննիսյանը նշեց. «Չեմ կարծում, որ ԱԱԾ-ն կարող է որոշել, թե ՍԴ-ի որոշումը պետք է կատարի, թե ոչ: ՍԴ որոշումը կատարման ենթակա է: ԱԱԾ-ն իրավունք չունի դրան հակազդելու: Կներեք, բայց ԱԱԾ-ն քանի՞ գլխանի է, որ ՍԴ-ի որոշումը չկատարի: ՊՆ-ն կատարել է, Ոստիկանությունը կատարել է: Մենք չենք խնդրում գաղտնիք տրամադրել, որը կարող է վնասել պետության անվտանգությանը: Մենք խնդրում ենք տրամադրել այն տեղեկությունների ցանկը, որոնք այդպիսին են: Ընդ որում, ցանկի այն տողերը, որոնք իրենց վերտառության մեջ գաղտնիք են պարունակում, կարող են չտալ, բայց մնացած տեղեկությունները, որոնք վերտառության մեջ գաղտնիք չեն պարունակում, թեեւ ինքնին գաղտնիք են, ԱԱԾ-ն պետք է տա: Նա պետք է ասի, որ իր մոտ, օրինակ, A, B կամ C տեսակի տեղեկությունները գաղտնագրված են: Նաեւ պետք է ասի, որ կան այլ գաղտնի տեղեկություններ եւս, որոնք չի ասի, որովհետեւ ասելու դեպքում խնդիր կլինի: Բայց այն տեղեկությունը, որի գոյության փաստը գաղտնի չի, այդ տեղեկության գաղտնի լինելու փաստը պետք է հրապարակվի»:
Կարդացեք նաև
Դանիել Իոաննիսյանն օրինակով բացատրեց. «Ենթադրենք, ՊՆ-ն ասում է, որ իրենց մոտ տանկերի քանակը գաղտնի է: Եթե հանրությունը կամ Ադրբեջանն իմանում են, որ տանկերի քանակը գաղտնի է, դրանից որեւէ խնդիր չի առաջանում, որովհետեւ որեւէ մեկի համար գաղտնի չէ, որ ՀՀ-ն տանկ ունի: Հո չե՞նք ասում՝ տանկերի քանակն ասեք, ընդամենն ասում ենք՝ նշի, որ տանկերի քանակը գաղտնի է, որպեսզի լրագրողները եւ հ/կ-ները դիմելիս չասեն՝ տանկերի քանակ ասեք: Մերժելու դեպքում էլ ՊՆ-ն կարող է հղում անել այն կետին, որի հիման վրա մերժում է լրագրողին տեղեկություն տալը: Այդ դեպքում միայն լրագրողը կիմանա, թե մերժումը որքանով է իրավաչափ»:
Մեր զրուցակիցն այլ օրինակ էլ բերեց. «Ենթադրենք՝ ՊՆ-ն ունի զինատեսակ, որի գոյությունն անգամ գաղտնի է: Եթե այդ ցանկում ՊՆ-ն գրի, որ, օրինակ, սուզանավերի քանակը գաղտնի է, կբացահայտվի, որ ՀՀ-ն սուզանավ ունի: Դրանով գաղտնիքը կհրապարակվի: Դրա համար այն տողերը, որոնց անվանումը կարող է նման խնդիր առաջացնել, գաղտնի են մնում, որպեսզի որեւէ մեկը չիմանա ՀՀ-ի՝ սուզանավ ունենալ-չունենալու մասին: Բայց այն դեպքերում, երբ տեղեկատվության տողի հրապարակումը խնդիր չի, օրինակ՝ տանկերի քանակը գաղտնի է, այն պետք է հրապարակվի. այդտեղ խնդիր չկա, որովհետեւ բոլորն էլ գիտեն, որ ՀՀ-ն ունի տանկեր: Երբ որեւէ մեկը դիմի ՊՆ-ն՝ տանկերի քանակն իմանալու ակնկալիքով, ՊՆ-ն կասի՝ ոչ, դա գաղտնի է, եւ կմեջբերի համապատասխան ցանկը»:
Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ այս ամենը կատարվում է այն նպատակով, որպեսզի լրագրողների՝ պետական մարմիներին դիմելու դեպքում վերջիններս չկարողանան անտեղի մերժել լրագրողների հարցումները. «Պետական մարմինը չպետք է մերժի տեղեկության տրամադրումը միայն նրա համար, որ չի ուզում դա տրամադրել: Լրագրողն էլ կկարողանա հղում կատարել ցանկին, փաստել, որ իր պահանջած տեղեկության տրամադրումը գաղտնի չէ, եւ պահանջել այդ տեղեկությունը, այլապես՝ դատարան կդիմի: Շատ կարեւոր է արձանագրել, որ սա արվում է տեղեկատվության ազատության սահմաններում: Կա ՍԴ որոշում, որը պետական մարմինները պետք է հարգեն: Ովքեր չեն հարգում, հայտնվում են դատարանում»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ