Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախագահը գնդակը տեղափոխում է ՀՀ ֆինանսների նախարարության դաշտ. «168 ժամ»

Հուլիս 11,2019 13:08

Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ) շուրջ 63 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտ է ապահովել այս տարվա առաջին կեսին, քան նախատեսված է եղել պետական բյուջեով: Վեց ամսում կատարվել է ամբողջ տարվա կտրվածքով կանխատեսված գերակատարումը: Թվում է, թե փայլուն արդյունք է: Բայց արդյո՞ք այդպես է:

Հարկային եկամուտների պլանը, անշուշտ, միշտ էլ կարելի է գերակատարել։ Դրա համար ընդամենն անհրաժեշտ է նախապես ավելի քիչ եկամուտ պլանավորել։ Իսկ հետո կարելի է ավելի հավաքել և հայտարարել, որ պլանը գերակատարվել է։ Իհարկե, դրանից շատ բան չի փոխվի, բայց կարևորը՝ հասարակությունը կտեսնի, թե որքան լավ է աշխատում կառավարությունը։

Ի դեպ, այս տարի կարծես փոխվել է մոտեցումը նաեւ բյուջեի եկամուտների ճշգրտման առումով։ Սովորաբար ամեն տարվա սկզբին կառավարությունը տարբեր գործոններով պայմանավորված, ճշգրտումներ է մտցնում բյուջեի ցուցանիշներում։ Թեև այս տարի ևս նման ճշգրտում կատարվել է, այնուհանդերձ ցուցանիշների փոփոխությունն անհամեմատ համեստ է. ի սկզբանե պլանավորված 1 տրիլիոն 403 մլրդ դրամից հարկային եկամուտները հասցվել են 1 տրիլիոն 407 միլիարդի։ Ճշգրտումը կազմել է ընդամենը 4 մլրդ դրամ։

Բյուջեի եկամուտների գերակատարման մասին վարչապետը հայտարարեց դեռևս մի քանի ամիս առաջ։ Նախապես խոսքը 40 մլրդ դրամի մասին էր, որը հետո ավելացվեց ևս 22 միլիարդով։ Ըստ էության, առաջին կիսամյակի գերակատարումն այդքան էլ կազմել է։ Նույնիսկ մի փոքր էլ ավելի է հավաքվել։

Եթե առաջին կիսամյակում է հավաքվել այդքան ավելի գումար, ապա տրամաբանորեն մուտքերի գերակատարումը պետք է պահպանվեր նաև հետագա ամիսներին։ Բայց պարզվում է այդպես չի լինելու, և նման հույսեր չպետք է փայփայել։ Պետեկամուտների կոմիտեի նախագահն արդեն այժմվանից փորձում է ապահովագրել իրեն՝ հայտարարելով, որ նման սպասելիքներ չպետք է ունենալ։

Ընդհակառակը՝ երրորդ եռամսյակի պլանավորված ցուցանիշը նույնիսկ կթերակատարվի։ Պատճառը համարվում է հարկային եկամուտների եռամսյակային համամասնությունների ոչ ճիշտ պլանավորումը։

Սրանով ՊԵԿ նախագահը գնդակը տեղափոխում է ՀՀ ֆինանսների նախարարության դաշտ։ Բյուջեի եռամսյակային համամասնությունները պլանավորում է հենց այս նախարարությունը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031