Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն նախնական տվյալներով գիտի՝ որն է եղել էլեկտրաէներգիայի տատանումների պատճառը, բայց կուսումնասիրի

Հուլիս 11,2019 13:10

Այսօր կառավարության նիստում ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանը վարչապետին ասաց, որ իր կողմից հանձնարարություն է տրվել, որպեսզի նյութեր նախապատրաստվեն երեկ էլեկտրաէներգիայի տատանումների, անջատումների հետ կապված: Վանեցյանն ասաց, որ նպատակը էներգետիկ համակարգի խափանման պատճառները պարզելն է:

«Չնայած նախնական տվյալներ կան, բայց ես կարծում եմ, որ պետք է խորը ուսումնասիրություն իրականացվի, հետաքննություն անցկացվի, տրվի գնահատական՝ միտում եղե՞լ է, թե՝ ոչ, կա՞ն մեղավորներ, ցուցաբերվե՞լ է անգործություն, թե՞ ոչ: Արդյունքների մասին կտեղեկացնեմ»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Վարչապետ Փաշինյանն ասաց, որ երեկ ժամը 20:00-ի մոտակայքում ամբողջապես վերականգնվել էր ողջ էներգահամակարգի գործունեությունը. «Շնորհակալություն եմ ուզում հայտնել Իրանի ու Վրաստանի մեր գործընկերներին, որոնք օպերատիվ աջակցեցին, հնարավոր եղավ խուսափել այնպիսի հետեւանքներից, երբ էներգետիկ համակարգը երկարատեւ կոլապսի առաջ է կանգնում: Երբ քննարկում էինք փոխարկիչի հետ կապված խնդիրը, մասնագետները նման իրավիճակ նկարագրում էին: Այնպես որ, պրակտիկ առումով այդ քննարկման ժամանակ եղած տեսական իրավիճակը երեկ տեղի ունեցավ: Մեր էներգետիկ համակարգը ցուցաբերեց բավարար ճկունություն, կենսունակություն, ուղղակի պետք է հասկանալ վթարի պատճառները»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի, կա երկու վարկած, որոնց թվում ներքին պատճառներ չկան:

Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը արձագանքելով հարցին, ասաց, որ կառավարության նիստից առաջ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կպարզի՝ որոնք են եղել խափանման իրական պատճառները:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031