Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միասնություն՝ սպորտով. Արցախում ընթանում են Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման նախապատրաստական աշխատանքները

Հուլիս 11,2019 12:04

Արցախում այս օրերին ընթանում են Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման նախապատրաստական աշխատանքները: Դրանց ծանոթանալու, ընթացքում ծագող հարցերը տեղում կարգավորելու նպատակով Ստեփանակերտ է այցելել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը:

Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ նա հետևել է առավոտից երեկո Ստեփանակերտի գլխավոր մարզադաշտում ընթացող մշակութային խմբերի, կամավորների փորձերին: Իշխան Զաքարյանը նշել է, որ չափազանց գեղեցիկ բացում է լինելու՝ լի հաճելի անակնկալներով:

«Ավելի քան 1500 պրոֆեսիոնալ պարող, դերասան և կամավորներ են մասնակցելու հանդիսավոր բացմանը: Քանի որ այցելուների և մասնակիցների թիվը շատ մեծ է լինելու՝ տասնյակ հազարից ավելի, իսկ մարզադաշտում տեղերը սահմանափակ են, հոգացել ենք, որպեսզի միջոցառումը հասանելի լինի նաև դրսից հետևողներին: Դրա համար երկու շատ մեծ էկրաններ են տեղադրվելու Ստեփանակերտի հրապարակում, որոնց միջոցով բոլորը հնարավորություն կունենան հետևելու բացման արարողությանը՝ ուղիղ հեռարձակմամբ»,- ասել է Իշխան Զաքարյանը:

Համահայկական 7-րդ ամառային խաղերի գլխավոր մրցավար Դերենիկ Գաբրիելյանը տեղեկացրել է, որ բացի հանդիսավոր բացումը, Արցախում են կայանալու 17 մարզաձևից 6- ի մրցումները:

«Արցախում կմեկնարկենք շախմատը, ֆուտբոլը, բազկամարտը, վոլեյբոլը, սպորտային պարերը և հեծանվավազքը: Ընդ որում, մրցումները կընթանան ոչ միայն Ստեփանակերտում, այլև Մարտակերտում, Մարտունիում, Ասկերանում»,- ասել է Դերենիկ Գաբրիելյանը:

Հուլիսի 27-ից կսկսվեն գլխավոր փորձերը, որոնց ընթացքում առանձին-առանձին բեմականացված, հղկված դրվագները կմիավորվեն մեկ ընդհանուր ներկայացման մեջ:

Հայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք եռամիասնության խորհրդով Համահայկական 7-րդ ամառային խաղերը կընթանան օգոստոսի 5-17- ը:

Բացման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 6- ին՝ Ստեփանակերտի գլխավոր մարզադաշտում, փակումը կկայանա օգոստոսի 17- ին՝ Երևանի Ազատության հրապարակում:

Խաղերի կարգախոսն է՝ «Միասնություն՝ սպորտով»:

Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի
լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031