Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԲԴԽ-ի առաջին խնդիրը պետք է լինի իրականացնել դատաիրավական բարեփոխումները և դրանով վերադարձնել հանրային վստահությունը այս իշխանության նկատմամբ. «Ժամանակ»

Հուլիս 11,2019 11:18

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը դիմում է գրել և դուրս է եկել ցուցակից։ Ասաց, որ դա լրացուցիչ ծավալի աշխատանք է, լրացուցիչ պատասխանատվություն, և իրեն այս պահին հարմար չի տեսնում լինել ԲԴԽ-ում։

«Մեկ անգամ անցած տարի ընկերներիս հորդորով դիմեցի և չանցա։ Այս անգամ չեմ ուզում։ Կարծում եմ, որ դա բավականին ծանր աշխատանք է, և այս պահին այդ աշխատանքը ստանձնելու ավելի արժանավոր թեկնածուներ կան։ Ես այդպես եմ կարծում»,- ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ վաղը նախատեսված դատավորների ընդհանուր ժողովում քննարկվելու է հենց այս հարցը։

Մեր դիտարկմանը, թե որքանով է տրամաբանական նոր ԲԴԽ-ն ձևավորել նախկինում և դեռևս ներկա խնդրահարույց դատական համակարգի ներկայացուցիչներից, և արդյոք այս պայմաններում ձևավորված կառույցը կարո՞ղ է վստահություն վայելել, մի բան էլ դառնալ վեթինգ իրականացնող մարմին, Պետրոսյանը պատասխանեց.

«Նախ՝ այդ վեթինգն ավելի խստացված տարբերակով էր, բայց հիմա օրենսդիրը, կարծես, փոխում է դա և գնում ավելի համապարփակ բարեփոխումների դատական իշխանության մեջ։ Եթե նայենք այդ տեսանկյունից, ապա համակարգում եղած 230 դատավորներն էլ դիմում չեն գրելու դուրս գան։ Այդ իշխանությունը կրողների առնվազն 70 տոկոսը արժանավոր մարդիկ են և շարունակելու են պաշտոնավարել։ Բնականաբար այդ մարդկանց մեջ կլինեն այն անձնավորությունները, որոնք պետք է տեղ գտնեն մեր ԲԴԽ-ում։ Ասել, որ այսօր դատական իշխանության նկատմամբ վստահություն չկա և նրա կողմից ընտրված ԲԴԽ ներկայացուցիչների հանդեպ ևս վստահություն չի կարող լինել՝ սխալ է. չէ՞ որ համակարգի շատ դատավորներ շարունակելու են պաշտոնավարել։ Համակարգի 70 տոկոսը, որը վեթինգի արդյունքում առողջանալու է և շարունակելու է գործել, նրանցից էլ կարող է նաև ԲԴԽ անդամ ընտրվել»։

Դատավորից հետաքրքրվեցինք՝ վերջին շրջանի խմորումներից, զարգացումներից հետո նոր ձևավորվող ԲԴԽ-ն ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի, որ վերականգնի հանրային վստահությունը:

«Ես կարծում եմ, որ առաջին հերթին վերջնական ձևավորված կառույցը պետք է դատական իշխանությունը կրող հանրությանը և դատավորներին ներկայացնի, թե ինչ տեսքով է պատկերացնում իրավական բարեփոխումները։ Չէ՞ որ հանրության վստահությունը դատական իշխանության նկատմամբ կարող է վերականգնվել հենց այդ բարեփոխումների արդյունքում։ Ռադիկալ մոտեցումը դատական իշխանության նկատմամբ շատ վտանգավոր է։

Ասել բոլորին՝ դիմում գրեք և գնացեք, սխալ է։ Բայց եթե բարեփոխումների, առողջացման ընթացքում մենք ունենանք դատական իշխանություն, և հանրությունը զգա, որ այդ դատական իշխանությունը փոխված է, որ ԲԴԽ-ն իրականացրեց այդ բարեփոխումը, ապա հենց դա էլ կլինի այն հաղթանակը, որը կլինի մեր ԲԴԽ-ի ձեռքբերումը։ Մենք դա ենք ակնկալում։

Այսինքն՝ ցավոտ բարեփոխումները իրականացնել հնարավորինս մեղմ, հնարավորինս օրենքի պահանջներին և միջազգային պայմանագրերին համապատասխան։ Դատական համակարգի առողջացումն առաջին հերթին անհրաժեշտ է դատական իշխանությունը կրողներին, որովհետև դրանից հետո ոչ ոք չի ասելու՝ դուք վստահություն չեք վայելում։ Այսինքն՝ ԲԴԽ-ի առաջին խնդիրը պետք է լինի իրականացնել դատաիրավական բարեփոխումները և դրանով վերադարձնել հանրային վստահությունը այս իշխանության նկատմամբ»,-ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ դրա համար շատ անհրաժեշտ է, որ ԲԴԽ-ում լինեն մարդիկ, ովքեր մեջից շատ լավ պատկերացնում են համակարգի խնդիրները։

Սոնա Հարությունյան

Նյութն ամբողջությամբ` «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031