Լրահոս
Օրվա լրահոսը

Առաքելությունը «լայքեր» եւ «սրտիկներ» չի բերում

Հուլիս 11,2019 10:00

Իմ բազմամյա լրագրողական պրակտիկայում ես հաճախ եմ լսել եւ կարդացել վիրավորանքներ իմ եւ գործընկերներիս հասցեին: Դրանց հեղինակները տարբեր են՝ լրագրողներ, հրապարակախոսներ, պարզապես ֆեյսբուքյան օգտատերեր:

Լրագրողներին հատկապես սիրում են վիրավորել պաշտոնյաները, քաղաքական գործիչները եւ մեծահարուստները: Ներկայացնեմ ամենամեղմ տարբերակները: Լրագրողի հարց. «Հարգարժան պատգամավոր, ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններով եք դուք հանդես եկել»: Պատգամավորի պատասխան. «Աղջիկ ջան, դու ինչո՞ւ ես պատվեր կատարում, քեզ ո՞վ է սովորեցել, որ դու էդ հարցը տաս»: Կամ՝ խրատական-ուսուցողական մեղմ տարբերակ. «Լրագրողը պետք է այսպես անի, այնպես անի, իսկ դուք այսպես ու այնպես եք արել, որովհետեւ դուք այսպիսին եք եւ այնպիսին»:

Ես հատուկ եմ անդրադառնում «թեթեւ» դեպքերին, որ պարզ դառնան վիրավորանքի հիմնական սխեմաները. 1/ քաղաքականացված մարդիկ կարծում են, որ ամեն ինչ պատվերով է գրվում, 2/ նրանք վստահ են, որ ավելի լավ գիտեն, թե մենք ինչ պետք է անենք: Դե, դրան ավելացրեք ֆեյսբուքյան ոճի ձեւակերպումները, եւ վիրավորանքների պատկերը ձեզ համար պարզ կլինի:

Անձամբ ինձ համար խնդիրը վաղուց լուծված է. որոշակի տարիքից ես հասարակական կյանքում անտարբեր եմ դարձել, թե ով ինչ է իմ մասին մտածում, խոսում կամ գրում: Բայց այստեղ կա նաեւ մասնագիտական խնդիր, որը, կարծում եմ, մենք պետք է դնենք մեր առջեւ՝ չնայած գործընկերներիցս շատերը ինձ հետ համաձայն չեն լինի: Երբ ինձնից երիտասարդ լրագրողները բողոքում են, թե իրենց վիրավորել են, իմ խորհուրդը մշտապես հետեւյալն է՝ դու, որպես լրագրող, պետք է ավելի իմաստուն, ներողամիտ, հանդուրժող եւ լայնախոհ լինես, քան մնացած մարդիկ, հանգիստ շարունակիր քո գործը, շփվիր քեզ նեղացնողի հետ այնպես, կարծես ոչինչ չի պատահել, եթե մասնագիտության բերումով դա անհրաժեշտ է: Որովհետեւ, իմ համոզմամբ, մենք առաքելություն ունենք, բացի տեղեկատվություն հայտնելուց, տարածելու հասարակության մեջ ազատական (որն իմ համար նույնն է՝ քրիստոնեական) արժեքներ: Գուցե դա անհույս գործ է, հաստատ դա «լայքեր» եւ «սրտիկներ» չի բերում, բայց պիտի լինեն մարդիկ, որոնք կփորձեն դրական լիցքեր ուղարկել «բարձր մթնոլորտային շերտերի» ուղղությամբ:

Իհարկե, մենք սովորաբար ձգտում ենք, որ մեզ գովեն: Բայց պատմության մեջ ամենահայտնի հեղափոխականներից մեկը՝ Մարտին Լյութերը դեռեւս 1539 թվականին հստակեցրել է, թե ո՛ւմ են նման այն մարդիկ, որոնք այդպիսի ձգտումներ ունեն. «Դու, հավանաբար, ուզում ես, որ քեզ գովեն, հակառակ դեպքում դու կվշտանաս եւ քեզ ոչնչություն կհամարես: Այդ դեպքում, սիրելիս, բռնվիր քո ականջներից, եւ եթե դրանք լավ շոշափես, ապա կհայտնաբերես ավանակի մեծ, երկար, կոշտացած ականջների հրաշալի մի զույգ»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031