Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանում եւս պետք է գործեն ամառային ստեղծագործական դպրոցներ

Հուլիս 11,2019 12:30

Այս կարծիքին է Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի թատերախմբի մեներգիչ Սոֆիա Բաղդասարյանը

Միջազգային մշակութային դաշտում մեծ համարում ունեն Ամառային ստեղծագործական դպրոցները, որոնք գործում են շուրջ մեկ ամիս համերգաշրջանի կամ թատերաշրջանի ավարտից հետո: Երիտասարդ դերասաններին, երաժիշտներին հավելյալ մասնագիտական գիտելիքներ հաղորդելու նպատակով հրավիրվում են ճանաչված դեմքեր: Մեծ հաշվով նման դպրոցները գործում են վարպետության դասերի ձեւաչափով, ինչը վաղուց գործում է հայաստանյան մշակութային դաշտում, այն էլ անվճար: Մինչդեռ Ամառային դպրոցները աշխարհում աշխատում են վճարովի, կամ անվճար սկզբունքով: Երկու դեպքում էլ դասընթացների ավարտից հետո ամռան ամիսներին, որն այնքան էլ աշխույժ չէ մշակութային կյանքով, դպրոցների «շրջանավարտների» մասնակցությամբ հանդիսատեսին են ներկայացվում համերգներ, բեմադրություններ: Սա էլ մի միջոց է ծանոթանալու երիտասարդ նոր անունների հետ: «Առավոտը» քանիցս ներկայացրել է տարբեր երկրներում Ամառային դպրոցներ հաճախած երիտասարդ հայ արվեստագետներին:

Զրույցի հրավիրեցինք Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի թատերախմբի մեներգիչ Սոֆիա Բաղդասարյանին, որը վերջերս Մոսկվայում մասնակցել է Ալեքսանդր Կալյագինի Ամառային դպրոցի դասընթացներին:

Տեսարան «Կարինե» օպերետից

Մեր զրուցակիցը նշեց, որ դա իր առաջին մասնակցությունը չէ Ռուսաստանում գործող Ամառային թատերական դպրոցներին: «2016թ. մասնակցել եմ New 0pera World Ամառային օպերային սիմֆոնիկ լաբորատորիայի դասընթացներին, զուտ որպես երգչուհի, հանրահայտ Մակվալա Կասրաշվիլիի եւ Իրինա Դոլժենկայի ղեկավարությամբ: Դասընթացների ավարտին իտալացի դիրիժոր Ֆրանչեսկո Մասինիի եւ ռեժիսոր Անդրեյ Ցվետկով-Տոլբինիի ղեկավարությամբ հանդես եկա Նեդդայի դերերգով Լեոնկավալլոյի «Պայացներում»:

Ինչ վերաբերում է ՌԴ թատերական գործիչների միության կողմից 13-րդ անգամ վերջերս անցկացված Կալյագինի հիմնած դպրոցին, մասնակցում էին 34 երկրից 90 դերասան: Այստեղ կային ե՛ւ զուտ դերասաններ, ե՛ւ դերասան-երգիչներ: Դասընթացներն անցնում էին ճանաչված ռեժիսոր Կլիմի ղեկավարությամբ, իսկ դրանց վարողները իսկապես վարպետներ էին, օրինակ, բեմական շարժումը՝ Անդրեյ Դրոզնին, բեմական խոսքը՝ Ելենա Լասկավայան եւ այլն:

«Ձեռագրեր գտնված Սարագոսում«-ից, Մոսկվա, 2019թ.

Ավարտին էլ մասնակցեցի Բորիս Պավլովիչի ռեժիսուրայով, ըստ Յան Պատոցկու «Ձեռագրեր գտնված Սարագոսում» դրամատիկական ներկայացմանը»: Հավելեց նաեւ, թե նման դպրոցներն անհրաժեշտ են ոչ միայն վարպետության դասընթացների, այլեւ արտասահմանցի գործընկերների հետ շփումների իմաստով: Նաեւ հույս հայտնեց, որ մեզ մոտ էլ մի օր կգործի նման «անհրաժեշտությունը»:

Հետաքրքրությանը, դասընթացներին մասնակիցների ընտրությունը ի՞նչ սկզբունքով է կատարվում, Սոֆիա Բաղդասարյանը պատասխանեց. «Մինչ մասնակցությունը հեռակա քասթինգ է անցկացվում: Օրինակ, իմ դեպքում մեր թատերական միությունից ուղարկել էին բնութագիր-երաշխավորագիր, պատրաստվել էր տեսահոլովակ՝ իմ մասնակցությամբ տարբեր բեմադրություններից: Նշեմ նաեւ, որ նման դպրոցները ե՛ւ վճարովի են, ե՛ւ անվճար»:

Նեդդայի կերպարում, Մոսկվա, 2016թ.

Սոֆիա Բաղդասարյանին շուրջ տասը տարի հանդիպում ենք ե՛ւ օպերային, ե՛ւ կոմեդիայի թատրոններում, նաեւ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգներին:

Ազգային օպերային թատրոնում Միքայելայի (Բիզե՝ «Կարմեն»), Պուսետայի (Մասսնե՝ «Մանոն») դերերգերով, կոմեդիայում Կարինեի դերերգով Չուխաջյանի համանուն օպերետում, Արտեմի Այվազյանի եւ Գարեգին Երիցյանի «Ուշ լինի, նուշ լինիում» մարմնավորած Նազիկի կերպարով, որի համար 2016թ. «Արտավազդ» մրցանակաբաշխությունում հաղթող է ճանաչվել «Լավագույն դեբյուտ» անվանակարգում:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

10.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031