Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեղրիից սկսվող գարնան, առաջին դաշնամուրի ու արքայանարիջների «վարագույրների» մասին

Հուլիս 11,2019 13:00

Մեղրու համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Սիրուն Սարգսյանը «Առավոտի» հետ զրույցում Մեղրին բնորոշում է իբրեւ հարուստ մշակութային ժառանգություն ունեցող տարածաշրջան, որտեղ շուրջ 65 պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձան կա, եւ 4 եկեղեցի հենց Մեղրի քաղաքում է` Նաղաշ Հովնաթանի տոհմի նկարիչների նկարազարդումներով: Տիկին Սիրունը նշում է, որ ԱՄՆ դեսպանատան միջոցներով վերանորոգվում է եկեղեցիներից մեկը՝ 12-րդ դարի կառույց Անապաստաց վանքը, որտեղ ժամանակին իջեւանել է նաեւ Րաֆֆին, մյուսն էլ 17-րդ դարի Սուրբ Հովհաննես Մկրտիչն է: «Մեղրին երկու թաղից է բաղկացած, Ագարակը երիտասարդ քաղաք է, Մեղրին՝ հին, ինչն ավելի ներդաշնակ է դարձնում տարածաշրջանը: Ամենաայցեքարտային հուշարձանները լեռնագագաթներին ծվարած մեր բերդերն են, որոնք 10-11-րդ դարերի կառույցներ են, դրանք պաշտպանական նշանակություն են ունեցել»,-հավելեց տիկին Սարգսյանը:

Նա խոսեց նաեւ Շահար կոչվող Մեղրիի ջրատարի մասին, որտեղից ջուր է հասցվել մարդկանց ու Մեղրին միշտ անառիկ է եղել, այն երբեք օտարների կողմից չի գրավվել: Պատահական չէ, որ սպարապետ Վազգեն Սարգսյանը միշտ շեշտադրել է Մեղրիի դերակատարությունը ողջ Հայաստանի համար:

«Եթե աշնանը հյուր գաք, կտեսնեք արքայանարինջների շղարշե վարագույրները, մեղրեցիները բնիկ պտղագործներ են: Գինու գործարան ունենք, որը, ցավոք, հնարավորությունների 10%-ի չափով է աշխատում, այդ գործարանում արտադրվել են ոսկե մեդալ շահած գինիներ: Մեղրին զբոսաշրջիկներին կարող է ներկայանալ իր չնաշխարհիկ բնությամբ, այն հաճախ անվանում են փոքրիկ Շվեյցարիա, Հայաստանի գարունն էլ հենց Մեղրիից է սկսվում»,-ընդգծեց մեր զրուցակիցը: Սիրուն Սարգսյանը հպարտությամբ խոսեց Հայաստան բերված առաջին դաշնամուրի մասին. «Հայաստանի առաջին դաշնամուրը 1895-96թթ. է բերվել Մեղրի, երբ մեղրեցի Աղանի որդի Մկրտիչ Վաչյանն ամուսնացել է Գողթան գավառի Ագուլիս քաղաքի օրիորդ Եղիսաբեթի հետ: Եղիսաբեթն օժիտ է ստացել դաշնամուրը: Գերմանիայում գնված դաշնամուրը բերվել է մինչեւ Օրդուբադ, ապա ջորիներով հասցվել մինչեւ Մեղրի: Այն երկար ժամանակ Վաչյանների գերդաստանում էր, ինքս հիշում եմ, որ նաեւ տիկին Մարինկան նվագում էր այդ դաշնամուրի վրա, հետո դաշնամուրը հայտնվել է եկեղեցում»:

Սիրուն Սարգսյանը փաստում է, որ Մեղրին հայտնի է նաեւ իր բարձր կենցաղավարությամբ: Նշում է, որ երբ ժամանակին ֆրանսիացիները հյուր են եկել Մեղրի, որովհետեւ Կապանում պղնձի հանույթով էին զբաղված, փորձել են գետնանուշի պլանտացիաներից օգտվել, եւ երբ մեղրեցիները ֆրանսերենով խնդրել են չփչացնել իրենց բերքը, վստահեցնելով, որ հարկ եղած դեպքում կհյուրասիրեն, ֆրանսիացիներն ուղղակի ապշել են: Ասում է նաեւ, որ մեղրեցիները ուսման նկատմամբ սեր ունեն, առաջին սպառողական կոոպերացիան Մեղրիում է բացվել XIX դ. առաջին կեսին, որի միջոցներով ստեղծվել է իրենց դպրոցը, ունեցել են թատրոն, որտեղ կանայք են խաղացել` նաեւ տղամարդու շորերով, իսկ ընդմիջումներին հանդիսատեսին անուշեղեն են հյուրասիրել: Տիկին Սիրունը խոսեց իրենց հնագույն ջրացույցի ու կամուրջի մասին: «Առանց Մեղրիի Հայաստան չկա, պատերազմի տարիներին հաղթանակը ապահովվեց Մեղրիի միջոցով: Ժամանակին Սեւդա Սեւանը Մեղրի էր եկել ոչ միայն Սասնա ծռերի մասին գիրք գրելու, այլեւ համապատասխան աջակցությամբ»,-հայտնեց մեր զրուցակիցը:

Նա մեղրեցիների մաքրակենցաղությանն էլ անդրադարձավ, նշեց, որ մինչեւ հիմա շաբաթօրյակների կարիք չունեն, որովհետեւ քաղաքը մաս-մաքուր է, հավելեց, որ ժամանակին անգամ աճուրդ էր հայտարարվել, թե ով հրապարակից կմաքրի կենդանիների` այծերի աղբը: 1895-ից Մեղրին գրադարան ունի, այժմ այնտեղ 114000 կտոր գրականություն կա, գրադարանը նաեւ պարսկերեն բաժին ունի: «Արեւիք» հյուրատան մասին էլ խոսեցինք: Փոքր թաղում գտնվող «Արեւիքի» շենքը նախկինում պատկանել է Մեժլումյաններին: Ընդհանրապես ժամանակին փոքր թաղում ապրել են քաղաքի հարուստները եւ այն համարվել է քաղաքի կենտրոնը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Սիրուն Սարգսյանի լուսանկարը` հեղինակի

Մեղրիի բերդի լուսանկարը` www.armgeo.am-ից

«Առավոտ» օրաթերթ, 

10.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031