Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրությունից վեր-2

Հուլիս 11,2019 13:30

Սկիզբը՝ «Առավոտի» 05.07.2019թ.

Սահմանադրությունից վեր գտնվող սկզբունքների գոյության հնարավորության մասին միտքը հղացավ Սովետական Սահմանադրության հիման վրա: Ինչպես հայտնի է, այդ Սահմանադրության 6-րդ հոդվածը ամրագրել էր, որ «Սովետական հասարակության ղեկավար եւ ուղղություն տվող ուժը, դրա քաղաքական սիստեմի, պետական ու հասարակական կազմակերպությունների միջուկը Սովետական Միության կոմունիստական կուսակցությունն է: Զինված մարքս-լենինյան ուսմունքով, կոմունիստական կուսակցությունը սահմանում է հասարակության զարգացման գլխավոր հեռանկարը, ՍՍՀՄ ներքին եւ արտաքին քաղաքականության գիծը, ղեկավարում է սովետական ժողովրդի մեծ ստեղծարար գործունեությունը, պլանաչափ, գիտականորեն հիմնավորված բնույթ է տալիս կոմունիզմի հաղթանակի համար նրա պայքարին»: Կարծում ենք միանշանակ է, որ Սահմանադրությունը ամրագրելով այս դրույթը՝ այն միաժամանակ վեր է դասում ինքն իրենից եւ վերածվում է խամաճիկի, դառնում է կոմկուսի «գերին» եւ ամեն ինչով ենթակա կոմկուսի քաղբյուրոյի որոշումներին: Այլ կերպ ասած, միայն այս դրույթով հաստատվում է միակուսակցական համակարգ, բացառվում է որեւէ այլ գաղափարախոսության, այլ տեսակետի հնարավորությունը: Սահմանադրությունը սահմանելով նման դրույթ, ըստ էության, դրանով իսկ դադարում է լինել Սահմանադրություն, քանզի Սահմանադրության խնդիրն է դառնալ իշխանությունը սահմանափակող գործոն: Ինչ խոսք, Սահմանադրութունը շարունակում է գործել, բայց ոչ թե իբրեւ Սահմանադրություն, այլ միայն իբրեւ Հիմնական օրենք, ինչն էլ ամրագրված է այդ Սահմանադրության վերնագրում:

Մտորելով այսօրինակ հարցերի շուրջ, հանգեցի այն եզրակացությանը, որ ժողովրդավարական պետությունների սահմանադրությունները նույնպես որդեգրել են այնպիսի սկզբունքներ, որոնց իրենք իսկ դառնում են ենթակա, սակայն ոչ թե սովետական սահմանադրության նմանությամբ, այլ բոլորովին հակառակ առումով, այսինքն՝ ամրապնդելով արդեն ժողովրդավարական բնույթ ունեցող սկզբունքները՝ իրենց իսկ ստիպում են հետեւել այդ սկզբունքներին: Այսպես, օրինակ, ամրագրելով «իշխանությունը պատկանում է ժողովրդին» սկզբունքը, սահմանադրությունը ինքը մնացյալ բոլոր սահմանադրական դրույթները համապատասխանեցնում է այդ սկզբունքին:

Ի դեպ, ցանկանում եմ հակիրճ անդրադառնալ «ժողովուրդ» հասկացության սահմանադրական բովանդակությանը: Բանն այն է, որ շատ-շատերը հաճախ այն օգտագործում են չափազանց անհարկի. Բոլորը խոսում են՝ թե՛ քաղաքական ուժերը, թե՛ ոչ քաղաքական ուժերը, թե՛ առանձին խմբեր, որոնք հանրահավաքներ են կազմակերպում՝ անկախ այն հանգամանքից, թե քանի մարդ է մասնակցում դրանց, ժողովրդի անունից: Ի հակառակ դրան, կան իրավաբաններ, որոնք կարծում են, որ ժողովուրդ ասածը, ըստ Սահմանադրության, ընտրություններից եւ հանրաքվեներից զատ գոյություն չունի եւ ժողովրդի անունից ոչ մեկը իրավասու չէ խոսել: Այս երկու՝ իրարամերժ տեսակետը չեմ ուզում քննարկել, որովհետեւ «ժողովուրդ» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությանը նախկինում անդրադարձել եմ («Ժողովուրդ» հասկացության սահմանադրաիրավական բովանդակությանը, ՍԴ տեղեկագիր, 2010թ., թիվ1), սակայն ցանկանում եմ նշել մի հանգամանք: Բանն այն է, որ ընտրությունների դեպքում այդ ընտրությունները համարվում են կայացած, եթե դրանց մասնակցել են անգամ 100 ընտրական իրավունք ունեցող, որովհետեւ ոչ Սահմանադրությամբ, ոչ Ընտրական օրենսգրքով սահմանված չի ոչ մի սահմանափակում (քվորում): Ինչ վերաբերում է հանրաքվեին, ապա այս դեպքում Սահմանադրությամբ սահմանված են որոշակի սահմանափակումներ (հ. 207), այսինքն՝ հանրաքվեի դրված ակտը համարվում է ընդունված, եթե դրան կողմ են քվեարկել հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցողների գոնե քառորդ մասը:

Ասվածից կարելի է կատարել հետեւյալ եզրակացությունը. Սահմանադրությամբ ամրագրված է, որ ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ընտրությունների, հանրաքվեների միջոցով (հ. 2), հետեւաբար ընտրությունների ժամանակ ժողովուրդ կարող է համարվել 100 մարդը, իսկ հանրաքվեների ժամանակ՝ կես միլիոնը: Այսինքն՝ «ժողովուրդ» հասկացությունը որքան էլ որոշակի է իր էությամբ, նույնքան էլ ճշգրտման կարիք ունի յուրաքանչյուր կոնկրետ դեպքի պարագայում: Այս ամենով հանդերձ պնդել, որ սահմանադրական իրավունքում, բացի ընտրություններից եւ հանրաքվեներից, ժողովուրդ գոյություն չունի, անընդունելի է: Ցանկանում եմ նաեւ հիշեցնել, որ Հայաստանի Անկախության մասին Հռչակագրում ամրագրված է, որ ժողովրդի անունից խոսելու իրավունքը վերապահված է միայն խորհրդարանին: Այսինքն՝ ժողովուրդ ասվածը գոյություն ունի անկախ մեր ցանկությունից:

Ընդհանուր առմամբ, ամրագրելով վերոհիշյալ սկզբունքը, Սահմանադրությունը պարտավորվում է ինքը եւս ենթարկվել դրան եւ չի կարող որեւէ այլ դրույթ հակասել այդ սկզբունքին:

Այժմ անդրադառնանք սահմանադրական «Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն» (հ. 73) սկզբունքին: Այս սկզբունքը Սահմանադրությունը որդեգրել է, ելնելով մարդու իրավունքների պաշտպանության դիրքերից, որքանով ցանկացած Սահմանադրության նպատակն է երաշխավորել մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչը իր հերթին նշանակում է, որ անհրաժեշտ է յուրաքանչյուր մարդու համար ստեղծել իրավական առումով կանխատեսելի իրավիճակ: Եվ պատահական չէ, որ 2005 թվականի սահմանադրական փոփոխություններով ապահովվել է այս խնդիրը բոլոր մարդկանց, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի անդամների վերաբերմամբ: Հենց նույն խնդրի առումով է, որ 2015 թվականի Սահմանադրությամբ ամրագրվել է 213-րդ հոդվածով նախատեսված դրույթը, դրանով իսկ ապահովելով մարդու (տվյալ դեպքում Սահմանադրական դատարանի անդամների) կանխատեսելի՝ իրավական առումով երաշխավորված, կարգավիճակ:

Հարկ եմ համարում նշել նաեւ, որ մեր օրենսդրությունը այս առումով կաղում է եւ քիչ չեն այնպիսի օրենսդրական կարգավորումները, երբ շեղվում ենք սահմանադրական սկզբունքից, դրանք վերածելով իրավական fors major-ի: Ի դեպ, 2015 թվականի Սահմանադրությունը ամրագրում է, որ «Հիմնական իրավունքները եւ ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը եւ ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների եւ ազատությունների կրողները եւ հասցեատերերն ի վիճակի լինեն դրսեւորելու համապատասխան վարքագիծ» (ընդգծումներն իմն են- Վ. Պ.): Հարց է առաջանում, ինչո՞վ բացատրել, որ երբ ցանկանում եք մեկնաբանել ինչ-որ իրավական դրույթ, հիշում եք Սահմանադրության միայն մի քանի հոդված, մոռանալով, որ ամեն մի մեկնաբանություն ենթադրում է հիմք ընդունել ամբողջ Սահմանադրությունը: Թե՞ դա ձեռնտու չէ: Այս երեւույթը կարելի է որակել իբրեւ իրավական ձեռնածություն, եթե չասեմ, որ դա ծառայում է քաղաքական ինչ-ինչ նպատակների: Երբեք չի կարելի անբարո գործերով բարոյական լավագույն նպատակների հասնել:

Այս ողջ՝ ոչնչից ստեղծված անիմաստ աղմուկը՝ չի կարելի ներկայացնել իբրեւ իրավական, որի հիմքում չկա իրավունքի տարրական ըմբռնում եւ դրանով իսկ մոլորության մեջ գցել հանրությանը, որը բնականաբար չի կարող լինել մասնագիտական վեճի դատավոր (ներողություն՝ դատարանի անդամ):

Խոսելով Սահմանադրությունից վեր սկզբունքների մասին՝ չեմ կարող չանդրադառնալ նաեւ սահմանադրական մի դրույթի, որի առկայությունը գործող Սահմանադրությունը դարձնում է Սովետական Սահմանադրությանը շատ նման: Խոսքը վերաբերում է «կայուն խորհրդարանական մեծամասնությանը» (հ. 89), որը բավական քողարկված ձեւով հիշեցնում է տխրահռչակ 6-րդ հոդվածը: Այդ կայուն մեծամասնությունն է ընդունում օրենքներ, որոնցով կարգավորվում են բոլոր իրավահարաբերությունները՝ սկսած Ընտրական օրենսգրքից: Եվ այդ կայուն մեծամասնությանը զսպող կամ հակակշռող որեւէ միջոց չկա, այնպես, ինչպես չկա գործադիր իշխանությունը սահմանափակող որեւէ գործոն: Խորհրդարանական Հանրապետություն առաջին հերթին նշանակում է, որ խորհրդարանը պետք է վերահսկի կառավարությանը, այնինչ որեւէ վերահսկման մեխանիզմ Սահմանադրությունը չի առաջարկում:

Մինչ հեղափոխությունը անընդհատ հնչում էր այն տեսակետը, որ Սահմանադրությունը ստեղծվել է իշխող քաղաքական ուժերի իշխանությունը երկարաձգելու համար, որ այն «կարված է» ինչ-որ մարդկանց չափսերով, իսկ հեղափոխությունից հետո պարզվում է, որ այն համապատասխանում է ետհեղափոխական չափսերի՞ն: Ինչո՞վ բացատրել: Ցանկացած հեղափոխությունից հետո նախ եւ առաջ փոխվում է Սահմանադրությունը, այսինքն ընդունվում են այնպիսի սկզբունքներ, որոնցով պետք է առաջնորդվենք ապագայում, հակառակ պարագայում ոչ միայն կդոփենք տեղում, այլեւ կանցնենք ետընթացի:

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

ոչ իրավաբան

«Առավոտ» օրաթերթ, 

10.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031