Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանը փրկելու ծրագիր

Հուլիս 11,2019 14:00

Այսօրվա դրությամբ Սեւանը ունի խնդիրներ` էկոհամակարգի, ջրային ռեսուրսների պահպանության եւ դրանց ճիշտ օգտագործման:

2018 թվականին եւ այս տարի, ծանծաղացման հետեւանքով, Սեւանի ջրերում սկսել են զարգանալ թունավոր ջրիմուռները:

Մենք առաջարկում ենք նոր լուծում Սեւանի ջրային պաշարների պահպանման եւ համալրման համար, ինչը կհանգեցնի լճի էկոհամակարգի նորմալացմանը.

Կառուցեք նոր ջրանցք, Թարթառ գետից դեպի Սեւան:

Ծրագիրը կնպաստի Վարդենիս-Այրք-Ցար-Ջերմաջուր գոտու զարգացմանը:

Կստեղծվեն նոր ենթակառուցվածքներ, ճանապարհներ եւ սպասարկման օբյեկտներ: Ծրագիրը կնպաստի Ջերմաջուր առողջարանային գոտու, վերականգնմանը եւ զբոսաշրջության զարգացմանը:

Ձմռանը, Ծար-Ջերմաջուր գոտին, ձմեռային մարզաձեւերի եւ հանգստի համար իդեալական լանդշաֆտ եւ կլիմա ունի, կարելի կառուցել լեռնադահուկային սպորտաձեւի համար ուղիներ:

Այս ամենը, լրացուցիչ ներդրումներ կլինեն Հայաստանի տնտեսության համար:

Թարթար-Սեւան ջրատարին զուգահեռ կկառուցվի 28 կմ երկարությամբ` Վարդենիս-Այրք-Ծար ավտոճանապարհը: Գործող Ճանապարհը՝ Վարդենիս-Սոթք-Քարվաճառ -Ծառ ճանապարհը 89 կմ է, այսինքն, մեր առաջարկած ճանապարհը կրճատվում է 3 անգամ: Սա Ջերմաջուր առողջարանային գոտի տանող, ամենակարճ ճանապարհը կլինի, որի զարգացման հնարավորությունը համարժեք է Ջերմուկին:

Ծրագրի արժեքը, ըստ նախնական հաշվարկների, կազմում է մոտ 200 մլն դոլար:

Պետք է կառուցել հիդրո-Կասկադ, որի ընդհանուր հզորությունը կկազմի ավելի քան 200 մեգավատտ:

Ստեղծվելու է հիմնադրամ՝ 51% մասնավոր եւ 49% պետական մասնակցությամբ:

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար կստեղծվի հնարավորություն ձեռք բերելու անվանական, բաժնեմասային բաժնետոմս, որի արժեքը կկազմի մոտ 50-70 դոլար: Հետագայում, պետությունը կկրճատի իր բաժնեմասը՝ բաժնետոմսերի լրացուցիչ վաճառքով իր քաղաքացիներին:

Հիմնադրամին եկամուտը կապահովեն ՀԷԿ-երը, որոնք կկառուցվեն Թարթառ-Սեւան ջրանցքի վրա: Ինչպես նաեւ ջրի արժեքը, որը կհոսի դեպի Սեւան:

Այդ եկամուտներից, տարեկան ֆինանսական միջոցները կուղղվեն Սեւանի բնապահպանական հիմնադրամին, որը կվերազինի Սեւանա լճի ավազանի մաքրման կայանները եւ դրանք կբերի միջազգային չափանիշների:

Թարթառ-Սեւան ջրանցքը, ջրային ծավալներով, համարժեք է Արփա-Սեւան ջրանցքին:

Թարթառ գետը համարվում է Արցախի ամենաջրառատ գետը եւ Թարթառ գետի ջրային ռեսուրսների մի մասը կարելի է ուղղել դեպի Սեւան:

Թարթառ-Սեւան ջրանցքի ընդհանուր երկարությունը մոտ 47 կմ է:

Թարթառ-Սեւան հիդրոկասկադի առանձնահատկությունն այն է, որ այն կսնուցի Սեւանա լիճը եւ ոչ հակառակը:

Ջրանցքը կսկսվի Թարթառ գետի վերին հատվածի պայմանական A կետից՝ 2750 մ/ծովի բարձրությունից: Այնտեղ կկառուցվի առանձնացման պատնեշ, որը կկարգավորի գետի բնական հոսքը եւ հավաքվող ջրի ծավալը:

Ջրագիծը ամբողջ երկայնքով, անցնելու է վերգետնյա եղանակով, միմյանց զուգահեռ, խոշոր տրամաչափի խողովակներով 2- 2,5 մ տրամագծով:

Սեւանում ջրի ավելացմամբ, Հայաստանը տարածաշրջանում ռազմավարական դեր կստանձնի:

Հայաստանը, բացի շշալցված ջրի արտահանմամբ, կարող է կառուցել 200 կմ երկարությամբ Սեւան-Մեղրի-Իրան ջրատարը:

Այս ծրագրին կմիանա Հակարի գետը, իրեն սնող աղբյուրներով:

Ի վերջո, գաղտնիք չէ, որ արաբական երկրներում, քաղցրահամ ջրի պակասի պատճառով, շատ վաղուց արդեն ծովի ջուրը թորելով դարձնում են քաղցրահամ ջուր:

Պարսից ծոցի երկրներում, քաղցրահամ ջուրը երկու անգամից ավելի թանկ է, քան նավթը:

Քաղցրահամ ջրի պահանջների ավելացմամբ, Իրանը սկսել է կառուցել, ծովի ջրի թորման գործարաններ, Կասպից ծովի եւ Պարսից ծոցի շրջաններում:

Ապագա հայ-իրանական ջրամատակարարման համակարգը, Հայաստանի գանձարանին, կարող է նույնքան եկամուտ բերել, որքան նավթի վաճառքից Ադրբեջանն է ստանում:

Եվ որ ամենակարեւորը, Հայաստանը կամրապնդի իր ռազմավարական դերը մեր տարածաշրջանում:

Այս ծրագրի հիմքում ընկած է այն գաղափարը, ինչպես Հայաստանի բնակչին, դարձնել երկրի տերը, մասնավորապես Սեւանի, որն իրեն տրված է իր բնական իրավունքով, եւ Սահմանադրությամբ, իր երկրի բնական ռեսուրսների նկատմամբ: Այն որ, մինչ օրս, դեռ չի իրագործվել այդ իրավունքը եւ չի ներդրվել այդ իրավունքի իրագործման մեխանիզմը:

Ծրագրի իրականացմամբ ՀՀ քաղաքացին է դառնալու բաժնետեր-ներդրողը, իր երկրի բնական պաշարների շահգործման դեպքում: Եվ ինքն է տնօրինելու եւ կառավարելու այդ հարստությունը, այլ ոչ թե բիզնես-կլանային խմբերը:

Ծրագիրը կհամախմբի իր շուրջ հասարակության բոլոր շերտերին, այդ թվում քաղաքական եւ մտավոր ուժերին, քանի որ, նրանք նույնպես լինելով ՀՀ քաղաքացիներ, դառնալու են բաժնետերեր եւ շահառու են այս ծրագրից:

Ծրագրի փիլիսոփայությունը հետեւյալն է՝ ՀՀ բնակիչն ինքստինքյան դառնում է իր երկրի տնօրենն՝ իր անվանական բաժնետոմսով: Նա ոչ միայն հերթական ընտրություններին է մասնակցելու իր մեկ ձայնով, այս կամ այն ուժին վստահելով իր ձայնը, այլ իր անվանական բաժնետոմսով, կառավարելու է իրեն պատկանող, երկրի բնական ռեսուրսները:

Ծրագիրը կհանդիսանա նախադեպ եւ օրինակ ապագայի, նամանատիպ ծրագրերի համար, երբ ՀՀ բնակիչը դառնալով «փայատեր»՝ բառի լավ իմաստով եւ ներդրող՝ հավատով կլցվի իր վաղվա օրվա հանդեպ եւ չի լքի իր իր երկիրը:

Ծրագիրը փոխելու է ներդրումային դաշտի փիլիսոփայությունը եւ մտածելակերպը: Այն որ, մինչ այսօր գործող կարգախոսի փոխարեն՝ «եկեք հարստացեք եւ մի բան էլ մեզ տվեք», կգործի մի ուրիշ կարգախոս, երբ ՀՀ յուրաքանչյուր բնակիչ կարտաբերի հետեւյալը՝ «ինչքա՞ն գումար է անհրաժեշտ իմ ներդրումային չափաբաժնի համար»:

 

Ծրագրի տնտեսական եւ քաղաքական ասպեկտները

Տնտեսական մասը

1) Զարգացնում է հեռավոր շրջաններ համարվող Վարդենիս-Քարվաճառ տարածքը, Ճանապարհներ, ենթակառուցվածքներ, նոր աշխատատեղեր եւ բնակչության աճ:

2) Ունենում ենք Սեւանի կայուն եւ աճող մակարդակ, նույնիսկ Արփա-Սեւան ջրանցքի ընթացիկ եւ կապիտալ վերանորոգումների ժամանակ:

3) Գյուղատնտեսության զարգացման խթանում՝ լուծելով ոռոգման ջրի հարցը ընդմիշտ, Կոտայքի, Արագածոտնի եւ Արարատյան դաշտի հատվածներում, որոնք սնվում են Սեւանից:

4) Զարգացնում է զբոսաշրջային եւ առողջարանային ոլորտը՝ Ջերմաջուր հատվածում ամբողջ տարին:

Ծար- Ջերմաջուր հատվածն իր բարենպաստ կլիմայով եւ ռելիեֆով ձմեռային սպորտային խաղերի հարմար տեղ է, հեռանկարում այս հատվածը հնարավոր է վերածել ձմեռային օլիմպիական քաղաքի:

 

Քաղաքական բաղադրիչը

1) Այս ծրագիրը կհանդիսանա այն նախադեպը, երբ իրականացվելու է զուտ ազգային կապիտալով, կախված չի լինի որեւէ միջազգային ֆինանսական կենտրոնից:

2) Վերջապես պետությունը կսկսի օգտագործել իր ներքին հնարավորությունները եւ ռեսուրսները, առանց աչքը դրսին հառելու, այլ շրջվելով դեպի իր ժողովուրդը, որի վրա եւ հենված է:

3) Սեւան-Մեղրի ջրագծով կբացվեն նոր հորիզոններ մեր դաշնակից երկիր Իրանի հետ՝ ավելացնելով առեւտրափոխանակման բալանսը, որը մինչ այսօր, նվազագույն ծավալի է:

4) Իրանի հետ «Ջուր-նավթի հետ փոխանակում» գործարքը կբերի Հայաստանում դեմոնոպոլիզացիայի էներգակիրների եւ վառելիքի շուկայում:

5) Հայաստանը դուրս կգա, այսպես կոչված կոմունիկացիոն շրջափակումներից՝ ինչպիսիք են Բաքու-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Կարս երկաթգիծը եւ նմանատիպ նախագծերից:

6) Սեւան-Մեղրի ջրագիծը կարգելափակի Իրանի շուրջ սեղմվող օղակը եւ Հայաստանը կարող եւ կամուրջ եւ միջնորդ հանդիսանա Արեւմուտք-Իրան հարաբերություններում:

Այս ծրագիրը ներկայացրել եմ կառավարություն, որտեղից երեկ պատասխանել են, որ այս ծրագիրն ուղարկել են էկոնոմիկայի եւ շրջակա միջավայրի նախարարություններ՝ քննարկման:

ԱՆԴՐԱՆԻԿ ԹՈՎՄԱՍՅԱՆ

աշխարհագրագետ, շինարար

«Առավոտ» օրաթերթ, 

10.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Աշոտ says:

    Օստապ Իբրահիմովիչը անկյունում կանգնած ներվայն ծխումա։ Իսկական Նյու Վասյուկի։

  2. Անուշ Կարապետյան says:

    Շատ լավ գաղափար է:

  3. Աշոտ says:

    Գաղափարն իհարկե լավն է, պարզապես հոդվածից մինչև իրականություն դառնալը, այդ գաղափարը երկար ու քարքարոտ ճանապարհ պիտի անցնի, որն իրականում անիրագործելի է մեր հայաստանյան իրողությունների պայմաններում։ Դրա համար էլ գրել եմ՝ իսկը Նյու Վասյուկի։
    Հ.գ.
    Իսկ աշխարհագրագետըը դա մասնագիտություն է՞, թե՞ տիտղոս։
    Ես արդեն երկու տարի է, ինչ իմ պատշգամբում ելակ եմ աճեցնում։ Կարո՞ղ եմ այլևս ինձ բուսագետ անվանել, կամ ծայրահեղ դեպքում՝ ելակագետ։

  4. оган says:

    Պարզ չէ Սարսանգ ջրամբարի ճակտագիրը

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031