Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում են ամեն գնով ունենան այնպիսի ՍԴ, որ իրենց ուզածն անեն՝ սկսած մեր ազգային արժեքները ոտնահարող պայմանագրերը վավերացնելուց, ավարտված սահմանային հարցերով»

Հուլիս 11,2019 14:30

Արծվիկ Մինասյանը՝ սահմանադրական ճգնաժամի ու սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին

«Մենք իրավունք չունենք ամբոխային տրամաբանությունը նախ վերագրել ժողովրդին, երկրորդ՝ այդ անվան տակ փորձել աղավաղել պետականության հիմնասյունն ու հենասյուները»,- օրերս ՀՀ Սահմանադրության եւ սահմանադրական ճգնաժամի մասին խորհրդաժողովի ժամանակ իր ելույթում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:

«Առավոտի» հետ զրույցում պարոն Մինասյանը հարցին՝ արդյոք այդ նույն «ամբոխը» չէ՞ր, որը հեղափոխություն արեց, որը դուք ողջունեցիք եւ որի արդյունքում նախարար դարձաք՝ պատասխանեց. «Նախ, ես ժողովրդին ամբոխ չանվանեցի, ոչ էլ անկեղծ փոփոխությունների ձգտող անձանց խմբին ամբոխ անվանեցի: Առանձին դեպքերում, առանց հաշիվ տալու սեփական վարքագծին, որոշ մարդիկ փորձում են ժողովրդի անունից գոչել, բղավել եւ պահանջել ինչ-որ բաներ, որի արդյունքում աղավաղվում է ամբողջ պետական ինստիտուտը՝ արդարադատության համակարգից սկսած, ավարտված գործադիր իշխանության նկատմամբ ճնշումներով, կամ պառլամենտի նկատմամբ ճնշումներով: Երբ որ այս հոգեբանությունն է տիրում, շատ հեշտ է մարդկանց խումբը դառնում ամբոխային տրամադրությամբ շարժվող անձանց միավորում: Վարչապետի հրավերքով մենք մասնակցել ենք կառավարության աշխատանքներին հենց նաեւ այն տրամաբանությամբ, որպեսզի կարողանանք իսկապես երկրում արդարության զգացողությունը հաստատել, վերահաստատել եւ իրականացնել անհրաժեշտ փոփոխություններ: Բայց մենք տեսնում ենք, որ ոչ, ցավոք, գերիշխում է ամբոխային տրամադրությունը, այլ ոչ թե ժողովրդական պահանջը»:

Պարոն Մինասյանը խոսեց սահմանադրական ճգնաժամի, երկրում սահմանադրական նոր փոփոխությունների մասին: Հարցին՝ հիմա պե՞տք է Սահմանադրությունը փոխել, թե՞ ոչ՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Այս մթնոլորտի պայմաններում սա կարող է կործանարար լինել մեզ համար: Անշուշտ, սահմանադրական փոփոխությունների գնահատման համար շատ կարեւոր է հասկանալ՝ երկրի առջեւ ի՞նչ մարտահրավերներ կան, այս Սահմանադրությունը ի վիճակի՞ է սպասարկել, թե՞ չէ, նոր դրանից հետո պետք է խոսել փոփոխության բովանդակության մասին: Բայց մենք այսօր չենք ձեւակերպել խնդիրները, քննարկման առարկա չենք դարձրել եւ խոսում ենք սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության մասին: Մենք ձեւակերպե՞լ ենք մարտահրավերները՝ ինչպիսի Հայաստան ենք ուզում՝ արարող Հայաստա՞ն, որը պետք է դիմագրավի տարածաշրջանային ու միջազգային ճնշումներին, մենք պիտի գնանք զիջելո՞ւ, թե՞ չզիջելու ճանապարհով: Մեր մոտեցումը զարգանալ չզիջելովն է, բայց կան ուժեր, որ ոչ, «Սերգո ջան, լավ չես ապրելու» կոնցեպտով են շարժվում: Պետք է ճշտես՝ քո մարտահրավերներին դիմագրավելու համար Սահմանադրությունը օգնո՞ւմ է, թե՞ խանգարում է: Եթե սա չենք ձեւակերպել, նշանակում է չենք կարող խոսել դրա անհրաժեշտության կամ հրատապության մասին: Մեկ բան պարզ է՝ Սահմանադրությունը արդեն մեկ տարի է լիարժեքորեն մտել է ուժի մեջ, բայց սկսած գործադիրից ավարտված պառլամենտի պատգամավորներով, դեռեւս չեն տիրապետում սահմանադրական նորմերին, կարգավորումներին: Ես չեմ խոսում բոլորի մասին, բայց գերազանց մասը չի տիրապետում, ամեն մեկը փորձում է իր ճաշակով ներկայացնել: Դրա համար գոյություն ունի Սահմանադրական դատարանը, որին էլ հիմա փորձում են ոչնչացնել, որպեսզի սեփական ցանկություններին համապատասխան մեկնաբանություններ ստանան: Սա անթույլատրելի պետք է լինի բոլոր այն մարդկանց համար, ովքեր մտածում են Հայաստանի վաղվա օրվա մասին»:

Մեր հարցին՝ Սահմանադրական դատարանն օգտագործվել է նաեւ նախկին իշխանությունների ժամանակ, ՍԴ-ում մշտապես լեգիտիմացվել է ընտրությունների այն արդյունքները, որոնք ձեռնտու են եղել օրվա իշխանություններին, բա ինչո՞ւ այն ժամանակ չէիք ասում անթույլատրելի է՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ո՞վ ասեց: 1995-ի սահմանադրության համաձայն, ՀՀ նախագահը իրավունք ուներ արտակարգ դրություն հայտարարել եւ իրավիճակից բխող գործողություններ ձեռնարկել, այդ հրամանագիրը անցնում էր նախագծային դիտարկում ՍԴ-ում: 2005-ին տեղի ունեցավ փոփոխություն ու այս լիազորությունը ՍԴ-ից տեղափոխվեց պառլամենտ: Պառլամենտն արդեն իրավունք ուներ անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարել: Ակնհայտ էր չէ՞ 95-ի սահմանադրության ջատագովներն ու իշխանություններն ովքեր էին եւ ինչու էին այդպես ձեւավորել, որպեսզի իրենց ցանկացած վարքագիծ կարողանան համապատասխան ճնշմամբ ապահովել: 2005-ին, երբ այդ լիազորությունը վերցվեց ՍԴ-ից, նորից հարց առաջացավ՝ ՍԴ-ն կարող է ավելի անկա՞խ գործել: Դրա համար որոշակի լծակներ տրվեցին: Բայց մեկ է, քանի որ մշտապես կենտրոնական տեղում եղել է քաղաքական գործոնը, ՍԴ-ն միշտ եղել է թատերաբեմում՝ սկսած նախագահական ընտրություններից, ավարտված այլ ընտրություններով: 2015-ի սահմանադրական փոփոխությունները գոնե կտրեց այդ մի հիմքը: Դատավորների անկախության գաղափարը շատ ավելի հստակ ամրագրվեց: Հիմա իրենց ուզածը այլ բան է, նրանք, ովքեր ձգտում են ՍԴ-ն նվաճելու, մի քանի խնդիր ունեն. առաջինը՝ մշտապես սահմանադրական արդարադատությունը պահել իրենց ձեռքում՝ իրենց ցանկությամբ մեկնաբանվող սահմանադրության նորմերը կյանքի կոչելու նպատակով: Նկատի ունեմ ներկա քաղաքական մեծամասնությանը: Երկրորդ խնդիրը, իմ կարծիքով, միջազգային պայմանագրերն են, որոնք ուզում են անպայման ու ամեն գնով ունենան այնպիսի ՍԴ, որ իրենց ուզածն անեն՝ սկսած մեր ազգային արժեքները ոտնահարող միջազգային պայմանագրերը վավերացնելուց եւ ընթացք հաղորդելուց, ավարտված չի բացառվում վաղը, մյուս օրը նաեւ սահմանային հարցերը»:

Արծվիկ Մինասյանը գտնում է, որ հիմա շատ ավելի անկախ դատական համակարգ կարող ենք ունենալ, երբ ունենք տարբեր քաղաքական ուժերի հավանությանն արժանացած թեկնածուներ, քան թե այն ժամանակ, երբ նույն ուժը կձեւավորում էր դատական համակարգը. «Հիմա ավելի անկախ է»:

Մեր դիտարկմանը, որ այդ դեպքում այդ լուրջ լծակը կարող է ուղղորդվել նախկին իշխանությունների կողմից՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Եթե մենք խոսում եք դատարանի անկախության մասին, եթե դատավորը խախտել է, քրեական հանցագործություն է կատարել, Քննչական մարմինը գործադիրի իրավասության ներքո է, ի՞նչն է խանգարում, ունի էլի զսպման, հակազդման գործիքը, ինչո՞ւ է ուզում այս մեկն էլ վերցնել»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

10.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել