Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ կառավարությունը հրաժարվեց հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին ստեղծելու ծրագրից. Տիգրան Խաչիկյանի պարզաբանումները

Հուլիս 10,2019 22:20

Հայաստանում նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոն երկու նոր մարմին` Հակակոռուպցիոն կոմիտե եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Առաջին մարմինը զբաղվելու է կոռուպցիոն հանցագործությունների նախաքննություններով, իսկ երկրորդը` հակակոռուպցիոն կրթությամբ, պաշտոնյաների հայտարարագրերով։

Կառավարության`կոռուպցիայի դեմ պայքարի նոր ռազմավարությունն այսօր ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը`«Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի հանրային քննարկման ժամանակ:

Հիշեցնենք, վարչապետի որոշմամբ ստեղծվել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ: Խորհրդի առաջին նիստը տեղի կունենա հուլիսի 12-ին`Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Նորաստեղծ խորհրդի կազմում են վարչապետը, ոլորտը համակարգող փոխվարչապետը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, արդարադատության նախարարը, փոխնախարարը, ԲԴԽ նախագահը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը, մարդու իրավունքների պաշտպանը, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը, ԱԺ խմբակցություններից մեկական ներկայացուցիչ, քաղհասարակության կազմակերպությունների 5 ներկայացուցիչ`նախկին 3-ի փոխարեն: Հասարակական կազմակերպությունների համար նախատեսվել է ռոտացիոն կարգ՝ երկու տարվա մեջ անընդհատյա փոփոխելու ռեժիմով:

Հակակոռուպցիոն 2019-2022 թվականների ռազմավարությամբ, ինչպես հայտնի է, կառավարությունը հրաժարվել է հակակոռուպցիոն ունիվերսալ (միասնական) մարմին ստեղծելու ծրագրից` նախապատվություն տալով տարանջատված (ապակենտրոնացված) մոդելին: Քննարկման ժամանակ, ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանն այսպես հիմնավորեց կառավարության ընտրությունը. «Չպետք է միավորել բնույթով երկու՝ էապես տարբեր գործառույթներ, մասնավորապես՝ հայտարարագրերի ընդունման և կոռուպցիոն գործերով նախաքննության իրականացնելու և օպերատիվ-հետախուզական գործառույթները»: Նոր ռազմավարությունը ենթադրում է նաեւ հակակոռուպցիոն պետական կառույցների ցանցի ընդլայնում. կստեղծվեն մասնագիտացված հակակոռուպցիոն դատարաններ։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործերի նկատմամբ վերահսկողություն կիրականացնի դատախազության կազմում առկա վարչությունը, որը բաժանված է լինելու առանձին մասնագիտացված վարչությունների՝ տնտեսական, բարձրաստիճան պաշտոնյաների գործերով զբաղվող եւ այլն։

Մանրամասները`տեսանյութում

Քննարկմանը մասնակից հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին հետաքրքրում էին քաղաքական կոռուպցիայի կանխարգելմանը, կուսակցությունների ֆինանսավորմանը վերաբերվող հարցեր: Հարցադրումները հնչեցնողները դրանց պատասխանները չունեին: Պատասխանները չունի նաեւ կառավարությունը: Փոխնախարարն ասաց`խնդիրը պետք է գույքագրվի եւ լուծվի, եթե նման խնդիր առաջանա: Կուսակցությունների ֆինանսավորման մասով նույնպես հասարակական կազմակերպություններից կառավարությունն առաջարկներ չի ստացել: Կոնկրետ առաջարկները պատրաստ են քննարկել:

ԹԻԱՀ փորձագետ Հայկ Մարտիրոսյանը կառավարության ուշադրությունն է հրավիրում Հակակոռուպցիոն քննչական մարմնում այլ պետական մարմինների օպերատիվ ստորաբաժանումների տեղափոխման հարցերի վրա`գաղտնիության պահպանման տեսանկյունից: Փորձագետը կարծում է, որ դա լուրջ գործընթաց է, անփութության դեպքում լուրջ խնդիրների առաջ կկանգնենք:

Քննարկմանը ներկա Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի իրավաբան-փորձագետ Արտյոմ Մեսրոպյանն էլ նկատեց՝ ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեն ունենալու է ինքնավար մարմնի, և ոչ՝ անկախ սահմանադրական մարմնի կարգավիճակ, ըստ այդմ՝ անկախության պակաս երաշխիքներ են տրվում. «Երբ նայում ենք միջազգային փաստաթղթերով դա Ջակարտայի սկզբունքներն են, Կուալա Լումպուրի հայտարարությունն է, այնտեղ որ նայում ենք անկախության երաշխիքների վերաբերյալ պահանջները շատ բարձր են, և երբ համադրում ենք մեր իրավական համակարգին, դա ենթադրում է, որ պետք է լինի անկախ սահմանադրական մարմնի կարգավիճակ, մյուս պարագայում խոսք անգամ չի կարող լինել անկախության այն երաշխիքների ծավալի մասին, որը ենթադրում է ինքնավարի պարագայում»։ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, հիշեցնենք, Հակակոռուպցիոն ունիվերսալ մարմնի ստեղծման կողմնակից է:

Փորձագետի այլ մտահոգությունները` տեսանյութում

Փոխնախարարը պարզաբանեց`Հակակոռուպցիոն կոմիտեն ինքնավար մարմին դիտարկելու հարցը միանշանակ չէ, քննարկվում է. «Մենք ունենք ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված քննչական մարմիններ հոդվածը, որի շրջանակներում Հակակոռուպցիոն կոմիտեն կարող է տեղավորվել»: Նա նկատեց, որ կոմիտեի ձեւավորման մասով, Սահմանադրությունը հղում է անում համապատասխան օրենքներին: Իսկ Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավարությունը եւ աշխատանքի արդյունավետությունը, փոխնախարարի հավաստմամբ, կսահմանվեն միջազգային բոլոր այն փաստաթղթերով, որոնք թվարկեց փորձագետը: Փոխնախարարը հավաստիացրեց`հակակոռուպցիոն մարմինների բավարար անկախություն ապահովելու համար ներդրվել է դրանց կազմավորման մրցութային կարգ, կստեղծվեն բավարար իրավական նախադրյալներ։ Հակակոռուպցիոն մարմնի ղեկավար կազմի ընտրության գործընթացում կներգրավվեն ԱԺ իշխանական և ընդդիմադիր ուժերը, կառավարությունը և ԲԴԽ-ն։ Դրանք կներկայացնեն մրցութային խորհրդի իրենց թեկնածուներին, ընտրության պրոցեսը կտեսաձայնագրվի։

Այլ մանրամասները`տեսանյութում

Պատասխանելով Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան կազմակերպության փորձագետ Գայանե Մամիկոնյանի մտահոգություններին էլ, փոխնախարար Տիգրան Խաչիկյանը հաստատեց`Հակակոռուպցիոն նորաստեղծ կոմիտեի լիազորությունների ներքո կբերվեն նաև ԱԱԾ-ի տիրույթում գտնվող հակակոռուպցիոն որոշակի գործառույթներ։ «ԱԱԾ-ն դիտարկվում է որպես հակակոռուպցիոն կոմիտեում կոռուպցիոն ռիսկեր պարունակող իրավախախտումները քննող և նաև դրա նկատմամբ որոշակի օպերատիվ հետախուզական բաղադրիչ ունեցող մարմին։ Սա որպես տեսլական եմ ասում՝ հնարավոր ռիսկերը չեզոքացնելու միտումով պայմանավորված, որ մենք չենք կարող ձևավորել մի մարմին, որը քննի բոլոր պետական մարմիններում, ՏԻՄ-երում հակակոռուպցիոն գործերը, և նաև իրենցը հենց»,- ասաց փոխնախարարը`բացատրելով, թե ինչո՞ւ ԱԱԾ-ն չպետք է զրկվի հակակոռուպցիոն բոլոր գործառույթներից։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031