Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Մալյանը՝ «Սրտերի թագուհու» ու քարոզչական արշավի մասին

Հուլիս 10,2019 21:45

«Նա ով առաջնորդվում է հասարակական կարծիքով, հինգ րոպեի կյանք ունի, ուղիղ այդքան կյանք ունի հասարակական կարծիքը»,-անհայտ փիլիսոփայի այս մտքով էլ սկսվում է  Նարեկ Մալյանի երրորդ՝ «Սրտերի թագուհին» գրքի նախաբանը, որի վրա հեղինակը շուրջ երկու  տարի աշխատել է, ասում է գրելուց ստացած հաճույքը անփոխարինելի է:

Հեղինակն ասում է, որ արքայադուստր Դիանայի մահվանն ու անգամ մահից հետո  եղած քարոզչական արշավն իր գրքում նոր տեսանկյունից է ներկայացված: «Ձեռագրից մինչեւ տպագիր գիրք դառնալը երկու տարի է տեւել: Հանգամանքների բերումով հետեւել եմ արքայադուստր Դիանայի մահվանը եւ դրա շուրջ իրականացվող լուսաբանմանը, մոտ տասը տարուց ավել էր, որ արվել էին այդ ուսումնասիրությունները, սկզբում դա հոդվածի տեսքով էր, հետո  դարձավ դասախոսության նյութ, որը ռազմավարական PR առարկայի շրջանակում կարդացել եմ համալսարանում, ապա ծնվեց գիրքը»,-նշեց Մալյանը:

«Որոշեցի գրքով ստիպեմ ընթերցողին քննադատական հայացքով նայել ցանկացած իրադարձության,»,- ընդգծեց նա: Նաեւ հավելեց, որ գիրքը կմասնակցի միջազգային գրահրատարակչական տոնավաճառների:

«Համաշխարհային մեծության տարբեր քաղաքական գործիչների հետ աշխատած, քաղաքական ճակատագրեր փոփոխած և նորերը կերտած հանրության հետ կապերի մասնագետ Ջոզեֆ Քլեյթընը որոշում է մեկուսանալ հեռավոր մի գյուղում և ապրել գյուղական կյանքով` զբաղվելով ոչխարաբուծությամբ, աճեցնելով վարդեր և վաճառելով դրանք:
Սակայն Ջոզեֆի հանգիստ ու խաղաղ կյանքն ընդհատվում է այն պահին, երբ իր տանը հայտնաբերում է Սառային` մի կնոջ, ում կյանքի հինգ տարիները վերահսկվել և այլ ընթացք են ստացել հենց Ջոզեֆի հրամանով: Ո՞վ է այդ կինը, ի՞նչ է ցանկանում ստանալ Ջոզեֆից, ի՞նչ ընթացք և հետևանքներ կունենա իրենց հանդիպումը: Եվ ի վերջո ի՞նչ կպարզվի, երբ Ջոզեֆը մտաբերի ու սկսի վերհիշել իր կյանքի թերևս ամենատպավորիչ աշխատանքային մարտահրավերը` «Սրտերի թագուհին» գործողությունը»,-ահա գրքի բանալին:

Նարեկ Մալյանի ձեւակերպմամբ, գրքում կա առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող պատմություն, որոնք վերջում միաձուլվում են:

Իր նախորդ՝ «Զրոյական կետը» վեպն արդեն թարգմանվել է անգլերեն, շուտով լույս կտեսնի Մեծ Բրիտանիայում, ավելի վաղ այն արաբերեն էր հրատարակվել արաբական երկրներում: «Գրական գործակալությունը աշխատանք է տանում գրքերս աշխարհում ճանաչելի դարձնելու ուղղությամբ»,-ասաց նա:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031