ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ 26-ամյա երիտասարդի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ենթադրյալ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Տավուշի մարզի՝ 27-ամյա բնակիչը:
2019 թվականի հուլիսի 09-ին՝ ժամը 21:10-ին, Դիլիջանի ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Դիլիջան համայնքի բնակիչ, 1993 թվականին ծնված երիտասարդ՝ մահացած վիճակում, ևս մեկ անձ էլ՝ ծնված 1993 թվականին, կտրած-ծակած վնասվածքով:
Դեպքի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Պարզվել է, որ մահացած և բժշկական կենտրոն տեղափոխված մյուս երիտասարդը մարմնական վնասվածքներն ստացել են Դիլիջան քաղաքում տեղի է ունեցած նույն վիճաբանության ժամանակ:
Կարդացեք նաև
Նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, այդ թվում՝ դիակի արտաքին զննություն, որի ժամանակ հայտնաբերվել են կտրած-ծակած բազմաթիվ վնասվածքներ, դեպքի վայրի զննություն, առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները, վերցվել փորձանմուշներ:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատակենսաբական, դատահետքաբանական:
Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Տավուշի մարզի բնակիչ՝ ծնված 1992 թվականին: Վերջինս ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին և ձերբակալվել:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումները՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, միջադեպին մասնակից անձանց շրջանակը հստակեցնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին