«Մոտ» կապը թե՛ բանավոր, թե՛ գրավոր խոսքում հաճախադեպ է: Այս բառի գործածության սխալների մասին խոսվել է տարբեր առիթներով, սակայն անհրաժեշտություն կա դրանց կրկին անդրադառնալու։
Նախ ներկայացնենք բառի հիմնական իմաստները։ Ըստ «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի»՝ մոտ-ը նշանակում է՝ կողքին, կողքը, ոչ հեռավոր, մտերիմ, գրեթե, մոտավորապես, ներկայությամբ, հարակից և այլն։ Այն սխալները, որոնց մասին կխոսենք, առնչություն չունեն բառի ո՛չ այս և ո՛չ էլ այն իմաստների հետ, որոնք չհիշատակեցինք։
Ներկայացնենք հանդիպող հիմնական դեպքերը.
Կարդացեք նաև
- «Մոտ» բառն ավելորդ է, գործածվում է անհարկի։ Օրինակ.
Առայժմ դա նրանց մոտ չի հաջողվում:
Հաղթողների մոտ տրամադրությունը միշտ էլ բարձր է:
Այս նախադասություններում ամեն բան տեղը կընկնի, եթե մոտ-ը չգործածվի.
Առայժմ դա նրանց չի հաջողվում:
Հաղթողների տրամադրությունը միշտ էլ բարձր է:
- Նախադասությունը սխալ է ձևակերպված։ Այսպես.
Խաղից դուրս վիճակ է արձանագրել մրցավարը հարձակվողի մոտ:
Միս ուտելուց հետո այդ տեսակի շների մոտ նյարդային համակարգը խանգարվում է։
Փորձի պակաս կա երիտասարդ մասնագետների մոտ:
Հարձակվողի մոտ խաղից դուրս վիճակ արձանագրել նշանակում է նրա մոտ կանգնած արձանագրել, որ ֆուտբոլիստը խաղից դուրս է։ Նյարդային համակարգի խանգարումը ոչ թե շների մոտ է, այլ նրանք ունենում են այդ խանգարումը։ Իսկ երրորդ նախադասությունը, կարծում ենք, մեկնաբանության կարիք չի էլ զգում։
Պետք է լիներ այսպես.
Մրցավարն արձանագրել է, որ հարձակվողը խաղից դուրս վիճակում է:
Միս ուտելուց հետո այդ տեսակի շների նյարդային համակարգը խանգարվում է։
Փորձի պակաս ունեն երիտասարդ մասնագետները։
Այդպես էլ սխալ են.
Հիվանդների մոտ լինում է գլխացավ։
Ինձ մոտ սրտխառնոց է առաջանում։
Այս մտքերը պետք է ձևակերպվեն այսպես.
Հիվանդները գլխացավ են ունենում։
Ես սրտխառնոց եմ ունենում։
- Մոտ-ը գործածվում է մեջ-ի փոխարեն։ Օրինակ.
Ինձ մոտ մի միտք ծագեց։
Արվեստագետների մոտ խանդի զգացումն ուժեղ է արտահայտվում։
Ռուսական արբանյակի մոտ շարժիչի խնդիրներ են ի հայտ եկել։
Այս դեպքերում ճիշտ կլինի գործածել «մեջ» բառը կամ ներգոյական հոլովով բառ.
Իմ մեջ մի միտք ծագեց։
Արվեստագետների մեջ խանդի զգացումն ուժեղ է արտահայտվում։
Ռուսական արբանյակում շարժիչի խնդիրներ են ի հայտ եկել։
- Նախադասությունն ամբողջովին պատճենում է ռուսերենից։ Օրինակ.
Դու ե՞րբ ես լինելու քեզ մոտ։
Տնօրենն իր մոտ է։
Ես կլինեմ ինձ մոտ։
Մեր լեզվամտածողությամբ մարդն ինքն իր մոտ լինել չի կարող։ Այսպես ասելիս սովորաբար նկատի են ունենում աշխատասենյակում, առանձնասենյակում, տեղում լինելը։ Հենց այդ բառերն էլ պետք է գործածել.
Դու ե՞րբ ես լինելու քո աշխատասենյակում։
Տնօրենն իր տեղում է։
Ես կլինեմ իմ առանձնասենյակում։
- Մոտ-ը գործածվում է «համար», «շրջանում» բառերի փոխարեն։ Այսպես.
Գայլերի մոտ դժվար է վազել ձյան վրայով։
Մեկ փոփոխության հնարավորություն կմնա Վենգերի մոտ։
Գյուղացիների մոտ դա անհանգստություն է առաջացրել։
Այս նախադասությունները ճիշտ հայերեն կլինեն այսպես.
Գայլերի համար դժվար է վազել ձյան վրայով։ Կամ Գայլերը դժվար են վազում ձյան վրայով։
Վենգերի համար մեկ փոփոխության հնարավորություն կմնա։
Գյուղացիների շրջանում դա անհանգստություն է առաջացրել։
Իհարկե, վերջին օրինակում մոտ-ը կարող է ունենալ նաև մեջ-ի իմաստը։
- «Մոտ» բառը սխալ ձևեր է կազմում «ստացվել» բառի հետ։ Օրինակ.
Ոչինչ չի ստացվում նրանց մոտ։
Այսօր աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մոտ չստացվեց լավ խաղալ:
Սրանք ևս անհարազատ՝ օտար լեզվամտածողության հետևանք են, ընդ որում սխալ է գործածված նաև «ստացվել» բառը: Հաջողվել-ը կարծես մոռացվել է. ամեն բան ստացվում կամ չի ստացվում:
Վերևում բերված նախադասությունները ճիշտ են այսպես.
Նրանց ոչինչ չի հաջողվում։
Այսօր աշխարհի լավագույն ֆուտբոլիստին չհաջողվեց լավ խաղալ:
Այս գրությամբ
ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ
«մոտ» բառը գործածելիս խուսափել հայերենին խորթ կառույցներից, տուրք չտալ օտար լեզվամտածողությանը։
ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ