Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Թաթոյան, խնդրում եմ անհապաղ միջամտել. տեղի է ունենում պարոն Քոչարյանի իրավունքների բացահայտ ու կոպիտ խախտում». Հայկ Ալումյան

Հուլիս 10,2019 17:17

«Ամենակոպիտ կերպով խախտվում է մարդու իրավունքը գրավի դիմաց ազատ արձակվելու մասին դատարան միջնորդություն ներկայացնելու և այդ միջնորդությունը քննության առնելու հետ կապված»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը:

Նա նշեց, որ իրենց համար մտահոգիչ իրավիճակ է այն, որ գործը Վերաքննիչ դատարանից դեռ չի ուղարկվել առաջին ատյանի դատարան. «Վերաքննիչ դատարանի՝ հունիսի 25-ի որոշմամբ կրկին կալանավորվեց պարոն Քոչարյանը: Հունիսի 27-ին մենք ներկայացրինք միջնորդություն կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու վերաբերյալ: Ներկայացրել ենք առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, սակայն առաջին ատյանի դատարանն այսօր 136-րդ օրն է լրանում, չի քննում մեր ներկայացրած միջնորդությունը: Ամենակոպիտ կերպով խախտվում է մարդու իրավունքը գրավի դիմաց ազատ արձակվելու մասին դատարան միջնորդություն ներկայացնելու և այդ միջնորդությունը քննության առնելու հետ կապված: Եթե ենթադրենք՝ առաջին ատյանի դատարանը կամ Վերաքննիչը կքննեին և կտեսնեին, որ այս պահին պարոն Քոչարյանն ուներ գրավով ազատ արձակվելու իրավունք, դա կնշանակի, որ դատական քաշքշուկների պատճառով ինքն այդ իրավունքից չի կարողանում օգտվել»:

Ըստ Հայկ Ալումյանի՝ դատարանների պատճառաբանությունները օրենքի հետ կապ չունեն. «Առաջին ատյանի դատարանը պատճառաբանում է, թե իբր ինքը չի կարող այս միջնորդությունը քննել, քանի որ գործը դեռ Վերաքննիչ դատարանում է, Վերաքննիչը պատճառաբանում է, որ չի կարող ուղարկել առաջին ատյանի դատարան, քանի դեռ Վերաքննիչ բողոք ներկայացնելու ժամկետը չի լրացել»:

Հայկ Ալումյանի պնդմամբ՝ երկու փաստարկներն էլ ոչ մի ընդհանուր բան չունեն օրենքի հետ. «Այս միջնորդությունը հենց ամսի 25-ին պետք է քննվեր և դրա վերաբերյալ որոշում կայացված լիներ: Այժմ դիմում եմ նաև ՄԻՊ-ին: Պարոն Թաթոյան, խնդրում եմ անհապաղ միջամտել. տեղի է ունենում բացահայտ ու կոպիտ խախտում: Սա ոչ առաջին, ոչ վերջին դեպքն է, միջնորդությունը պետք է քննվեր անհապաղ: Պետք է գոնե պատճառաբանեին, թե ինչու միջնորդությունը չի քննվում: Դատավոր Արմեն Դանիելյանն արել ու անելու է ամեն ինչ, որ հնարավորինս շատ խախտի պարոն Քոչարյանի իրավունքները: Պետք չէ զարմանալ, որ պարոն Դանիելյանը գործը չի ուղարկում առաջին ատյանի դատարան: Սպասելի էր, որ նա իրենից կախված ամեն բան կանի, որ հնարավոր չափով պարոն Քոչարյանի իրավունքները խախտվեն»:

Հայկ Ալումյանի տեղեկացմամբ՝ ընդհանուր առմամբ վճռաբեկ բողոք ներկայացնելու ժամկետը լրանում է դատական ակտը ստանալուց 15-օրյա ժամկետում: Դատավոր Դանիելյանը գործը պարտավոր էր իր մոտ չպահել: Հայկ Ալումյանն ասաց, եթե հիմք ընդունենք իր սեփական մեկնաբանությունը, ապա այսօր ինքը պետք է գործն ուղարկի առաջին ատյանի դատարան:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031