Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողի հետ պետք է հարգալից խոսեն բոլորը՝ անկախ ունեցած կարգավիճակից. «Իմ քայլի» պատգամավորների արձագանքները

Հուլիս 10,2019 16:11

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը երեկ հրապարակել էր հետեւյալ գրառումը. «Եվ այսպես՝ Գագիկ Ծառուկյանը չի պատրաստվում ներողություն խնդրել լրագրողներից, որոնց վիրավորել է։ Զարմանալի չէ։ Հակառակը՝ զարմանալի կլիներ, եթե նա ընդուներ իր սխալը ու ներողություն խնդրեր։ Դրա համար բարեկրթություն է պետք, ինչի խիստ պակաս ունի Ծառուկյանը։ Դա փողով չի գնվում։ Նա նույնիսկ չի էլ պատկերացնում, որ լրագրողի հետ «դու»-ով ու «աղջիկ ջան»-ով խոսելն անթույլատրելի է, և դրա համար էլ է պետք ներողություն խնդրել։ Ու քանի որ Ծառուկյանն այս ամենը չի ուզում ընդունել, կոչ եմ անում պատգամավոր գործընկերներիս՝ Հայկ Գևորգյանին, Վահագն Հովակիմյանին, Գայանե Աբրահամյանին, Վահագն Թեւոսյանին, Սիսակ Գաբրիելյանին, Թագուհի Թովմասյանին և մյուսներին, որոնք չեն մոռացել իրենց լրագրողական անցյալը, խորհրդարանում պաշտոնապես նախաձեռնել այս խնդրի քննարկումը՝ պատգամավորական էթիկայի տեսանկյունից և տեղեկացնել հանրությանը եզրակացության մասին»:

«Իմ քայլի» որոշ պատգամավորներ արդեն իսկ արձագանքել են այդ գրառմանը:

Սիսակ Գաբրիելյան. «Անձամբ կհանդիպեմ Գագիկ Ծառուկյանին ու կխոսեմ այս թեմայով, եթե վերջինս կլինի խորհրդարանում: Թեմայի վերաբերյալ քիչ առաջ խոսել եմ նաև տիկին Նաիրա Զոհրաբյանի հետ: Էթիկայի հանձնաժողովի մասով կարտահայտվեմ հնարավոր հանդիպումից հետո, իսկ ընդհանուր առմամբ ես կողմ եմ, որպեսզի հանձնաժողովը խորհրդարանում գործի մշտապես, այլ ոչ թե կոնկրետ փաստով ու որոշակի պատգամավորների ստորագրությամբ: Այս հարցում տիկին Զոհրաբյանը նույնպես կողմնակից է, խնդիրը կքննարկեմ քաղաքական ուժիս հետ, որովհետև դա միայն իմ որոշելիքը չէ»:

Գայանե Աբրահամյան. «Ծառուկյանի խնդրի մասով, որքան գիտեմ գործընկերներս հանդիպում են ունենալու, բայց ես այստեղ շատ ավելի համակարգային ու մշտական լուծման անհրաժեշտություն եմ տեսնում. էթիկայի հանձնաժողովը մշտական գործող դարձնելը, այդ դեպքում մենք նմանատիպ հարցերը այսքան երկար ու դժվար բարձրաձայնելու անհրաժեշտություն չէինք ունենա, այնպես, որ նախաձեռնելու եմ հանձնաժողովի մշտական դարձնելու ընթացքը, որը շատ շատերին կստիպի զգուշավոր լինել բոլորի, հատկապես, լրագրողների հետ»:

Թագուհի Թովմասյան. «Մենք զրուցել ենք այս թեմայով, իմ դիրքորոշումը ձեզ հայտնի է: Էթիկան չպետք է խախտի որեւէ պատգամավոր, լրագրողի հետ պետք է հարգալից խոսեն բոլորը՝ անկախ ունեցած կարգավիճակից, երկրորդ կարծիք լինել չի կարող: Իսկ հանձնաժողովը պետք է ձեւավորվի ու դառնա մշտական գործող կառույց, որի մասին մենք խմբակցությունում քննարկում ունեցել ենք եւ դեռ կունենանք՝ կարծում եմ: Միասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031