Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Բիլյանին կալանքից ազատելու միջնորդությունն այս փուլում չի քննվի

Հուլիս 10,2019 14:28

2016 թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի գործով հերթական դատական նիստում այսօր մեղադրյալներից Արմեն Բիլյանի շահերի պաշտպան, փաստաբան Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց նրան կալանքից ազատ արձակելու միջնորդություն:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերը» կալանքից ազատված են՝ բացի ոստիկան(ներ)ի սպանության համար մեղադրվող Արմեն Բիլյանից եւ Սմբատ Բարսեղյանից: Փոստանջյանը շեշտեց, որ գործը տեւական ժամանակ է՝ քննվում է, մինչդեռ Արմեն Բիլյանը շարունակում է մնալ կալանքի տակ:

Գործող մեղադրող-դատախազ Պետրոսյանը միջնորդության դեմ առարկեց՝ նշելով, որ կալանավորումը կախված չէ գործի քննության ժամկետների հետ. «Այն հստակ հիմքեր ունի եւ կարող է կիրառվել այնքան, մինչեւ դատարանը գործի քննությունը հասցնի ավարտին: Չեն ներկայացվել նոր հանգամանքներ, որոնք հնարավորություն կտային այդ միջնորդությունը հիմնավորված համարել: Նույն փուլում նույն հիմնավորումներով ներկայացված միջնորդությունը, կարծում եմ, ենթակա է առանց քննության թողնելու»:

Միջնորդության վերաբերյալ դատավոր Մեսրոպ Մակյանը նախ նշեց, որ մեղադրյալներից մեկի  բացակայության պայմաններում դատարանն իրավասու չէ խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություն քննել. «Գործի քննությունը շարունակել հնարավոր չէ»:

Հիշեցնենք, որ այսօր բացակա էր մեղադրյալ Մխիթար Ավետիսյանը՝ վիրահատված լինելու պատճառով. նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Առաջիկա նիստը հունիսի 24-ին է:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031