Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա որ մենք ամեն ինչից բողոքենք, ձեր հալն ի՞նչ կլինի». Մարուքյան- «Իմ քայլը» «փոխհրաձգությունն» ԱԺ-ում

Հուլիս 10,2019 13:50

«Մեր հարեւան Իրանը ոնց որ թե իր պայմանավորվածությունները ԵՄ-ի հետ սկսում է փոխել, ԱՄՆ-ը դուրս է եկել այդ գործարքից: Տարածաշրջանը լարված է, Վրաստանում տեսնում եք ինչ է կատարվում, Ադրբեջանը ամեն օր պատրաստվում է հարձակվի մեզ վրա: Մի հատ մեր խորհրդարանի քննարկումներին նայեք, էլի: Ասենք էս պառլամենտն ադեկվա՞տ է այս վիճակին»,- այսօր ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի հարցն էր քննարկվում, ներկայացուցչի գրասենյակը կառավարությունը մտադիր է առանձնացնել, նաեւ ներկայացուցչի համար սահմանել է որոշակի պահանջներ:

Քանի որ «Իմ քայլի» պատգամավորների կարծիքը հակասական էր ու տարբեր՝ ներկայացուցչի համար սահմանվող 30 տարեկանի, 5 տարվա աշխատանքային ստաժի հարցում, Մարուքյանը, դիմելով մեծամասնությանը, ասաց. «Դուք որոշում չունե՞ք, որ սա ձեր բերած օրենքն է: Եթե ձեր օրենքն է ինչո՞ւ են ձեր պատգամավորները դեմ:Ջղայնացա՞ք, մի՛ ջղայնացեք: Պարոն Սիմիդյան, ինչի՞ եք տեղից խոսում: Ասում եք՝ ամեն ինչից բողոքում եք: Մե՞նք ենք ամեն ինչից բողոքում: Բա որ մենք ամեն ինչից բողոքենք, ձեր հալն ի՞նչ կլինի: Ես հարց եմ տալիս՝ այս, ինչը որ կա, ադեկվա՞տ է տարածաշրջանում եղած իրողություններին եւ մեր եղած խնդիրներին: Ի՞նչ եք ուզում պարոն Ռուբինյան, կթողնե՞ք խոսել, չեք թողնում խոսանք: Ես հայտարարում եմ, որ քաղաքական մեծամասնությունը խանգարում է երրորդ խմբակցության ղեկավարի ելույթին»,- ասաց Մարուքյանն ու լքեց ամբիոնը, ինչը հարուցեց պատգամավորների ծիծաղը:

Մարուքյանից հետո ելույթ ունեցավ Սուրեն Գրիգորյանը, հենց նա էր «Իմ քայլի» պատգամավորներից, որ հայտարարել էր՝ դեմ է քվեարկել փոփոխություններին: Ուստի արձագանքելով Մարուքյանին՝ ասաց. «Մենք կնոպկա սեղմո՞ղ ենք, թե՞ սեփական կարծիք արտահայտող, ուզում եմ հասկանամ, մեկը ընտրեք, էդ գիծը տարեք»:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ իր կողմից հավելեց. «Անսպասելիորեն տարածաշրջանային զարգացումների հանդեպ հետաքրքրություն ունեցող Էդմոն Մարուքյանին ուզում էի տեղեկացնել, որ այսօր 2:30-ին մեր հանձնաժողովի երիտասարդ անդամ Տաթեւիկ Հայրապետյանը կազմակերպել է քննարկում՝ տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ՝ փորձագետների մասնակցությամբ: Սիրով կսպասեմ ձեզ, պարոն Մարուքյան եւ հետեւելու եմ՝ եկա՞ք, թե՞ ոչ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031