Կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Դոնալդ Տուսկը համատեղ հայտարարությամբ հանդես եկան:
Վարչապետ Փաշինյանն ասաց` այսօր կառավարությունում Տուսկի հետ անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին վերաբերող լայն շրջանակին, մտքերի փոխանակում է եղել քաղաքական եւ ճյուղային սեկտորալ համագործակցությանը, ինչպես նաեւ Հայաստանի ներքին կյանքին եւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին. «Ես հաստատեցի, վերահաստատեցի օրենքի գերակայության եւ ժողովրդավարության ամրապնդման, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի Հայաստանի իշխանությունների որդեգրած հանձնառությունը: Հանդիպման ընթացքում ես խոսեցի նաեւ Հայաստանում իրականացվող բարեփոխումների մասին՝ հիշատակելով անկախ դատաիրավական համակարգ կառուցելու ուղղությամբ մեր ներկայիս գործադրած ջանքերը: Ընդգծեցի, որ այդ առումով Հայաստանը մեծապես կարեւորում է եվրոպական հաստատությունների, այդ թվում ԵՄ աջակցությունը եւ հայտնում իր երախտագիտությունը ցուցաբերվող օժանդակության եւ գաղափարական զորակցության համար: Ընդգծեցի ԵՄ-ՀՀ համագործակցության ընդլայնման վերաբերյալ ՀՀ իշխանությունների քաղաքական հանձնառությունը»:
Փաշինյանը վստահեցրեց՝ երկուստեք նշվել է ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի մեծ նշանակությունը եւ ԵՄ երկրների՝ այն շուտափույթ վավերացնելու կարեւորությունը:
Վարչապետի խոսքերով. «Տվյալ պայմանագիրը մի գործիք է, որի իրականացումը ոչ միայն նպաստելու է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը, այլ նաեւ օգնելու է Հայաստանի իշխանությունների՝ բարեփոխումների օրակարգի իրականացմանը: Այս առումով ես ցանկանում եմ տեղեկացնել, որ Հայաստանի կառավարության գերատեսչությունները Եվրամիության համապատասխան մարմինների հետ համագործակցությամբ մշակել են համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին պայմանագրի իրականացման ճանապարհային քարտեզը»: Փաշինյանն ասաց, որ այն ինքը հաստատել է հունիսի 1-ին՝ պայմանագրի կիրառման ժամկետից ուղիղ մեկ տարի անց։ Հունիսի 13-ին պայմանագիրը արժանացավ նաեւ Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի 2-րդ հանդիպման հավանությանը:
Կարդացեք նաև
Ըստ Փաշինյանի, Տուսկի հետ հանդիպմանը անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ երկխոսություն սկսելու խնդրին. «Իմ կողմից նշվեց Հայաստանի շահագրգռվածությունը այս հարցում, հատկապես միջանձնային շփումների ընդլայնման անհրաժեշտության տեսանկյունից: Ես դիմեցի նախագահ Տուսկին՝ ԵՄ անդամ պետություններին այս ուղերձը փոխանցելու խնդրանքով»:
Հանդիպմանը անդրադարձ է եղել Արեւելյան գործընկերությանը, որն, ըստ Փաշինյանի, այս տարվա մայիսին նշել է իր հիմնադրման 10-րդ տարեդարձը:
Փաշինյանի խոսքերով՝ զրուցել են նաեւ տարածաշրջանային խնդիրների մասին. «Երախտագիտություն հայտնեցի ԵՄ կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում հավասարակշռված դիրքորոշում ցուցաբերելու եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը աներկբայորեն պաշտպանելու համար: Համոզվածություն հայտնեցի ԵՄ՝ այս կեցվածքի շարունակականության հարցում»:
Վարչապետը շնորհակալություն հայտնեց Դոնալդ Տուսկին՝ արդյունավետ համագործակցության համար, հաջողություն եւ նորանոր ձեռքբերումներ մաղթեց ապագա գործունեության մեջ:
Դոնալդ Տուսկն իր ելույթում շնորհակալություն հայտնեց վարչապետին ջերմ ողջույնի եւ գերազանց քննարկումների համար: Նա նշեց, որ սա իր առաջին այցն է Երեւան՝ Հայաստանում հեղափոխությունից հետո.«Ուրախ եմ հենց հիմա այստեղ գտնվել, Հայաստանի դրական դինամիկան ստեղծել է նոր հնարավորություններ մեր համագործակցության համար: Իմ այցելությունն ապացույցն է այն կարեւորության, որը Եվրամիությունը վերագրում է մեր հարաբերություններին ՀՀ-ի եւ տարածաշրջանի հետ: Այսօրվա մեր քննարկումներն ընդգծեցին արդյունավետ իրականցումը մեր գործընկերության համաձայնագրի: Սա հավակնոտ համաձայնագիր է, որը սատարում է Հայաստանի արդիականացմանը: Եվրոպական միությունը կշարունակի տրամադրել տեխնիկական եւ ֆինանսական օժանդակություն՝ այս համաձայնագրի իրականացման ուղղությամբ: Վարչապետը եւ ես համաձայնեցինք, թե որքան է կարեւոր օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը եւ մարդու իրավունքների հարգանքը»:
Տուսկն ասաց, որ ԵՄ-ն ողջունում է անկախ, արդյունավետ եւ հաշվետու դատական համակարգ ստեղծելու Հայաստանի՝ այս գործընթացում սեւեռումը. «Կուռ դատական համակարգը էական բաղադրիչ է հասուն ժողովրդավարության եւ տնտեսական-սոցիալական զարգացման համար: ԵՄ-ն նաեւ այստեղ շարունակելու է փորձագիտական օժանդակությամբ եւ լրացուցիչ ռեսուրսներով օգտակար լինել»:
Տուսկի ներկայացմամբ՝ քննարկել են նաեւ հակակոռուպցիոն մասնագիտացված հանձնաժողովի ստեղծումը. «Ճանաչելով կառավարության բարեփոխումների ուղղությամբ ջանքերը, Եվրոմիությունը համարյա կրկնապատկել է օժանդակությունը Հայաստանին 2019 թվականի համար: Այս միջոցները կօգնեն գերակա ծրագրեր իրականացնել, ներառյալ՝ ենթակառուցվածքային, բնապահպանական»: Տուսկն ասաց, որ այսօր գուցե այցելի Սեւանա լիճ, եւ ԵՄ-ն սատարելու է ջրային ռեսուրսների կառավարմանը, ինչպես որ համաձայնեցվել էր Փաշինյանի՝ Բրյուսել վերջին այցի ժամանակ.«Ես առիթ կունենամ այցելել նաեւ Սեւանա վանք, մի հուշարձան, որը ապացույց է Հայաստանի հազարամյա ազդեցությանը Եվրոպական մշակույթի վրա»:
Տուսկի խոսքերով՝ այսօր քննարկել են չհանգուցալուծված Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը.«Եվրոմիությունը քաջալերված է այս տարվա զարգացումների դինամիկայով եւ պատրաստակամ է ժողովուրդներին պատրաստել խաղաղության եւ շեշտադրում անել մարդասիրական խնդիրների վրա: Մենք նաեւ կիսում ենք Մինսկի խմբի համանախագահների մտահոգությունը շփման գծում վերջին զոհերի համար, ինչպես նաեւ էսկալացիոն հայտարարությունների: Երկու կողմերն էլ պետք է զսպվածություն ցուցաբերեն եւ միջոցներ ձեռնարկեն վերականգնելու համար միջավայրը, որը նպաստավոր կլինի իրական բանակցությունների համար»: Տուսկը Երեւանում կրկնեց այն, ինչ ասել էր նախօրեին՝ Բաքվում. «Հակամարտությունը ռազմական լուծում չունի եւ այստեղ քաղաքական հանգուցալուծում է պետք, որը կհամապատասխանի միջազգային իրավունքին եւ սկզբունքներին: ԵՄ-ն շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ շեշտադրությանը՝ արդար եւ տեւական հանգուցալուծում գտնել՝ ելնելով հիմնական սկզբունքներից Հելսինկիի ավարտական ակտից: ԵՄ-ն արդեն սատարում է խաղաղության կառուցման գործողություններին եւ պատրաստ է սատարել այն միջոցներին, որոնք նախապատրաստում են ժողովուրդներին խաղաղությանը»:
Տուսկն ասաց, որ իրեն քաջալերում եւ խրախուսում է Փաշինյանի ղեկավարությամբ նվաճված առաջընթացը եւ հավաստիացրեց, որ ԵՄ-ն շարունակելու է աշխատել Փաշինյանի եւ Հայաստանի հետ՝ հօգուտ բոլոր հայերի:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ