ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի համար սահմանվող պահանջների քննարկման ժամանակ այսօր ԱԺ-ում ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները քննադատեցին կառավարությանը: ՀՀ ներկայացուցչի համար կարեւորվում է լեզուների իմացությունը, կրթությունը, բայց որեւէ պահանջ չկա նրա ստաժի հետ կապված, նշված է, որ անգամ 25 տարեկանը կարող է լինել ՄԻԵԴ ում ՀՀ ներկայացուցիչ:
ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանն ասաց, որ պարտադիր ՀՀ ներկայացուցիչը ունենա 5 տարվա ստաժ, պետք է հասկանա ուր է գնում, թե չէ 25 տարեկան նորավարտ ուսանողին էլ կարող են նշանակել ու այս հարցում չպետք է ասենք՝ վարչապետը կվստահի այդ գործը փորձ ունեցողի, խաղի կանոնները պետք է ի սկզբանե սահմանվեն:
Իր ելույթում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց. «Սա լավ օրինակ է՝ ցույց տալու, որ մենք էլի գտնվում ենք հին խայտառակ մտածողության մեջ ու այդ առումով ոչ մի բան չի փոխվել: Մի հատ հոդաբաշխ հիմնավորում չի բերվել, թե ինչի ենք էս օրենքն ընդունում ու ինչի է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ներկայացուցիչն առանձնանում: Ինչի՞ համար: Ասում է՝ առանձնանա, ավելի արդյունավետ կաշխատի, ժողովուրդ ջան, չի՛ կարելի էսպիսի բաներ անել: Մենք երեկ դեմ քվեարկեցինք՝ մտածելով, որ փոխվելու է էս վիճակը: Ինչ-որ ստաժ, բան, հա, բայց ինչի՞ համար եք առանձնացնում: Ես առաջարկում եմ ԴԱՀԿ-ն հանել արդարադատության նախարարության աշխատակազմից, մտցնել վարչապետի աշխատակազմ, մեկ է, ԴԱՀԿ պետին նշանակում է վարչապետը: Ես առաջարկում եմ քրեակատարողական ծառայությունը հանել ԱՆ-ից, մտցնել վարչապետի աշխատակազմ, մեկ է, արդարադատության նախարարը չի նշանակում էդ մարդուն, նշանակում է վարչապետը, էդ էլ պրծենք: Առաջարկում եմ լուծարել բոլոր նախարարությունները եւ ստեղծել բաժիններ վարչապետի աշխատակազմում, ունենալ բաժնի պետեր ու խորհրդարան ընդհանրապես չգան: Եվ լինի խորհրդարան ու վարչապետ, կամ էլ ցրենք խորհրդարանը, լինի վարչապետ: Դատարաններն էլ կարանք լուծարենք, վարչապետի աշխատակազմում էլի ստեղծենք արդարադատության բաժին, ասենք մեկը սեւ բանով, չագուչով նստի, մարդկանց ասի՝ դու ճիշտ ես, դու սխալ, տենց Սողոմոն թագավորի պես որոշի, գնանք: Էս ո՞ւր ենք գնում: Բա դուք էիք ասում՝ ինստիտուցիոնալիզմ, բա՜ն…բա էդ ի՞նչ եղավ, ո՞ւր է»:
Ելույթի վերջում Մարուքյանը հորդորեց իր առաջարկները լրջորեն քննարկել՝ հավելելով. «Մոռացա ասեմ՝ Սահմանադրական դատարանն էլ մի հատ առանձին բաժին բացեք վարչապետի աշխատակազմում՝ սահմանադրական հարցերով, էդ էլ արդեն գիտենք ով կլինի ղեկավարը, էդ էլ ստեղծեք»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ