ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի համար ստաժի պահանջ չդնելու կառավարության մոտեցումը երեկ հարուցել էր պատգամավորների դժգոհությունը: Այսօր ԱԺ-ում այդ նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ արդարադատության փոխնախարար Արտակ Ասատրյանն ասաց, որ պատգամավորների առաջարկն ընդունել են ու ավելացնելու են տարիքի պահանջ ու ստաժի պահանջ, որ ավելի փորձառու մարդիկ նշանակվեն, չնայած, նրա խոսքով, պրակտիկայում այդ հարցում որեւէ խնդիր չի առաջացել:
Պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ, հարակից զեկուցող Սուրեն Գրիգորյանն ասաց, որ ինքը կոնկրետ պատգամավորների առաջարկություններին դեմ է քվեարկել. «Ներկայացուցիչ կարող է նշանակվել 25 տարին լրացած, բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող, Մարդու իրավունքների վերաբերյալ ՀՀ օրենսդրությանը, միջազգային ակտերին, հայերենին, անգլերենին կամ ֆրանսերենին տիրապետող քաղաքացին: ԲՀԿ-ն առաջարկել է, որ տարիքը սահմանվի 30, ստաժն էլ սահմանվի 5 տարի: Այսօր ունենք նորմ, որն իրեն պրակտիկայում ցույց է տվել, խնդիրներ չենք առաջացել: Մենք փաստացի պրակտիկայի եւ հիպոթետիկ վտանգը կանխելու միջեւ ընտրում ենք երկրորդը: Բոլորը պետք է հասկանան, որ ողջամտորեն ՀՀ ոչ մի ղեկավար ՄԻԵԴ-ում չի նշանակի ոչ կոմպետենտ մարդու, անգամ եթե ոչ մի ցենզ չսահմանվի»:
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ իր ելույթում ասաց. «Պետք չի Նոստրադամուսը լինել, հիշեք հենց այսօր պաշտոնավարող որոշ պաշտոնյաների, որոնց յուրաքանչյուր հրապարակային ելույթը «Ералаш»-ի համար լուրջ թեմա է: Իրենց ամեն մի ելույթը, դատողությունները քաղաքական թեմայով մի օր մնալու էենհայ քաղաքագիտական պատմության մտքի մեջ՝ որպես աբսուրդի շեդեւռներ: Այնպես որ մի զարմացեք, որ կարող են լինել այդպիսի նշանակումներ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ