Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը Ագարակի պղնձամոլիբդենային գործարանի խնդրի հետ կապված հայտարարություն արեց ու կառավարության համապատասխան պաշտոնյաներին կանչեց Մեղրի:
Այս առնչությամբ հայտարարություն արեց նաեւ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը. «Խնդրին ծանոթ եմ, որպես այդ տարածքից ընտրված պատգամավոր նաեւ: Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի շահագործման հետեւանքով հարակից տների բնակիչները հսկայական վնասներ են կրել, չի փոխհատուցվել, դա՝ մեկ: Երկրորդը՝ մարդկանց աշխատեցրել են ժամանակից դուրս եւ ոչ իրավաչափ, որի դիմաց չեն վճարվել: Իմ դիմումի համաձայն, գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ այս խնդրի հետ կապված եւ քրգործն ուղարկված է Քննչական կոմիտե: Մենք պիտի հետամուտ լինենք, որ պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատող աշխատակիցների շահերը պաշտպանվեն: Կարծում եմ եւ հույս ունեմ, որ մեր երկրում վաղուց անցել են ստրկատիրական ինկվիզիցիայի ժամանակները»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ