Լրահոս
Օրվա լրահոսը

Օվսաննա Հովսեփյան. Ավելի լավ է եղած վանդակների պայմաններում 5 շուն 1 օր 1 վանդակում մի քիչ նեղվի, բայց 4 շուն ավել ստերջացվի

Հուլիս 10,2019 12:09

Ուզում եմ առանձին գրառմամբ անդրադառնալ Լույս խմբակցության իմ գործընկերների նյութին՝ կապված թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն այցելելու հետ:

Անդրադարձս մի փոքր երկար է լինելու, քանի որ մի քիչ արմատապես եմ ուզում խոսել, որ ավելի պարզ լինի: Երկար տարիներ ես ու շատ կենդանասեր մարդիկ պայքարել ենք, որ թափառող կենդանիների իրավիճակը Հայաստանում լավանա: Սկսել ենք 0-ից, անցել ենք շատ երկար ճանապարհ, կռիվ ենք տվել ում հետ ասես, ստացել ենք ինչ սպառնալիք ասես, դժվար է եղել աննկարագրելի:

Վեր ենք թռել ամեն հատիկ հրավառությունից, քանի որ մտածել ենք, թե շուն են սպանում… դողացրել ենք մեր կողմից ստերջացված ամեն հատիկ շան վրա, քանի որ կարող էին գիշերը տանել ու սպանել: Շատերին ստիպված պահել ենք կացարանում, որ չվերադարձնենք, որ չսպանեն….

Ամեն կրակած շան համար օրերով ոստիկանությունից դուրս չենք եկել, բայց էդպես էլ գործը միտումնավոր փակվել գնացել է, քանի որ Քաղաքապետարանն էր կրակում…

Թե ինչերի միջով են կենդանասեր ակտիվիստները անցել տարիներ շարունակ, թերևս մենակ մենք կհասկանանք… ու խոսքը 1-2 տարվա մասին չէ, այլ 13 տարվա մասին:

Այն, որ շները ստերջացվեն ու չսպանվեն… ընդամենը 1 տարի առաջ անիրական երազանք էր թվում:

Բայց այսօր դա իրականություն է, հեղափոխության շնորհիվ:

Առաջին անգամ, հաշվի առեք, առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ պետական մակարդակով ստերջացման ծրագիր է իրականացվում:

Ծրագիրն իրականացվում է խնդիրներով, այո՛: Կան տեխնիկական խնդիրներ: ՀՈԱԿ-ի տարածքն այժմ դեռ նոր է կառուցվում, և հիմա ՀՈԱԿ-ը աշխատում է մի ժամանակավոր տարածքում, որտեղ պայմանները մեղմ ասած շատ վատ են, բայց ոչ ՀՈԱԿ-ի մեղքով:

Լույս խմբակցության իմ գործընկերները բարձրացնում էին խնդիրներ, որ միգուցե հարցից չհասկացող մարդու ականջին կարող են սուր հնչել, բայց միայն թե ոչ հարցից հասկացող մարդկանց ականջին:

Օրինակ
որ պատվաստանյութերը պահվում են սովորական սառնարանում, ինչը լրիվ նորմալ է, դա պատվաստանյութի համար բավարար ջերմաստիճան է…

որ սնունդ չկար, ինչը նորմալ է, եթե հաշվի առնենք, որ շները վիրահատությունից առաջ և հետո չպետք է ուտեն, իսկ քանի որ շները այնտեղ մնում են 1 օր, դա ընդամենը վիրահատությունից առաջ և հետո է…

բժիշկներից ու բուժակներից փաստաթղթեր են պահանջում, ինչը նորմալ չէ, ինչպես եթե մտնեն ցանկացած հիվանդանոց ու բուժքույրից կառույցի հետ կապված փաստաթուղթ ուզեն…

ասում են «շանը ստերջացնելուց հետո շպրտում են վանդակի վրա»: Իհարկե չգիտեմ շպրտել ասելը ինչով է պայմանավորված, բայց դեռ քնած շանը վանդակի վրա դնելը նորմալ է, քանի որ քնած շանը ճմրթելով պետք է վանդակը մտցնեն: Ավելի հեշտ է, որ շունը զարթնի, որ իրեն մի փոքր բրդելով մտցնեն վանդակ:

համեմատում են Յունիգրաֆի կլինիկայի հետ, այն դեպքում, երբ Յունիգրաֆը իր կլինիկան պահել է իդեալական՝ ընդհանրապես շուն չստերջացնելու հաշվին: Այդ կլինիկան 6 տարվա մեջ մի 30 շան էլ չի ծառայել: Դե կներեք, ինչի՞ պիտի վատ պայման լինի: Էլ չեմ ասում որ Յունիգրաֆի հիմնական կլինիկան ՀՈԱԿ-ի ժամանակավոր տարածքի հետ համեմատելը էլի արդար չէ ու անտեղին է:

ասում են, որ մի վանդակում մի քանի շուն է, բայց ավելի լավ է եղած վանդակների պայմաններում 5 շուն 1 օր 1 վանդակում մի քիչ նեղվի, բայց 4 շուն ավել ստերջացվի, քան 1 շուն լինի վանդակում, ու ստերջացվի 4 հատ պակաս: Ամեն 4 հատ պակաս ստերջացված շունը + 20 շուն է լինելու աշնանը:

Ասում են՝ պայման չունեն, թող չանե՞ն: Իսկ էդ չարածի արդյունքում աշնանը ծնված ձագերի համար դու՞ք եք պատասխան տալու:

Եվ իմ այս բոլոր գրածները չեն նշանակում, որ ես չեմ տեսնում տեխնիկական խնդիրները, թերությունները: Ես ամեն խնդիր ձեզնից ավելի լավ եմ տեսնում, քանի որ հասկանում եմ ոլորտից, բայց քանի դեռ ես տեսնում եմ, որ շները ստերջացվում են, ու ստերջացվում են ԼԱՎ, մնացած տեխնիկական խնդիրները ուղղելի են ու ուղղվում են: Քանի դեռ ես ստուգում եմ ցանկացած պատահական կլիպսով շան կարերը ու դրանք իդեալական են, քանի դեռ ես մեր էջով ահազանգ չեմ ստացել, որ ստերջացումից հետո շունը վատ է (բացառությամբ բորբոքված կլիպսի), ես աշխատանքի արդյունքը գնահատում եմ լավ:

Բոլոր տեխնիկական խնդիրները ժամանակի հետ ուղղելի են, ու ես հույս ունեմ, որ երբ ՀՈԱԿ-ի կլինիկան պատրաստ լինի, դրանք կհասնեն մինիմալի: Չգիտես ինչու, մարդիկ սպասում են, որ տարիների սպանդից հետո միանգամից իդեալական աշխատանք է լինելու, բայց այդպես չի լինում:

Վերջում էլ՝ մի քանի ինֆորմացիոն մաս

Մարտից մինչ օրս արդեն ստերջացվել է 1000 շուն և քնեցվել ընդամենը 20 շուն: Ցանկացած շան անկետան կա: Ասում ես կլիպսի թիվը ու 1 րոպեից շան դոսյեն դնում են դիմացդ: Քնեցվածների դեպքում էլ՝ համաճարակայինից անալիզի պատասխանները կան (քնեցվել են միայն լեշմանիոզով ու չումկայով հիվանդ շներ)

մինչ օրս ծախսվել է ոչ թե 150 միլիոն, այլ 35 միլիոն

թե՛ թափոնները, թե՛ շների դիերը հանձնվում են ուտիլիզացիայի

Շնորհակալություն այսքան երկար կարդալու համար:

Օվսաննա ՀՈՎՍԵՓՅԱՆ

ԴԻՆԳՈ թիմի ղեկավար

Երևանի ավագանու «Իմ Քայլը» խմբակցության անդամ

https://www.facebook.com/ovsannahovsepyan/posts/10156343371953244

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031