Լրահոս
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերի» գործով մեղադրյալը վիրահատվել է. բուժումը 2 ամիս կտեւի

Հուլիս 10,2019 11:50

2016թ.-ին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի գործով հերթական դատական նիստում այսօր մեղադրյալներից Մխիթար Ավետիսյանը կրկին չէր ներկայացել՝ առողջական խնդիրներով գտնվում էր հիվանդանոցում: Դատավոր Մեսրոպ Մակյանը հիշեցրեց, որ նախորդ նիստում եւս նա ներկա չէր, իսկ այս նիստում ԲԿ-ից տեղեկանք է ստացվել այն մասին, որ Մխիթար Ավետիսյանը հոսպիտալացվել է մի շարք առողջական խնդիրներով, նա վիրահատվել է. «Առկա է կոնքի խոռոչի օրգանների ֆունկցիայի խանգարում: Հիվանդին հարկավոր է կոնսերվատիվ բուժում՝ երկու ամիս ժամկետով»:

Մեսրոպ Մակյանն արձանագրեց, որ Մխիթար Ավետիսյանի բուժումը երկար է տեւելու, եւ պետք է քննարկել առանց նրա մասնակցության նիստեր անելու հարցը:

Այս գործով մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանն իրավիճակի վերաբերյալ նշեց. «Հաշվի առնելով ողջամիտ ժամկետներում գործի քննության անհրաժեշտությունը՝ միջնորդում եմ Մխիթար Ավետիսյանի հանդեպ նշանակել դատաբժշկական փորձաքննություն՝ պարզելու համար հիվանդությունների առկայությունը եւ արդյոք դրանք խոչընդոտում են Մխիթար Ավետիսյանի՝ դատական նիստերին մասնակցելուն»: Մեղադրողը չբացառեց, որ Մխիթար Ավետիսյանի մասը գուցե գործից անջատ քննվի:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Մխիթար Ավետիսյանի հանդեպ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդության առնչությամբ որոշում կայացնելու:

Դատավոր Մեսրոպ Մակյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշեց դատախազի միջնորդությունը բավարարել եւ Մխիթար Ավետիսյանի հանդեպ նշանակել դատաբժշկական փորձաքննություն, կատարումը վերապահել Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ առաջադրելով մի շարք հարցեր

-Հիվանդություններ ունի՞ Մխիթար Ավետիսյանը,

-Եթե այո, ի՞նչ հիվանդություններով է տառապում,

-Հայտնաբերված հիվանդությունը կարո՞ղ է խոչընդոտել դատական նիստերին մասնակցելուն, թե ոչ,

-Եթե մասնակցությունը հնարավոր է, որքա՞ն ժամանակով կարող է նա մասնակցել նիստերին,

-Եթե մասնակցությունը հնարավոր չէ, բուժումը որքա՞ն ժամանակ կարող է տեւել:

https://www.facebook.com/aravot.am/videos/435802513937272/

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031