Վարչապետ Փաշինյանը բազմիցս է հրապարակավ հայտարարել, որ Հայաստանում օլիգարխներ չկան, որ մոնոպոլիաներին վերջ է տրված, որ մեզանում այլևս գործում են օրենքն ու շուկայական հարաբերությունները: Մինչդեռ, իրականում հանրությանը հայտնի որոշ օլիգարխներ հեղափոխությունից հետո էլ բոլորովին «դիսկոմֆորտ» վիճակում չեն: Ավելին՝ որոշները «նոր տարածքներ են գրավում»: Մեր խնդրանքով հետհեղափոխական իրականության մեջ առաջացած այս հակասության տնտեսագիտական մեկնաբանությունն է ներկայացնում Վահագն Խաչատրյանը:
Նախկինում ՏՄՊՊ հանձնաժողովը, կառավարության անդամները շարունակ «բացատրում էին», որ Հայաստանի փոքր շուկան մրցակցության հնարավորություն չի թողնում: Շուկայի մեծ կամ փոքր լինելը շուկայավարման հետ կապ չունի: Դա խաբեություն էր: Երկու դեպքում էլ պետությունը կարող է այնպիսի պայմաններ ստեղծել, որ ուժեղ մրցակցություն լինի: Հունական OTE-ն Հայաստանում մենաշնորհ ուներ: Երկրորդին չէին թողնում՝ պատճառաբանելով, որ սա ներդրումներ պետք է անի և այլն: Երբ Քոչարյանին պետք էր, հայտնվեց «ՎիվաՍելը» և «գիշերով կայացած անսպասելի մրցույթում» հաղթեց: Նման աննորմալ իրավիճակը շուկայի փոքրությամբ, փոքր շուկայում մրցակցության բացակայությամբ բացատրելը, չի աշխատում:
Ինչ վերաբերում է անհավասար մրցակցությունը վերացնելու երկրորդ ուղուն՝ հարուստների ունեզրկմանը, որ հաճախ հնչում է, ամենավատ բանն է, որ կարելի է մտածել: Մարդկանց առաջ արհեստական խոչընդոտներ ստեղծել, արգելել, որ մարդն այլևս այդ բիզնեսով զբաղվի, կործանարար է տնտեսության համար: Յուրաքանչյուր հաջորդ կառավարություն կարող է դիմել նույն քայլին: Լավ է, որ Փաշինյանի կառավարությունն այդ ուղիով չգնաց: Պարզապես պետք է հետևել գործընթացներին և շտկումներ անել՝ հստակեցնելով, թե ինչի 4-րդ, 5-րդ, 6-րդ բենզին ներկրողներ չեն առաջանում, 6, 7, 8-րդ հավի միս մատակարարողներ չկան: Պետք է հանրային ծառայություններն ու ՏՄՊՊ հանձնաժողովները միացվեն մեկ մարմնի մեջ, ավելի լայն լիազորություններով, որպեսզի կարողանան օպերատիվ այդ հարցը լուծել: Իսկ մինչ այդ այս հանձնաժողովը պարբերաբար անաչառ ուսումնասիրություններ պետք է անցկացնի, ներկայացնի ոչ միայն ներսի, այլև միջազգային ու տարածաշրջանային պատկերը՝ անելով համեմատություններ ու ներկայացնելով ոչ թե կառավարությանը, այլ հանրությանը և բիզնես շրջանակներին: Մյուս կողմից, եթե զգացվում է, որ այս կամ այն ընկերությունը չափից ավելի խոշորացել է, կարելի է օրենսդրորեն կամ հակամենաշնորհային քաղաքականությամբ թույլ չտալ, որ շուկայում որևիցե մեկը 25%-ից ավելի ներկայացված լինի: Ցանկալի է նաև, որ մեծածախ ու մանրածախ առևտուրները օրենքով առանձնացվեն, ինչպես ընդունված է աշխարհում:
Հետևաբար, մոնոպոլիաները վերացնելու ճանապարհին կառավարությունը արել է ընդամենը առաջին քայլը, մինչդեռ երկրորդ, երրորդ կարևորագույն քայլերը արված չեն: Ընդ որում, ոչ միայն մոնոպոլիաների, գերիշխող դիրքի առումով, այլ ընդհանրապես, կառավարության գործունեության մեջ այսօրվա խնդիրն այն է, որ անելով ամենակարևոր քայլը, սահմանելով խաղի ընդհանուր կանոնները, այն է՝ մենք, որպես պետություն, այսպիսի դիրք ունենք տնտեսության և հասարակության մեջ, պետության մեջ, չի ներկայացնում իր մոտեցումները վաղվա, մյուս օրվա հետ կապված:
Կարդացեք նաև
Ընդհանուր դրույթները հասկանալի են. կաշառք չենք վերցնում, ազատ ենք մեր գործողությունների մեջ, կառավարությունը չի հովանավորում մենաշնորհային դիրքը: Բայց այս ամենը պահելու համար ի՞նչ է անում: Այստեղ է, որ կառավարությունն ասելիք ու անելիք ունի: Տեղին կլինի, որ կոնկրետ գործողությունները, որ նախատեսված են փետրվարյան միջոցառումների ծրագրով, կլինի եռամսյակի կամ կիսամյակի կտրվածքով, ներկայացվի հանրությանը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: