Լրահոս
Օրվա լրահոսը

Գույքի բռնագանձման օրենքի նախագիծը չի արտացոլում միջազգային լավագույն փորձը. Սարգիս Գրիգորյան

Հուլիս 10,2019 11:12

ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՉԻ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՓՈՐՁԸ

Տևական ժամանակ է` գործադիր իշխանությունը և իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները բարձրաձայնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի մասին։ Վերջերս այդ համակարգը կարգավորող օրենքի նախագիծը ոչ պաշտոնապես ի հայտ եկավ։

Առաջին հայացքից թվում է, թե Նախագծի նպատակը պարզ է և պարունակում է լավ շարադրված կարգավորումներ։ Սակայն, այդ ոլորտի մասնագետը կարող է հստակ արձանագրել, որ Նախագիծը տարբեր երկրների օրենսդրությունից թարգմանված և ապաբանաքաղված (copy paste) փաստաթուղթ է։ Ավելին, խորը ուսումնասիրության չի ենթարկվել 2009 թվականին Համաշխարհային բանկի նախաձեռնությամբ մշակված համապարփակ ուղեցույցը։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ներդնումը նոր և արտասովոր կարգավորում է Հայաստանի իրավական համակարգում, որին պետք է նախորդեր հայեցակարգի և ռազմավարության մշակման գործընթացը։ Իրավաստեղծը այդ ոլորտի ուսումնասիրության արդյունքները և առաջարկվող լուծումները պետք է ներկայացներ հանրային քննարկման։ Վերջինս պետք է նաև մշակեր ռազմավարություն՝ նախանշված նպատակների իրագործման հիմնական ուղղությունների և միջոցառումների վերաբերյալ:

Կառավարությունը պետք է մշակի «ապացույցի վրա հիմնված քաղաքականություն» (evidence-based policy) այս համակարգի արդյունավետ ներդնման համար:

Ավելին, հետագայում «իրավական համայնքը» պետք է բարձրացնի այդ օրենքի համապատասխանությունը Սահմանադրությանը և Հայաստանի կողմից ստանձնված միջազգային պարտավորություններին, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկային:

Ներկայումս, GPARTNERS -ի առաջնորդությամբ մի խումբ իրավաբանների կողմից մշակվում է համեմատական վերլուծություն Նախագծի վերաբերյալ, որը նաև ներկայացնելու է Նախագծի համապատասխանությունը միջազգային լավագույն փորձը և դատական պրակտիկան։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս Վերլուծությունը լույս է տեսնելու կարճ ժամանակահատվածում` այս փուլում կցանկանայի անդրադառնալ միայն երկու կարևոր խնդիրների։

Այսպիսով` (1) արդյոք դատարանները ունեն բավարար ինստիտուցիոնալ կարողություններ քննության առնելու այդ գործերը, և (2) արդյոք գործընթացի ամբողջ ընթացքում չեն կիրառվի «կամընտրական արդարադատության» միջոցներ։

Այստեղ կարևոր դեր ունեն իշխանության բոլոր ճյուղերը, որ դատարանների գործունեությունը կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը՝ անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով: Ավելին, դատարանները պետք է ապահովեն, որ բոլորը հավասար լինեն օրենքի և դատարանի առջև, ինչպես նաև չկիրառվի որևէ տեսակի խտրականություն` ներառյալ քաղաքական կամ այլ հայացքների տեսանկյունից:

Ս. Գրիգորյան,

GPARTNERS իրավաբանական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031