Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ ես, այսօր դու, վաղը նա…

Հուլիս 10,2019 14:00

«Կարուսել», Վահան Տերյան

Օրերս նշվեց ՀՀ դատախազության 101-ամյակը, մի քանի ամիս առաջ ՀՀ ոստիկանության 101, իսկ անցյալ տարի ՀՀ ԱԱԾ 100 (՞՞՞՞՞՞), շուտով՝ 101-ամյակը եւ այսպես շարունակ, չմոռանալով, իհարկե, քննչական մարմինների հոբելյանները։ Իհարկե, այս շարքում ամենահետաքրքրականը ԱԱԾ 100-ամյա հոբելյանի նշումն էր։ Փաստորեն, այդ նշանակում է, որ անկախ Հայաստանի ԱԱԾ-ն առնվազն նաեւ ԽՍՀՄ ЧК-ի, НКВД-ի եւ КГБ-ի ժառանգորդն է, ուստի եւ պատասխանատու чистка-ների, սպանությունների, աքսորների համար։ Սակայն այդ մասին չէ, որ կուզենայի խոսել։

Առաջին հայացքից թվում է, թե որեւէ արտառոց բան չկա, գերատեսչության հիմնադրման չգիտեմքանիամյակն է (կարծեմ՝ ամեն տարեթիվը չէ, որ հոբելյանական է), եւ այն նշվում է…

Այո, բայց ուշադրություն դարձրեք, որ նախ ամեն «անկախ» իրավապահ գերատեսչության տարեդարձ նշվում է մեծ շուքով, ներկա են լինում այլ իրավապահ «անկախ» մարմինների նույնպես «անկախ» ղեկավարներ եւ որ ամենակարեւորն է՝ գործադիր իշխանության ղեկավարը (այսինքն՝ երկրի ղեկավարը), որն էլ «օբյեկտիվորեն» գնահատում է տվյալ գերատեսչության աշխատանքը (որին ինքը երբեք ցուցումներ չի տալիս), հատկապես բարձր գնահատելով անձամբ իր պաշտոնավարման ժամանակաշրջանը: Արդյոք սա մեր «ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական պետության» (ՀՀ Սահմանադրություն, Հոդված 1) կողմից ԽՍՀՄ-ից ժառանգված ավանդույթ է ընդամենը, թե՞…

ԽՍՀՄ-ում այն հասկանալի էր, քանի որ վերոնշյալ բոլոր կառույցների թե ղեկավարները, թե աշխատակազմը կոմկուսի անդամներ էին, եւ կատարում էին հարազատ կուսակցության դիրեկտիվները։ …Իսկ անկախ, բազմակուսակցական համակարգ ունեցող Հայաստանում դատաիրավական համակարգը նույնպես անկախ, ապակուսակցական է եւ գործում է միայն ՀՀ Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում (այս սահմանումն առկա է բոլոր իրավապահ մարմինների մասին օրենքներում)։ Սրանից ենթադրվում է, որ ոստիկանություն, ԱԱԾ, քննչական մարմիններ, դատախազություն, դատարաններ շղթայից յուրաքանչյուրը ոչ միայն նույնպես պետք է գործի մյուսից անկախ, այլեւ զերծ` օրվա քաղաքական իշխանության ազդեցությունից եւ ցուցումներից։ Այս գերատեսչությունների միջեւ, պետք է լինեն բնական հակասություններ։ Այսպես. ոստիկանության, ԱԱԾ հնարավոր անօրինականությունները (ապօրինի ազատությունից զրկել, անհարկի եւ անհամաչափ ուժի կիրառում, վատ վերաբերմունք եւ խոշտանգում եւ այլն) պետք է Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) կողմից քրգործի հարուցման հիմք հանդիսանան։ Իսկ ՀՔԾ-ի եւ Քննչական կոմիտեի կողմից հարուցված քրգործերի քննության նկատմամբ դատախազությունն իր հերթին պետք է վերահսկողություն իրականացնի (քննության ընթացքում ապօրինություններ, հոգեբանական եւ ֆիզիկական ճնշումներ եւ բռնություններ եւ այլն), ինչպես նաեւ հրաժարվի խորթ մեթոդներով ձեռք բերված ապացույցների հիման վրա կազմված մեղադրանքը դատարանում պաշտպանելուց։ Իսկ դատարանները, արդեն որպես արդարադատության վերջնական ատյան, պետք է գնահատական տան վերոնշյալ ողջ շղթայի գործունեությանը եւ եթե քրգործի քննությունը, մեղադրանք հարուցելու պահից սկսած մինչեւ դատարան հասնելն իրականացվել է վերոնշյալ խախտումներով եւ նույն գերատեսչություններն իրենց օրենքով սահմանված գործառույթները կատարելու փոխարեն, «ախպերաբար» մեկը մյուսի գործն է շարունակել, ապա, թեկուզ «իր ներքին համոզվածությանը» ամբաստանյալի մեղավորության վերաբերյալ, դատարանը պետք է արդարացման որոշում կայացնի, որին էլ պետք է հետեւի գործի քննությունն ապօրինի մեթոդներով իրականացրած իրավապահների պատասխանատվության հարցը։ Հարց Հայաստանի դատաիրավական համակարգի բոլոր պաշտոնյաներին, փաստաբաններին, իրավապաշտպաններին, լրագրողներին.

-Քանի՞ նման քրգործերի դեպքեր եք մտաբերում։

Հավանաբար, ընդամենը մի քանի՝ անկախ Հայաստանի ողջ պատմության մեջ։ Ինքս հիշեցի հայտնի «Մատաղիսի» գործը, այն էլ արդարադատությունը գործեց մասնակի, միայն վերջին ատյանի՝ Վճռաբեկ դատարանի կողմից, առանց խոշտանգումներով «ցուցմունքներ» կորզած իրավապահ համակարգի պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու։ Իսկ սույն գործով մեղադրանք հարուցող, ծեծող-ջարդող, խոշտանգող գերատեսչության այն ժամանակվա ղեկավար Գագիկ Ջհանգիրյանն այժմ մեր ժամանակների «օրվա հերոսն» է, հեռուստաընկերությունների ցանկալի հյուրը, իրավական պետության ջատագով, սահմանադրական կարգի խոշոր մասնագետ։

Կարծում եմ՝ խնդիրը եւ օրենսդրական է, եւ հոգեբանական։ Օրենսդրական ասելով նկատի ունենանք, թե տվյալ կառույցները ում են ենթարկվում եւ որ մարմինն է դրանց ղեկավարներին նշանակում եւ ազատում, ոչ թե «գործում են ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով»։ Հիշեցման կարգով. ՀՀ ոստիկանական ծառայությունն ու ԱԱԾ-ն օրենքով գործում են որպես վարչապետին կից կառույցներ, եւ կատարում են վերջինիս ցուցումները եւ հաշվետու են նրան, ՀՔԾ-ն եւ Քննչական կոմիտեն օրենքով համարվում են կառավարությանն առընթեր կառույցներ (նույնն է, ինչ վարչապետին կից) եւ նույնպես կատարում են վարչապետի, ներեցեք, կառավարության հանձնարարականներն ու հաշվետու են նրան։ Իհարկե, առկա է նաեւ հոգեբանական գործոնը։ Հիշում եմ տարիներ առաջ այս հարցերի շուրջ քննարկման ժամանակ, որպես քննչական մարմինների կաշկանդվածության գործոն, հիշեցի դրանց ղեկավարների նշանակման, հեռացման նախագահի լիազորությունը (այժմ՝ վարչապետի)։ Քննարկմանը ներկա ՀՔԾ-ի աշխատակիցն անկեղծ զարմացավ՝ «Բայց չէ՞ որ նախագահի կողմից նշանակումը առավել հեղինակավոր է ծառայության համար»։

ՀՀ Գլխավոր դատախազը ձեւականորեն մեծամասնության թեկնածուն է, իրականում՝ երկրի ղեկավարի, եւ մինչեւ առաջադրվելը, համոզված եմ, որ թեկնածուն «հավատարմության երդում» է տալիս նրան, իսկ խորհրդարանում խոսում իրավունքի եւ օրենքի գերակայության մասին։ Իսկ իշխանափոխության դեպքում իր ամբողջ հոգով եւ մարմնով զգում փոփոխությունների ալիքը եւ նույն փութաջանությամբ ծառայում նորերին։ Եվ այս բոլոր գերատեսչությունների ղեկավարները մասնակցում են կառավարության նիստերին, իհարկե, պահպանելով իրենց «անկախությունը»։

Մնաց շղթայի վերջին օղակը՝ դատարանները։ Իհարկե, նրանց գերակշիռ մեծամասնությունը նույնպես մինչ նշանակվելը անցել է համապատասխան «հավատարմության» թեստը, բայց նշանակվելուց հետո դատավորներն ունեն որոշակի անկախության երաշխիքներ։ Սակայն, հատուկենտ արդարադատություն իրականացնել փորձող դատավորներն ինչպես պետք է դիմագրավեն ամենակարող գործադիր եւ նրան ենթակա իրավապահ համակարգին։ Ավելի լավ չէ՞ «շառից, փորձանքից հեռու»։
Եվ որքան էլ հռչակենք եւ նշենք «Քաղաքացու օր», արդյոք հենց նույն դատաիրավական համակարգի աշխատողներն, անկախ անձից, երկրի ղեկավարի հպատակնե՞րը չեն։

Վերադառնանք հոդվածի սկզբին։ Չե՞ք կարծում, որ իրավապահ մարմինների հոբելյանները յուրատեսակ բացահայտիչ են վերոնշյալ փոխկապակցության շղթայի։ Ցանկացած հոբելյանական արարողության, դիցուք՝ Դատախազության, ներկա են լինում ոստիկանության, ԱԱԾ, ՀՔԾ, ՔԿ, նաեւ արդարադատության նախարարության ղեկավարները, վերջին անգամ կարծեմ նաեւ Վերաքննիչ, թե Վճռաբեկ դատարանի ներկայացուցիչը։ Եվ այս բոլոր ղեկավարները պարգեւատրում են հյուրընկալող գերատեսչության «լավագույն» պաշտոնյաներին, վերջին անգամ նաեւ ՀՀ ԱԺ նախագահը նույնպես մասնակցեց պարգեւատրմանը։ Ահա եւ ձեզ իշխանությունների տարանջատման եւ հակակշիռների սկզբունքները։ Կարծում եմ, որ սա նախ մեր իրականությունն է. «Մենք բոլորս միասին ենք, մեր միջեւ որեւէ հակասություն չկա կամ Мы с тобой одной крови, ты и я…», ինչպես նաեւ մեզ, երեկվա դեռեւս անորոշության մեջ գտնվող, այսօրվա «հպարտ քաղաքացիներիս» ուժի ցուցադրման ուղերձ, ներեցեք՝ «մեսիջ»։

Եվ անկախության բոլոր տարիների ընթացքում երկրի ղեկավարը (նախագահ թե վարչապետ) ներկա է լինում, իրենից «անկախ», միայն օրենքով առաջնորդվող կառույցների հոբելյաններին, որոշակի քննադատական խոսքեր ասում մինչ իր իշխանության շրջանի նրանց գործողություններին եւ դրվատանքի խոսք ասում իր իշխանության տարիներին նրանց կատարած աշխատանքին, մաղթելով էլ ավելի եռանդուն նվիրվածություն…, ներեցեք՝ աշխատանք, իհարկե՝ խոսելով օրենքի առաջ բոլորի հավասարության մասին: Եվ այս համատեքստում է նաեւ այդ նույն՝ իրեն հպատակ համակարգի աշխատողներին երկրի ղեկավարի (երեկ նախագահը, այսօր՝ վարչապետը, այո՝ վարչապետը) կողմից կոչումներ, շքանշաններ եւ մեդալներ շնորհելը։

…Երեկ Սերժ Սարգսյանը, այսօր Նիկոլ Փաշինյանը, վաղը…

Վերջաբանի փոխարեն

2002թ. երբ եթերազրկվեց «Ա1+» հեռուստաալիքը, ստեղծվեց «Ա1+»-ի աջակցման հասարակական խորհուրդ, հետեւյալ կազմով՝ Արամ Աբրահամյան, Մեսրոպ Մովսեսյան, Էդիկ Բաղդասարյան, Նիկոլ Փաշինյան, Վարդան Հարությունյան, Տիգրան Տեր-Եսայան եւ տողերիս հեղինակ՝ Ավետիք Իշխանյան։ 2004թ. մարտի վերջին խորհուրդը նախատեսում էր «Ա1+»-ի փակման երկրորդ տարելիցի կապակցությամբ բողոքի երթ անցկացնել Մաշտոցի պողոտայով։ Երեւանի Կենտրոնի նորանշանակ ոստիկանության պետ Հովհաննես Թամամյանը խորհրդի անդամներին հրավիրեց բանակցությունների՝ համոզելու, որ երթն անցկացնենք մայթերով։ Բանակցություններն ընթացան շատ բուռն բանավեճով։ Ամենաարմատական բանավիճողը Նիկոլ Փաշինյանն էր։ Այլեւս իրավական փաստարկներ չունենալով` Թամամյանն ասաց մոտավորապես հետեւյալը.

-Հարգելիներս, ի՞նչ եք ինձնից պահանջում։ Հասկացեք, ես միլիցիա եմ, կոմունիստների ժամանակ ծառայել եմ կոմունիստներին, ՀՀՇ- ի ժամանակ էլ ՀՀՇ-ին՝ Վանոյի ցավը տանեմ, հիմա էս իշխանությանն եմ ծառայում, դուք եկեք իշխանության՝ ձեզ ծառայեմ։

ԱՎԵՏԻՔ ԻՇԽԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

10.07.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031